Հայերեն   English   Русский  

Որքա՞ն պարգևավճար կստանան կերակրողին կորցրած զոհված զինծառայողների ընտանիքները


  
դիտումներ: 751

Պետությունը սոցիալական երաշխիքներ է տալիս թե՛ վերջին իրադարձությունների, թե՛դրանից առաջ զոհված կամ հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողների ընտանիքներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Զոհված զինծառայողների ընտանիքներին կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ: Ընդ որում` զինծառայողի 18 տարին չլրացած երեխաները կամ ուսանող երեխաները՝ ցերեկային առկա ուսուցմամբ սովորող երեխաները մինչև 23 տարին լրանալը, ինչպես նաև ` զոհվելու դրությամբ աշխատանքային կենսաթոշակի իրավունքով տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողները և ամուսինը ունեն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք:

«Միաժամանակ, ի լրումն զինվորական կենսաթոշակի զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվում և վճարվում է նաև պարգևավճարներ: Ի լրումն զինվորական կենսաթոշակի՝ յուրաքանչյուր երեխային վճարվում է 16 հազար դրամ պարգևավճար, իսկ ընտանիքի այլ անդամը՝ հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, 13 հազար դրամի պարգևավճար: Աշխատանքային կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամը ստանում է 31 հազար դրամ պարգևավճար և ևս 30 հազար դրամ, որ տրվում է ընտանիքի բոլոր անդամներին տրվում է հավելում յուրաքանչյուր երեխայի համար մինչև 18 տարին լրանալը 20 հազար դրամ»,- տեղեկացրեց Սմբատ Սաիյանը:

Նա բացատրեց այդ գործընթացը օրինակով. եթե զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի և կին, ով խնամում է այդ երեխաներին, ապա սպայական կազմի զինծառայողի պարագայում այդ գումարը կկազմի մոտ 250 հազար դրամ, իսկ սպայականից բացի, պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում կկազմի մոտ 200 հազար դրամ ամսական:

Պաշտոնյան մանրամասնեց, որ նշված պարգևավճարներն ունեն իրենց ժամկետայնությունը. Օրինակ, երեխաներն այդ գումարը կստանան մինչև 18 տարին լրանալը, ցերեկային առկա ուսուցմամբ սովորողները ՝ 23 տարին լրանալը, կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած ծնողները, ամուսինը կամ հաշմանդամ ճանաչված ծնողները և ամուսինը ցմահ կամ հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Եթե զոհված զինծառայողի կինը չի աշխատում և խնամում է երեխաներին, ապա նա կստանա 30 հազար դրամ կենսաթոշակ:

Ինչ վերաբերում է զոհված պարտադիր ժամկետային զինծառայողներին, ապա այս դեպքում հաշվարկը փոքր-ինչ այլ է, քանի որ նրանց պարագայում հավանականությունը ցածր է, որ երեխաներ կունենան և պարգևավճարները հաշվարկվում են ծնողներին: Յուրաքանչյուր ծնող, ով կստանա կենսաթոշակ կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի կստանա նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ, և ևս 30 հազար դրամ կվճարվի ընտանիքին, այսինքն` ծնողները կստանան շուրջ 90 հազար դրամ զոհվածի գծով և միջինը 41 հազար դրամ կլինի յուրաքանչյուրի կենսաթոշակի չափը:

Եթե զոհված զինծառայողի ծնողները կենսաթոշակային տարիքի չեն, նրանք նշված երաշխիքներից չեն օգտվի, բայց անկախ կենսաթոշակային տարիքից ընտանիքին կվճարվի 30 հազար դրամ պարգևավճար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: