Հայերեն   English   Русский  

​Հայ գիտնականների ստեղծած նյութը կարող է հեղափոխություն առաջացնել գյուղատնտեսության ու դեղագործության ոլորտում, բայց...


  
դիտումներ: 62429

Հայ գիտնականները լաբորատոր փորձերի շնորհիվ ստեղծել են նյութ, որն էկոլոգիապես անվնաս է ու մեծ կիրառություն կարող է ունենալ գյուղատնտեսության, բժշկության, կոսմետոլոգիայի ու շատ այլ ոլորտներում: Չնայած արտասահմանից ստացված առաջարկներին՝ գիտնականներն ուզում են, որ իրենց ստեղծածից առաջինն օգտվի Հայաստանը, նոր միայն մյուս ազգերը:

ԳԱԱ անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, նանոտեխնոլոգիաների բազային լաբորատորիայի վարիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ Սևան Դավթյանը և քիմիական գիտությունների դոկտոր, պոլիմերիզացիոն պրոցեսների բազային լաբորատորիայի վարիչ Անահիտ Տոնոյանը ողջ աշխարհին հայտնի են որպես ֆրոնտալ պոլիմերիզացիայի ոլորտի մասնագետներ: Խորհրդային տարիներին ապրել ու աշխատել են Մոսկվայի մարզի Չեռնոգոլովկա գիտական կենտրոնում: 1991-ին, երբ Հայաստանն անկախացավ, Ղարաբաղում էլ մարտեր էին ընթանում, ամուսինները Հայաստան տեղափոխվելու հրավեր են ստանում: Պաշտպանության ոլորտում աշխատող գիտնականները կարող էին իրենց ներդրումն ունենալ Արցախյան ազատամարտում:

Առանց երկմտելու ամուսիններն անմիջապես Հայաստան են տեղափոխվում` բարեկեցիկ կյանքը, կարիերան, ընկերներին և ուսանողներին փոխարինելով անորոշության և մութ ու ցուրտ Հայաստանի հետ: Տիկին Տոնոյանը հիշում է, որ սկզբում անգամ գրանցում չունենալու պատճառով չէին կարող մթերաբաժին ստանալ: Բայց դա չէր խանգարում նվիրված աշխատանքին: Սևան Դավթյանն օրնիբուն լաբորատորիայում էր աշխատում, իսկ Անահիտ Տոնոյանը պարբերաբար Արցախ էր մեկնում` ուսումնասիրության համար լաբորատորիա բերելու ադրբեջանական չպայթած արկերը:

Պատերազմի ավարտից հետո գիտնական ամուսինները շարունակում են իրենց ուսումնասիրությունները ֆրոնտալ պոլիմերիզացիայի ոլորտում: Մի քանի տարի առաջ հերթական փորձով ստանում են պոլիակրիլամիդ նյութը, որը, շնորհիվ ստացման նոր եղանակի, բոլորովին անվնաս է:

Տիկին Տոնոյանը նշում է, որ ակրիլամիդը թունավոր նյութ է, պոլիակրիլամիդը` անվտանգ: Այն հեղուկը ներծծելու և հետո աստիճանաբար բաց թողնելու ունակություն ունի, ինչի շնորհիվ էլ օգտագործվում է հողում խոնավությունը պահելու համար, մանկական տակդիրներում, իմպլանտներում, դեղագործության և այլ ոլորտներում: Սակայն, տարիներ առաջ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտագործվող պոլիակրիլամիդում նաև քիչ քանակությամբ ակրիլամիդ է մնում, ուստի դրա շարունակական օգտագործումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ցանկացած բնագավառում: Այդ պատճառով աշխարհը հրաժարվել է պոլիակրիլամիդի կիրառությունից` սահմանափակվելով միայն շինարարության և նավթի մաքրման համար օգտագործմամբ:

Ի դեպ, ընդունված է, որ մեկ գրամ պոլիակրիլամիդը կարող է ներծծել 500 մլ ջուր: Իսկ հայ գիտնականների ստացած պոլիակրիլամիդը լրիվ անվտանգ է, քանի որ ամբողջությամբ զերծ է ակրիլամիդի պարունակությունից, բացի այդ, այս նյութի 1 գրամը կարող է կլանել մինչև 5 լիտր ջուր: Տոնոյանը նաև նշում է, որ նյութը մեկ անգամ հողում տարածելու դեպքում այն մի քանի տարի կարող է նպատակին ծառայել:

Հայ գիտնականների ստացած արդյունքով ոգևորված` ռուսներն առաջարկում են տեխնոլոգիան իրենց մոտ զարգացնել և արտադրություն հիմնել: Պարոն Դավթյանը և տիկին Տոնոյանը, սակայն, հրաժարվում են` պահանջելով նախ Հայաստանում դա անել: Ռուսական կողմը համաձայնում է, աշխատանքային խումբ է ձևավորվում, անգամ գովազդային արշավի նյութեր են մշակվում: Սակայն շուտով պարզվում է, որ ռուսական կողմի գիտական ներկայացուցիչը փորձում է յուրացնել հայերի աշխատանքը` Ռուսաստանում այն ներկայացնելով որպես իրենը: Համագործակցությունն ընդհատվում է:

Նոր տեսակի պոլիակրիլամիդով հետաքրքրվում են նաև ղազախները: Հայ գիտնականներին առաջարկում են ստանձնել իրենց նավթամուղների մաքրման աշխատանքները, բայց պայմանով, որ համագործակցությունը գաղտնի մնա և ադրբեջանական կողմն այդ մասին չիմանա: Հայազգի գիտնականներն այս առաջարկը մերժում են:

2013-ին համագործակցության նոր հեռանկար է ստեղծվում, այս անգամ՝ Սաուդյան Արաբիայի հետ: Անգամ եռակողմ պայմանագիր է կնքվում Աբդուլազիզ թագավորի անվան գիտական կենտրոնի, Պոլիտեխնիկական համալսարանի և Բելառուսի ԳԱԱ նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Աղաբեկովի միջև: Պայմանավորվածության համաձայն` արաբական կողմը հայ գիտնականներին 350 հազար դոլար պետք է հատկացներ Հայաստանում գործարանային արտադրություն հիմնելու համար, որից հետո Սաուդյան Արաբիայում նավթի մաքրման ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեին: Սակայն այս համագործակցությունը մինչ օրս առկախ վիճակում է: Անահիտ Տոնոյանի պնդմամբ` մեղավորը ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանն է: Ասում է, որ երբ Աղաբեկովը հայտնել է կնքված պայմանագրի մասին, Ռ. Մարտիրոսյանը նրան իր մոտ է հրավիրել ու պահանջել, որ գիտնականները սահմանափակվեն 100 հազար դոլարով, իսկ մնացածը հատկացնեն ԳԱԱ-ին: Դավթյանն ու Տոնոյանը առաջարկը մերժել են, ինչի հետևանքով էլ պայմանագիրն այդպես էլ թղթի վրա է մնացել:

լաբորատորիա

Տիկին Տոնոյանն ասում է, որ այս պահին հիասթափությունը մեծ է: Իրենք ուզում են հայրենիքի համար լավ բան անել, մինչդեռ ամեն քայլափոխի խոչընդոտների են հանդիպում: Ասում է, որ չեն համաձայնում տեխնոլոգիան արտերկրում զարգացնելուն, քանի որ չեն ուզում՝ մի քանի տարի անց Հայաստանն այլ երկրից նյութերը ներկրի, հակառակը, ուզում են, որ Հայաստանը դառնա արտահանող երկիր: Աշխարհում այդ նյութի պահանջարկը շատ մեծ է:

«Մենք հետաքրքիր գործեր անում ենք, ճանաչված ենք, բայց չենք կարողանում բիզնես անել: Եկողը գալիս ու հիանում է, որ Հայաստանում նման բան է արվում, ու հրավիրում է իր մոտ աշխատելու: Բայց մենք ուզում ենք այստեղ ապրել ու աշխատել»,- ասում է Տոնոյանը:

Նա նաև նշում է, որ իրենց առաջարկած տեխնոլոգիան քիչ ծախսատար է, իրենք էլ գումար չեն ուզում, միայն ցանկանում են, որ մեկն աջակցի՝ Հայաստանում արտադրություն հիմնեն: Ասում է, որ անգամ սկզբնական շրջանում աշխատավարձ չեն ակնկալի, միայն թե գաղափարը կյանքի կոչվի, երկիրն էլ օգտվի դրանից:

Գիտնականները վերջերս դիմել են նաև Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն, որտեղ այժմ ուսումնասիրում են նրանց գաղափարի առևտրայնացման պոտենցիալը:

Հայաստանում այս գաղափարի իրագործման ճանապարհին մի ուրիշ խոչընդոտ էլ կա: Տոնոյանն ասում է, որ գյուղատնտեսության տեղական շուկան զբաղված է, իսկ մյուս ոլորտներում մեզ մոտ պահանջարկը մեծ չէ: Այժմ հողում խոնավություն ապահովելու համար հիդրոգելեր են ներկրում ու հատկացնում գյուղացիներին, որոնց ազդեցությունը հողի վրա լրիվ ուսումնասիրված չէ: Նա պնդում է, որ այդ հիդրոգելերը ոչ միայն արդյունավետ չեն, քանի որ ջուրը լավ կլանում են, բայց նորմալ բաց չեն թողնում, այլև քարացնում են հողը` փչացնելով այն: Հնարավոր բոլոր ամբիոններից իրենք բարձրաձայնում են խնդրի մասին, իրենց ուշադիր լսում են, խոստանում զբաղվել խնդրով ու այդքանով էլ սահմանափակվում:

«Քանի դեռ մեխանիզմները չեն փոխվի, Հայաստանում ոչինչ հնարավոր չէ անել: Այսօր Հայաստանում գիտությունը զարգացնելու հույս չեմ տեսնում, ասպիրանտներիցս վեցն արդեն օտար երկիր են տեղափոխվել ու այնտեղ մեծ հաջողության հասել»,- ասում է Տոնոյանը` չբացառելով, որ եթե հիասթափությունների ու վիրավորանքների շղթան շարունակվի՝ հնարավոր է, որ մի օր էլ իրենք ամուսիններով տեղի տան և ընդունեն դրսից պարբերաբար ստացվող առաջարկներից մեկը:






Մեկնաբանություններ - 1

Sona Maghakyan     17.05.2016 <<...Հայ գիտնականների ստացած արդյունքով ոգևորված` ռուսներն առաջարկում են տեխնոլոգիան իրենց մոտ զարգացնել և արտադրություն հիմնել: Պարոն Դավթյանը և տիկին Տոնոյանը, սակայն, հրաժարվում են` պահանջելով նախ Հայաստանում դա անել: Ռուսական կողմը համաձայնում է, աշխատանքային խումբ է ձևավորվում, անգամ գովազդային արշավի նյութեր են մշակվում: Սակայն շուտով պարզվում է, որ ռուսական կողմի գիտական ներկայացուցիչը փորձում է յուրացնել հայերի աշխատանքը` Ռուսաստանում այն ներկայացնելով որպես իրենը: Համագործակցությունն ընդհատվում է...>>: Ծանոթ գործելաոճ է, գյուտերի գողություն
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: