Հայերեն   English   Русский  

Հայ ժողովրդի աստեղային ժամը. Շուշի գնացող տղերքը տուն էին գնում


  
դիտումներ: 11843

Մարդկության պատմության մեջ լինում են պահեր, երբ ի հայտ են գալիս ժողովրդի իմաստնությունն ու գերբնական ուժը: Նմանօրինակ պահերը կոչվում են աստեղային ժամեր:Մեր ժողովրդի կյանքում դրանցից են Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտերը, իսկ այսօր`արցախյան գոյամարտն ու նրա դափնեպսակը համարվող Շուշիի ազատագրումը, որն այսօր 24 տարեկան է:

Հաղթանակների ամիս մայիս

Իրողություն, որ հայոց պատմության էջերում դրոշմվեց ընդամենը չորս տառով` ՇՈՒՇԻ…

Հայոց հինավուրց այս բերդաքաղաքը շատ բարդ ու ողբերգական ճակատագրով է ապրել: Վերջին ողբերգությունը 1920 թ. մարտին էր, երբ թուրք զորապետներ Նուրինն ու Խալիլը հրո ճարակ դարձրին «Փոքրիկ Փարիզ» անունը կրող հայոց գեղեցկազարդ թաղամասը: Մազապուրծ եղած հայ բնակչության մյուս մասն էլ այստեղից ստիպված հեռացավ 1989-90 թթ. ազերիների հերթական բարբարոսությունների ժամանակ:

Եվ գիտակցելով, որ Շուշին է վճռելու հայոց նորօրյա ազատամարտի ելքը, հիշելով Դրոյի «Ով տիրում է Շուշիին,նա էլ տիրում է Ղարաբաղին» իմաստուն խոսքը, ողջ արցախահայության ուշադրությունը գամվեց այդ բարձունքին, որտեղից գրեթե ամեն օր հրետակոծվում էր Ստեփանակերտը: Ու կյանքն այստեղ նկուղ էր տեղափոխվել այնքան ժամանակ, քանի դեռ չէր ազատագրվել հնամենի բերդաքաղաքը:

Թշնամու կրակակետերը վերացնելու մասին ԼՂՀ պաշտպանության կոմիտեի խորհրդի նիստի որոշմամբ` մայիսի 3-ին նշանակվում է ինքնապաշտպանական ուժերի հարձակումը Շուշիի վրա, սակայն բնության չար խաղը` տեղացած ձյունը մի քանի օրով հետաձգեց օպերացիան: Իսկ արդեն մայիսի 7-ից շուրջ 80 ինքնապաշտպանական ջոկատներ ու դասակներ գրավում են իրենց դիրքերը և սպասում «Հարսանիք լեռներում» ծածկանունով գործողությունը սկսելու հրամանի, որն էլ շատ չուշացավ: Արդեն մայիսի 8-ի գիշերվա 2.30-ին բոլոր ուղղություններով հնչեց Կոմանդոսի«Տղաներ, սկսում ենք» հրամանը: Թեև մինչ այդ մարտեր էին ընթանում «26-ի» ուղղությամբ: Իրավիճակը հանգիստ չէր նաև Ջանհասան-Քյոսալարում:

Մարտերը հիմնականում չորս ուղղությամբ ծավալվեցին: Առաջին`« 26-ի» ուղղություն, հրամանատար Վալերի Չիթչյան, երկրորդ` Շոշի ուղղություն, Արկադի Կարապետյան, երրորդ` Լաչինի հրամանատար Սամվել Բաբայան, չորրորդը Ջանհասան-Քյոսալար ուղղությունն էր, հրամանատար` Սեյրան Օհանյան: Բացի այդ, ստեղծվել էին պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության պիտի հասնեին բոլոր ուղղություններով: Արդեն լուսաբացին կենտրոնական ուղղությամբ գործող առաջին վաշտը` Աշոտ Ղուլյանի (Ասկոլկա) հրամանատարությամբ, դիրքեր բռնեց պարսպից ընդամենը 200 մետր ներքև:

Շուշիի օպերացիայի իրադարձությունները հազարապատիկ են, սակայն ուզում եմ երկու ուշագրավ դրվագի անդրադառնալ:

Շոշի Ագոն, Գրիգորը (Շերիֆ) և Վարդանը (Դուշման) որոշում են ստուգել` իրենց ընտրած ճանապարհը ականապատվա՞ծ է, թե՞ ոչ, այդ իսկ պատճառով մայիսի 2-ին հետախուզության են դուրս գալիս: Եվ իրենց հիմնական գրոհի ուղղության ձորի բերանի պահակակետը շրջանցելով` մտնում են քաղաք, հասնում մինչև տեքստիլ կոմբինատի շրջակայքը: Համոզվում են, որ տարածքը ոչ միայն ականապատված չէ, այլև վատ է հսկվում թուրքերի կողմից: Սակայն վերադարձին Ագոյի ոտքը հակաազդանշանային լարին է դիպչում: Թուրքերը միացնում են լուսարձակները, հնչում է տագնապի ազդանշան: Նրանք խուճապահար կրակում են: Մերոնց չկրակելու հրաման է տրվում: Մեկ ժամ լուռ սպասում են, մինչ թուրքերը հանգստանում են: Մտածում են, որ գուցե պատահականություն է, կամ էլ կենդանի է կպել լարին: Հաջորդ օրը քննարկման ժամանակ տղաները համոզվում են, որ դա թուրքերին անակնկալի բերելու հրաշալի ուղղություն է, ինչն էլ իրականանում է բուն օպերացիայի ժամանակ:

« Չկա չարիք, առանց բարիքի» միտքն ասես Լիսագորի ուղղության դեպքերին է բնորոշ, որը, ըստ Ժաննա Գալստյանի և Հրանտի խոստովանության, փոքր-ինչ անհաջող զարգացում ունեցավ: Առաջին դեպքն էր, որ հետախուզության վրա քիչ ուշադրություն էին դարձրել, իհարկե, ժամանակի սղության պատճառով, բայց, ինչպես ասում են, վերջը լավ լինի: Ուղեկցողները, որ մինչ օպերացիան ստուգել էին ճանապարհը, խոստացել էին, որ մեկ օրում Լիսագոր կհասնեն, բայց օպերացիայի ժամանակ միայն մեկ երրորդ մասն անցան, քանի որ իրենց հետ մեծ քանակով զենք, զինամթերք էին վերցրել, ճանապարհն էլ անչափ անանցանելի էր, ցեխոտ : Ջոկատը Լիսագոր հասնելու փոխարեն Զառիսլու հասավ: Ծայրահեղ միջոցի դիմեցին` ԴՇԿ-ով հակառակորդի զինվորներին տանող-բերող ավտոբուսը խփեցին, մի հատ էլ ԲՐԴԵՄ շարքից հանեցին, ինչն էլ, ըստ էության, վախեցրեց հակառակորդին, որ Շուշիից այդքան հեռու ԴՇԿ է աշխատել:

Այդ պահից էլ, թերևս, սկսվում է Լիսագորի և Լաչինի շրջանի խուճապն ու տարհանումը: Փաստորեն, դա կարելի է համարել ոչ այնքան անհաջողություն, որքան ռազմական խորամանկ մանևր…Հավանաբար, Աստված էլ մեր կողմն էր, քանզի գիտեր, որ եթե արդեն ռազմական պահեստի վերածված Ղազանչեցոց եկեղեցին չփրկվեր, ապա հետո կա՛մ ախոռ պիտի դառնար (մեղա քեզ Աստված), կա՛մ էլ հողին պիտի հավասարվեր: Չէ՞ որ նման օրինակներ շատ ունենք:

20 տարի առաջ ոչ միայն միջազգային փորձագետներն էին թերահավատորեն մոտենում մեր այդ հաղթանակին, այլև մեր շատ գործիչներ, մասնավորապես` հարգարժան մի գեներալ, որ պնդում էր, թե Շուշին գրավելու համար առնվազն 10 հազար զինվոր է պետք, որտեղի՞ց գտնվեր այդչափ զինուժ, երբ մեր ողջ եղածը հազիվ այդքան լիներ: Թեև գեներալն էլ մեղք չուներ, երբ պատերազմի մարտավարությունն էր դա պահանջում: Մինչդեռ այդ փառահեղ հաղթանակը մենք ունեցանք ընդամենը 2500 մարտիկով, և պատմության մեջ այն մտավ որպես ոգու հաղթանակ: «Ճիշտն ասած, հիմա էլ չեմ հասկանում, թե նրանք ինչպես թողեցին իրենց դիրքերն ու փախան: Շարունակ մտածում եմ` գուցե վախից էր, որ չդիմացան հոգեբանական ճնշմանը, որովհետև իրենք էլ չգիտեին, թե ում են պաշտպանում»,- կարդում ենք Աշոտ Ղուլյանի հուշերում:

Անձրևի տակ կռիվ տալով ժայռեր մագլցելը, կատակ բան չէ, բայց մայիսի 9-ի լուսաբացին հայ ազատամարտիկները, հաղթահարելով բոլոր դժվարությունները, Շուշի մտան, որտեղ ընդամենը 50-60 թուրք էր մնացել, որոնք հեռանալու հնարավորություն չէին ունեցել: Մյուսները հեռացել էին Լաչինի ճանապարհով: Թող հեռանան, կրունկները դեսը: Պիտի խոստովանել` նաև խուճապն էր բարոյալքել թուրքերին:

Բոլոր վաշտերը իրար գլխի հավաքվեցին, երբ արդեն տասնամյակների գերությունից ազատագրվեց հայոց հնամենի ոստանը: Թեև քաղաքի փողոցներում մերթընդմերթ հնչում էին կրակոցներ, ծխի քուլաներն էլ երկինքն էին պատել, մարդիկ միմյանց շնորհավորում էին, գրկախառնվում: Իսկ այգևանցի 29-ամյա Գառնիկ Ղուկասյանը, որ իր ծոցում երկար ժամանակ պահում-պահպանում էր եռագույնը, շտապում է Ղազանչեցոց եկեղեցի, որի շուրջբոլորը ուրախություն ու ցնծություն էր:

Սպորտի,մասնավորապես` թեթև ատլետիկայի հանրապետության բազմակի չեմպիոնը ծտի թևով հաղթահարում է եկեղեցու բարձունքը և ամրացնում եռագույնը: Բայց ի՞նչ իմանար, որ 10 օր անց` այս անգամ արդեն հայրենի Երասխի բարձունքը հաղթահարելիս պիտի կտրվեր իր կյանքի թելը: Մայիսի 18-ին նրա հետ համագյուղացի երկու երիտասարդի կյանք բեկվեց…

Գառնիկի նման անակնկալ քայլը ուրախության ու ոգևորության նոր ալիք բարձրացրեց արդեն ազատագրված Շուշիում: Երկարուձիգ տարիներ հետո եկեղեցում հոգեհանգստի արարողություն կայացավ: Թնդում է զուռնայի զիլ ձայնը, և Շուշիում երկարում է ավանդական քոչարին: Իսկ մեկ այլ նվիրյալ` Դուշման Վարդանը, իրեն գցում է գերեզմանոց, ձեռքին էլ շամպայնի շիշ, կաթիլ-կաթիլ կաթեցնում է պապերի շիրիմներին ու բացականչում. «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք…»:

Թշնամին այդ հողի վրա դիմակայելու կամք չունեցավ, քանի որ բանակը վարձու էր, հողը` օտար, քանի որ հայի համար Արցախի ազատագրման խնդիրը կյանքի ու հայրենիքի հարց էր, իսկ ադրբեջանցիների համար` թերևս «նամուսի» և տարածքի հարց:

Համատեղելի ՞ են արդյոք այդ չափանիշները: Իհարկե, ոչ… Եվ 20-ամյա հեռավորությունից սիրտդ հեշտ է բաբախում, երբ հիշում ես, որ բռնոտված Շուշին, Գանձասարը, Արցախը կրկին մեր լեզվով` հայերեն են բաբախում, ջրերը հայերեն են հոսում, ու ակամա հիշում ես հայոց մեծ բանաստեղծ Համո Սահյանին. «Թող Աստված եղածը պահի, և հետո ինչ էլ պատահի… Հայերեն են գալու դարերդ»:

Այն էլ ասեմ, որ Շուշիի ազատագրման լուրը հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հասավ Իրանում, որտեղ գտնվում էր երկրի նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանիի հրավերով: Այստեղ էր նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մահմեդովը: Զինադադար կնքելու նպատակով էին նրանք հրավիրվել… Առաջին հայացքից մտածում ես` արդյոք այս ամենը դիվանագիտական խա՞ղ էր: Ամենևին ոչ… «Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին, և այդ օրերին մեկնեց Թեհրան: Վերադառնալուց հետո ինձ ազատեց պաշտոնից, քանի որ ես չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին» (Արկադի Տեր-Թադևոսյան, «Հայոց Աշխարհ» օրաթերթ, 7.05.2008 թ.):

ԱմալյաԵԴԻԳԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: