Հայերեն   English   Русский  

Հաջողությունները միայն ֆինանսական ներդրումներով չեն ապահովվում


  
դիտումներ: 1415

Շվեդահայ ընտանեկան բժիշկ Հենրիկ Շահնազարյանը 1980-ականներին է սովորել Երևանի պետական բժշկական համալսարանում։ Նա իր կյանքի լավագույն տարիները համարում է Հայաստանում անցկացրած այդ յոթ տարիները։ Ուսանելու ընթացքում շարունակել է ընկերությունը դեռ ծննդավայրից ծանոթ իրանահայ Ռաֆիկ Բորոյանի հետ։ Հանգամանքների բերումով բուհն ավարտելուց հետո Ռաֆիկը ևս տեղափոխվել է Շվեդիա։

«1992-ից Շվեդիայի առողջապահության համակարգն օպտիմալացվում էր, ինչի արդյունքում կարևորվում էր ընտանեկան բժշկի ինստիտուտը։ Հենց դա էր պատճառը, որ ընտրեցինք այդ մասնագիտությունը։ Իսկ դրա համար Շվեդիայում անհարժեշտ էր ևս 5 տարի ուսանել ու միաժամանակ աշխատել»,-առողջապահության նախարարությունում այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասացին երկարամյա, փորձառու ընտանեկան բժիշկները։

Նրանք ներկայացրեցին 2000թ.-ից ի վեր Հայաստանի մարզերում և Երևանում ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Մինչև 2006թ. այս աշխատանքները մասնակի ֆինանսավորվել են Ստրոմբերգների ընտանիքի կողմից։ Այնուհետև ծրագիրը շարունակվել է հայազգի բժիշկների ֆինանսավորմամբ:
Ամեն տարի այցելելով Հայաստան, նրանք իրենց ձեռք բերած գիտելիքները, փորձը և մասնագիտական հմտությունները հաղորդում են Հայաստանի բժիշկներին։ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, տարբեր մարզերի բժշկական ամբուլատորիաներում և Արցախում դասախոսություններ, գործնական պարապմունիքներ ու հիվանդների խորհրդատվություններ են անցկացնում։
«Երբեմն թվում է, թե ամեն բան ֆինանսական ներդրումներով է պայմանավորված։ Բայց, իրականում, հնարավոր է շատ ավելի լավ արդյունքներ ապահովել ճիշտ կազմակերպելով»,-ասաց Ռաֆիկ Բորոյանը։
Հայազգի բժիշկները գտնում են, որ ընտանեկան բժշկության ինստիտուտի հիմքը Հայաստանում և Շվեդիայում նույնն է։ Նաև վստահեցնում են, որ վերջին տարիներին առողջապահության այս ոլորտը Հայաստանում թռիչքային վերելք է ապրել։
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս օրերին անցկացված ընտանեկան բժշկության միջազգային գիտաժողովում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից եկած ճանաչված մասնագետների հետ գիտական զեկուցումներ ունեցան նաև Հայաստանի մասնագետները։ Շատ լուրջ ձեռքբերում է, երբ հայաստանցի երիտասարդ մասնագետը համացանցի շնորհիվ ծանոթ է աշխարհում կատարվող զարգացումներին»։
Հենրիկ Շահնազարյանը և Ռաֆիկ Բորոյանը սեպտեմբերի 29-30-ին Տավուշի մարզի Մովսես համայնքում էին։ Նրանք տպավորված են նաև գյուղական մակարդակում այս ինստիտուտի հաջողություններով։ Համայնքի և շրջակա գյուղերի բնակչության համար կազմակերպված բաց դռների օրերին համոզվել են, որ փոխվել են նաև բնակչության մոտեցումները։ Մարդիկ հիմա սկսել են ավելի կարևորել իրենց առողջությունն ու ժամանակին դիմել բժշկի:
Վերջին երկու տարիներին շվեդահայ բժիշկները բարեգործական իրենց գործունեությունը ծավալում են հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հետ երկար տարիներ համագործակցելու, նվիրված աշխատանքի, բժշկական կադրերի պատրաստման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հենրիկ Շահնազարյանը և Ռաֆիկ Բորոյանը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պարգևատրվել են պատվոգրով: Պատվոգրերը նրանց հանձնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
Շվեդիայի Ուպսալա քաղաքում աշխատող վաղեմի ընկերներ Հենրիկ Շահնազարյանը և Ռաֆիկ Բորոյանը վստահեցրին, որ շարունակելու են համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության հետ` իրենց նպաստը բերելով Հայաստանի բնակչության առողջության պահպանման գործին։




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: