Հայերեն   English   Русский  

Նույն երկրի նույն ժամանակվա տարբեր ռեալություններ. Հրանուշ Խառատյան


  
դիտումներ: 594

Խոսակցություն բանակում՝

-Տղերք, չենք նահանջում, չենք զոհվում...

-Փամփուշտները վերջացան, բայց դեռ ինը հատ նռնակ կա...

-Գնդակահարելու եմ էդ շան տղուն, ու՞ր ա սալյարկեն...

-Ա՜խ, ոտքս, ոտքս... Միհրանին հասեք, մենակ ա մնացել...

Խոսակցություն սահմանամերձ գյուղում

-Էսօր Արամին դպրոց չեմ ուղարկելու: Ամբողջ գիշեր կրակոցներ էին, համ էլ թող հետս գա կարտոշկեն ցանելու...

Խոսակցություն՝ ԱԺում

-Երրորդ ընթեցմամբ օրակարգում է ՎՏԲ բանկին պատկանող «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին

-Էս ի՞նչ կպել են կպել մեր Նաղդալյանին...

-Կողմնակի խոսակցություները թողնել, երկրորդ ընթերցմամբ օրակարգում է «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

-Նաղդալյանն արդեն պատասխանել է..

-Երկրոդ ընթեցմամբ օրակարգում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին

-(ձայն)-պատերազմի զոհերի ընտնաիքների կարիքների...

-(պատասխան ամբիոնից)-Կողմնակի խոսակցությունները թողնել, պատերազմը ձեր գործը չէ, երկրորդ ընթերցանմ օրակարգում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին...

Խոսակցություն Գյումրիում

Արա, դե ճիշտ կըսե, էլի, ՛՛Տանկի ակումլյատորներն ո՞վ ծախեց կերավ՝ Հովիկ Աբրահամյանը, БМП-ների մեջ որ սալյարկի փոխարեն ջուր էր, ո՞ւմ շնորհքն է՝ Հովիկ Աբրահամյան: Գումարտակի, գնդի մեջի խոզերն օր ման գուկան, ո՞ւմ խոզերն են՝ կամանդիրի՛՛... Չէ, սրանց փոխվել չկա...

Խոսակցություն ՀՀ կառավարությունում

-Նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին ՀՀ ԱԺ բերած օրենիք նախագծին անհնար հավանություն տալ: Պատերազմի մեջ ենք, չեք հասկանու՞մ: ԱԺն լավ կանի՝ ՎՏԲի Հրազդան Ցեմանտի արտոնությունները հաստատի, ի՞նչ մի քաղաքացիների ժամանակ է գտել...Տարին ծանր է, մենք արտոնությունների մի քանի նախագիծ ունենք, քաղաքացիները կսպասեն...

Խոսակցություն՝ ՀՀ կառավարության շենքի մոտ

-(Զայրացած կին) Տունս առել եք՝ ուրիշի եք տվել, անտուն... Ընտանիքիս հինգ անդամները ՀՀԿ են, բա էլ ինչի՞ համար եմ էս վիճակում: Ինչ պատգամով ու օլիգարխ կա՝ մեր տներում են, առե՛ք, առե՛ք ձեր ՀՀԿի տոմսերը (գետին է նետում ՀՀԿ անդամության տոմսերը)

Խոսակցություն Երևանի ռեստորանում

-Իսպանիայի քաղաքներից մեկն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

-Արա, դե արի, է, ցեղասպանությունը չի փախչի

Խոսակցություն Երևանի սրճարանում

-Իսպանիայի Կարկախենտ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սա արդեն 15-ր քաղաքն է

-Պատկերացնու՞մ ես՝ Հայաստանում Իջևանը ճանաչի Ռուանդայի ցեղասպանությունը: Իջևանը իսկի իրեն կպած անտառների ջարդի մասին չի կարող որոշում ընդունել: Դեռ ու՜ր ենք...

Խոսակցություն տանի

-(մայրը)Չէ՛ս գնալու, ինձ կթաղես՝ նոր կգնաս...Ղարաբաղը մենակ քոնը չի...

-(որդին) Մամ ջան, եթե չգնամ՝ ես էլ ամոթից կմեռնեմ: Տղերքով բոլորով ենք...

Խոսակցություն մեկ այլ տանը

-(հայրը) Արդեն հավաքվե՞լ ես: Շուտ արա, դուրս ենք գալիս...Ե՛ս ձեր...մատի փաթաթան են սարքել՝ հարուստի տղա, հարուստի տղա...Շան լակոտներ, չեն էլ ամաչում, կարող էիք՝ դուք՛ հարստանայիք...Պետք ա՞ ինձ ձեր Մատաղիսը...

-(որդին) Հա, պապ ջան, եկա: Մի հինգ տարի էլ ինձ չեք տեսնի...

-(հայրը) Արի, արի, քիչ խոսա, քեզ էլ էդպես մի բան էր պետք..





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: