Հայերեն   English   Русский  

​Բռնցքամարտիկների սխրանքը թուրքական ռինգում


  
դիտումներ: 2811

Թուրքիայի Սամսուն քաղաքում հայ բռնցքամարտիկները գերազանց մասնակցություն ունեցան Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ նվաճելով 4 օլիմպիական ուղեգիր:
Բռնցքամարտն ավանդաբար դասվում է այն մարզաձևերի շարքը, որոնցից մենք հաղթանակների և մեդալների առումով մեծ սպասելիքներ ունենք: Սակայն մինչ Թուրքիայի վարկանիշային մրցաշարը մեր մարզիկներին ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվել օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել:
Ճակատագրի հեգնանքով օլիմպիական վարկանիշային վերջին երկու մրցաշարերից մեկն անցկացվում էր Թուրքիայում, մյուսն անցկացվելու է Բաքվում: Ուստի կարելի էր ենթադրել, որ մեր մարզիկներին դժվարին փորձություն է սպասում Թուրքիայում, քանի որ սա հայ բռնցքամարտիկների համար օլիմպիական ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունն էր: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել Բաքվի մրցաշարին:
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և կանանց ՀՀ ընտրանու ավագ մարզիչ Հարություն Նազարյանի ղեկավարությամբ ստուգատեսում հանդես եկած 10 մարզիկները, գերազանցելով բոլոր սպասելիքները, մարզական իսկական հրաշքներ գործեցին:
Թուրքական ռինգում տղամարդկանց մրցաշարում խաղարկվող 30 օլիմպիական ուղեգրերից հայ բռնցքմարտիկները կարողացան տիրանալ 4-ին:
Տղամարդկանց մրցաշարում օլիմպիական ուղեգրի էին արժանանում յուրաքանչուր քաշային կարգում 1-3-րդ տեղերը զբաղեցնող բռնցքամարտիկները:
Սամսունում հայ բռնցքամարտիկներից օլիմպիական ուղեգիր նվաճեցին 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որոնք պարտվել էին եզրափակչում, երրորդ տեղը գրաված 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Արամ Ավագյանը եզրափակչում հանդես գալու հնարավորություն չունեցավ անարդար մրցավարության պատճառով: Ադրբեջանցու հետ մենամարտի ժամանակ մրցավարներն Արամ Ավագյանից անհիմն միավորներ հանեցին, որոնք հետ բերել հնարավոր չեղավ: Սակայն հայազգի բռնցքմարտիկը կամային բարձր հատկանիշներ դրսևորեց և հաղթեց ուկրաինացի մարզիկին երրորդ տեղի համար պայքարում: Նշենք նաև, որ անարդար մրցավարության պատճառով օլիմպիական ուղեգիր նվաճել չհաջողվեց տաղանդավոր և հեռանկարային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին:
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է իր ուրախությունը տղաների հաջող ելույթների առիթով: Նրան ոգևորել է հատկապես այն, որ հայ բռնցքամարտիկները հենց Թուրքիայում կարողացան հաջողության հասնել և օլիմպիական ուղեգրեր նվաճել: Կարեն Աղամալյանը նշել է, որ սա լավ խթան է, որ վերադառնա հաղթելու ոգին և հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայի վարկանիշային մրցաշարում գործնականում օրակարգից հանեցին Բաքու մեկնելու հարցը: Սա փայլուն նվաճում է, որը վկայում է Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի (նախագահ Արթուր Գևորգյան), մարզիչների ու բռնցքամարտիկների նպատակասլաց, արդյունավետ ու անձնվեր աշխատանքի մասին:
Հուսանք, որ Ռիո 2016-ում հայ բռնցքամարտիկները կշարունակեն իրենց հաջող ելույթները և կնվաճեն նաև այնքան սպասված ու բաղձալի օլիմպիական մեդալներ:
Անժելա Բեգլարյան




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: