Հայերեն   English   Русский  

​Իրական հայրենասերը ո՛չ հայրենիքին տվածն է կշռում, ո՛չ էլ հայրենիքից ստացածը. ազատամարտիկ


  
դիտումներ: 4253

«Երբ ինձ հարցնում են` ինչու ես կռվել, ասում եմ` հայրենիքիս արժանապատվության սահմանները մեծացնելու համար: Արժանապատիվ հայրենիքում ապրելն արդեն իսկ արժանապատիվ ապրել է: Դու չես կարող արժանապատիվ ապրել, եթե քո երկիրը արժանապատիվ չէ: Արցախյան երկու պատերազմն էլ ավելացրին հայության արժանապատվության զգացումը»,- ասում է արցախյան ազատամարտի մասնակից Հակոբ Ասլանյանը: Ապրիլյան պատերազմի օրերին էլ նա իր ծառայակից ընկերների հետ առաջնագիծ շտապեց, և միայն մի քանի օր առաջ է Երևան վերադարձել` հանձնելով մարտական հերթափոխը:

62-ամյա Ասլանյանը մասնագիտությամբ պատմաբան է, ուսուցիչ, ներկայումս դասավանդում է «Գլոբալ Բրիջ» ավագ դպրոցում: Նա բազմաթիվ մեդալների ու պարգևների է արժանացել` «Գարեգին Նժդեհ» «Դրաստամատ Կանայան», «Զինվոր հայրենյաց», «Մայրական երախտագիտություն արցախի քաջորդիներին», «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան»: Սակայն իր պարգևներից ամենաթանկը համարում է «Կրթության երախտավոր» մեդալը, որին արժանացել է 2012-ին կրթական գործունեության 30-ամյակի առթիվ: Նա կյանքում առաջնորդվում է «Իրական հայրենասերը ո՛չ հայրենիքին տվածն է կշռում, ո՛չ էլ հայրենիքից ստացածը» և «Իրական հայրենասիրությունը ոչ թե կեցվածք է, այլ կեցություն» կարգախոսներով:

Ասում է, որ դեռ մանկուց անհնազանդ ու պրպտող էր: 7 տարեկան էր, երբ Ջանֆիդա գյուղի իր հասակակիցներին համոզել ու միասին դեպի սահման են գնացել` կորուսյալ հայրենիքը տեսնելու: 1987-ին, երբ դեռ Արցախի և Հայաստանի միացման մասին քչերն էին խոսում, Ասլանյանը ստորագրությամբ միացել է նման պահանջագրի:

Շարժման տարիներին եղել է Արաբկիրի տարածքային «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը, 1990-ականներին մերժել է կուսակցական դառնալու բոլոր առաջարկները: Հիշում է, որ պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, նույն ընտրատարածքում նաև ՀՀՇ-ն էր թեկնածու առաջադրել: «ՀՀՇ-ն նույն տեղամասում մի ախմախի էր առաջադրել: Արշակ Սադոյանին ասացի` Արշակ, չէ՞ որ ես առաջադրված եմ, ասաց՝ դու ՀՀՇ-ից չես, թող ՀՀՇ լինի, պոլի փեդ լինի: Էդպես դրեցին էս երկրի կործանման հիմքը»,- ասում է Ասլանյանը:

1994-ին Ասլանյանը զինվորագրվում է ու ռազմաճակատ մեկնում որպես Նոր Նորքի 2-րդ վաշտի փոխհրամանատար: Նրա վաշտի մասնակցությամբ ազատագրվում է Մարտակերտի շրջանի 4 գյուղ: Իսկ 1994-ի մայիսի 3-ին Կարմիրավան գյուղի մոտ նրանց 18 հոգանոց ջոկատը 4 ժամ 7 րոպե կռիվ է մղում թուրքական 250 հոգանոց զորաջոկատի դեմ ու հաղթում: «Մենք տվեցինք մեկ զոհ և երկու վիրավոր, թուրքից սատկացրինք առնվազն 43 հոգու, հետո իրենք նահանջեցին»,- հիշում է Ասլանյանը:

Հակոբ Ասլանյան

Ուսուցչի գործը թողած ու զենքը վերցրած Ասլանյանը, սակայն, անգամ ռազմաճակատում չի «դավաճանում» իր կոչմանը. հանգստի ժամերին, զենք մաքրելու ընթացքում, երբ ռազմական գործողություններ չկային, մարտական ընկերներին պատմության դասեր էր տալիս` ներկայացնելով հայոց պատմության նրանց հետաքրքրող ժամանակահատվածը:

Ասում է, որ զինվորներն էլ հետաքրքրված էին` ամեն ոք ուզում էր իմանալ, թե հանուն ինչի է իր կյանքը վտանգում: Հիշում է, որ իր դիրքը կոչում էին «դասախոսական պոստ», քանի որ հանգստի ժամին բոլորն այդտեղ էին հավաքվում` հերթական «դասախոսությունը» լսելու:

«Յուրաքանչյուր մարդ, մինչև ռեալ իր պատմությունը չիմանա, չի կարող սիրել հայրենիքը: Ինչ-որ մի բան սիրելու համար պիտի ճանաչես, ճանաչելուց հետո պիտի գնահատես: Այդ գնահատանքի համեմատ էլ սեր ես տածում»,- ասում է Ասլանյանը: Նա վստահ է` հայոց պատմություն չիմացող անձն էլ կարող է կռվել Հայաստանի համար, բայց հետո այն թալանելու նպատակով, ինչպես շատերը վարվեցին:

Հիշում է, թե ինչպես է մի անգամ մի բարձր պաշտոնյայի դեմքին ճշմարտությունը շպրտել: «Ասացի՝ դուք նման եք այն մարդուն, որը տեսել է, որ իր ծնողին թուրքը ծեծում է, նրանց պաշտպանելու համար ինքն է ծեծել թուրքին, բայց հետո թուրքի ձեռքից փրկած ծնողին ինքն է սկսել ծեծել: Ինչո՞ւ էր թուրքը գալիս մեր երկիրը, որպեսզի թալաներ: Մենք չթողեցինք, բայց փոխարենը մենք սկսեցինք թալանել, այդ դեպքում ինչո՞վ ենք տարբերվում թուրքից: Նա, ով հայրենիքի հաշվին հարստանում է՝ թուրքից վատ է»,- ասում է նա:

Ասում է, որ մարտի դաշտում հաճախ իրեն հարցնում էին` «պաշտոնավորների լամուկներից ինչու չկան մեր մեջ»: Ի պատասխան միշտ ասել ու ասում է, որ հայրենասիրությունը պարտադրված չէ:

«Եթե նրանք հայրենասեր չեն, չի նշանակում, որ դու չպիտի լինես այդպիսին, դու սրտիդ լսիր, ուզում ես հայրենիքիդ համար մի բան անել՝ արա, մի նայիր կողքինիդ: Իսկ եթե նայում ես, փորձիր չհամեմատվել քեզնից վատի հետ, քանի որ այդպես լավը կերևաս, իսկ դա ինքնախաբկանք է, դու համեմատվիր քեզնից ուժեղի ու քեզնից առաջ գտնվողների հետ, որ կարողանաս հասկանալ քո ուժը»,- ասում է Ասլանյանը` հավելելով, որ կարևորը ինչքան ապրելը չէ, այլ ինչպես ապրելը:

Երբ ապրիլի լույս 2-ի գիշերը թշնամին նորից հարձակվում է Արցախի վրա, Մահապարտների միության անդամները, որի կազմում էր նաև Ասլանյանը, մեկ մարդու պես հավաքվում ու սահման են մեկնում: Պատմում է, որ իրենց խմբի ամենաերիտասարդ անդամը 35 տարեկան էր, ամենատարեցը` 78 տարեկան, միջին տարիքն էլ՝ մոտ 58: Ասում է, երբ տեղ են հասել, զինծառայողները զարմացած նայել են, թե ինչ պիտի կարողանան անել այդ պապիկները: Բայց երիտասարդ զինծառայողների տարակուսանքը ոգևորությամբ է փոխարինվում, երբ սպորտային միջոցառման ժամանակ «պապիկները» աներևակայելի հնարքներ են անում ու գաղտնիքները սովորեցնում նաև երիտասարդներին:

«Տղաներից մեկն ասաց` մենք էլ ի՞նչ մտածելու բան ունենք, որ ձեզ նման պապիկները մեր կողքին են»,- հիշում է Ասլանյանը:

Խոսելով զինվորների մարտական ոգու մասին` ասում է, որ այն շատ բարձր է, ու դա նաև Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ է:

«Եթե այսօրվա 18 տարեկանները 90-ականների մեր փառապանծ հաղթանակի նախադեպը չունենային, այսօր այսպես չէին կռվի: Մենք էինք, որ երկմտելով էինք կռվում, քանի որ մեր ականջներում հնչում էր մեր տատիկների խոսքերը` ամա՜ն, թուրքի դեմ կռվել կլինի՞»,- ասում է նա և հավելում, որ Ղարաբաղյան պատերազմը ստերոտիպեր է փոխել: Նախ՝ աշխարհին ցույց տվեցինք, որ էլ խնդրողի կարգավիճակում չենք, մենք կարող ենք մեզ պաշտպանել, բացի այդ, կոտրվեց նաև ներքին կարծրատիպը, հասկացանք, որ թուրքի դեմ էլ կարելի է կռվել ու հաղթել:

Հակոբ Ասլանյան

Խոսելով թեժ մարտերի ընթացքում թիկունքի վարքի մասին` Ասլանյանն ասում է, որ նման միասնականությունն իր՝ պատմաբանի համար զարմանալի չէր. «Որովհետև գիտեմ մի բան` մենք՝ հայերս, պատմության մեջ, ի տարբերություն մյուս ժողովուրդների, գոյատևել ենք այն բանի շնորհիվ, որ կրիտիկական պահերին միասնականությունը հասել է գագաթնակետին ու ոգին դարձել է անկոտրում»: Նա վստահ է, որ մենք կարողացել ու կարողանում ենք հաղթել մեզանից թվաքանակով ու սպառազինությամբ գերազանցող թշնամուն շնորհիվ հայի աննկուն մարտական ոգու:

Իսկ պետական մակարդակով ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին խոսելիս հիշեցնում է հանրահայտ խոսքերը` իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է: Ասում է, որ հարմար ժամանակ է, որպեսզի պետական մակարդակով քայլեր ձեռնարկվեն աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական փոքրամասնություններին հավաքելու, ուժեղացնելու, նրանց հետ աշխատանքներ տանելու համար` այդպիսով աստիճանաբար քայքայելով Ադրբեջանը: Իսկ բանակաշինության առումով Ասլանյանը հնչեցնում է նույն առաջարկը, ինչը դեռ 94-ին այն ժամանակվա իշխանություններին է ներկայացրել. հարկավոր է վերածվել ազգ-բանակի` Շվեյցարիայի օրինակով:

Ասլանյանը նաև վստահ է` նա, ով բանակի հաշվին թեկուզ մեկ կոպեկով հարստացել է՝ պետք է պատասխան տա: «Չի կարելի մի երկրում, որը շրջապատված է բացահայտ ու թաքնված թշնամիներով, բանակից թեկուզ մեկ կոպեկ ուտել: Այդ ուտողները հարստություն չէ, որ ուտում են, այլ երիտասարդ տղաների կյանքը, այն երիտասարդների, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ է: Կգնդակահարեի բոլոր նրանց, ովքեր բանակի հաշվին հարստացել են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: