Հայերեն   English   Русский  

​ԲԱՔՎԻ 26 ԿՈՄԻՍԱՐՆԵՐԸ


  
դիտումներ: 7355

Հայոց պատմությունը տարածաշրջանի պատմություն է: Հայ ժողովուրդը, պատմական անցքերի բերումով, տարագրվել է աշխարհով մեկ: Մանավանդ մերձավոր արտասահմանում շատ հայեր են հաստատվել:

Եվ դեռևս XX դարի սկզբին հարևան երկրների խոշորագույն քաղաքներում՝ Թիֆլիսում, Բաքվում, հայերը կազմում էին բնակչության մեծամասնությունը: Բնականաբար, հայերը նաև տնտեսական, մշակութային, քաղաքական առումներով մեծ դերակատարություն են ունեցել տարածաշրջանի երկրներում:

1917 թվականի Հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխությունից հետո՝ հոկտեմբերի 31-ին, Բաքվում ստեղծվեց բանվորների, գյուղացիների և զինվորների պատգամավորների խորհուրդ՝ Բաքվի խորհուրդը, որը, համագործակցելով ՀՅ Դաշնակցության Բաքվի կոմիտեի հետ, 1918 թվականի ապրիլին իր ձեռքը վերցրեց Բաքվի իշխանությունը և ձևավորեց Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Բաքվի կոմունայի ղեկավար ընտրվեց Ստեփան Շահումյանը, որը միաժամանակ Ռուսաստանի ԽՍՀ Ժողկոմխորհի կողմից նշանակվեց Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար: Բաքվի Ժողկոմխորհի մեջ մտան հիմնականում բոլշևիկներն ու ձախ էսեռները: Բաքվի խորհուրդը կազմված էր տարբեր քաղաքական ուժերից: Բոլշևիկները, սակայն, խորհրդում պարզ մեծամասնություն էին կազմում և միանձնյա որոշումներ կայացնել չէին կարող: Ըստ էության, Բաքվում իշխանությունը բաժանված էր Ստեփան Շահումյանի գլխավորած Կոմունայի և Հայոց ազգային խորհրդի միջև, որի ղեկավարները դաշնակցականներ էին:

Բաքվի խորհրդի բոլշևիկյան ֆրակցիայի նպատակը Բաքվի շրջակայքում, հետագայում նաև Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ու Խորհրդային Ռուսաստանի ազդեցության պահպանումն էր: Բաքվի խորհուրդը ձևավորեց ռազմական ստորաբաժանումներ, կարմիրբանակայինների գնդեր: Սակայն այս ստորաբաժանումները մարտունակությամբ աչքի չընկան և ընկրկեցին դեպի Բաքու առաջացող թուրքական բանակի առաջ: Այդ ռազմական ստորաբաժանումների ազգային կազմը միատարր չէր: Ավելին, Բաքվի կոմունայի անդամ մուսաֆաթականները, առանձին ու գաղտնի համաձայնության գալով թուրքերի հետ, սկսեցին քայքայել ու կազմալուծել ճակատը: Նրանք խռովություն բարձրացրին Բաքվում, սակայն ջախջախվեցին հայկական զինուժի (հիմնականում դաշնակցականներից կազմված) կողմից, որի հրամանատարը խմբապետ Համազասպն էր՝ լեգենդար Համազասպ Սրվանձտյանը:

Բաքվի խորհուրդը ղեկավարում էին բոլշևիկները, սակայն նրանք բնակչության և քաղաքական այլ կուսակցությունների վստահությունը չունեին:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՀՅԴ նախաձեռնությամբ ձևավորվում է նոր ֆրակցիա՝ ՀՅԴ-ի, մենշևիկների և Էսէռների մասնակցությամբ, որը, մեծամասնություն կազմելով Բաքվի խորհրդում, որոշում է Բաքու հրավիրել անգլիական զորքեր՝ պաշտպանելու քաղաքը առաջացող թուրքական զորքերից:

Ձևավորվում է Բաքվի կառավարման ժամանակավոր իշխանություն՝ Ցենտրկասպիան: Բաքվի Ժողկոմխորհը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, իշխանությունը հանձնում է նոր ձևավորված կառավարությանն ու որոշում է հեռանալ Բաքվից դեպի Աստրախան, որ բոլշևիկյան իշխանության ձեռքին էր: Բոլշևիկները նավ են նստում, սակայն նավերին են բարձում նաև առկա նյութական միջոցները՝ ոսկին, դրամը, անգամ՝ զենքը, որ նախատեսված էր քաղաքի պաշտպանության համար: Փաստորեն, Ստեփան Շահումյանի թիմը ոչ միայն ճակատագրական պահին փախուստի է դիմում, այլև կազմալուծում է պաշտպանությունը՝ Բաքուն ու Բաքվի պաշտպաններին թողնելով առանց նյութական միջոցների, առանց զենք-զինամթերքի:

Իսկ զինամթերքի պակաս Բաքվում չկար: Ռուսաստանի կառավարությունը Բաքու էր ուղարկել 4 զրահամեքենա, 13 օդանավ, 5000 հրացան, 2 մլն փամփուշտ և այլն: Սակայն բոլշևիկներն այդ ամենը փորձեցին հափշտակել և իրենց հետ տանել:

Նոր ձևավորված իշխանությունները հետապնդեցին բոլշևիկներին և ծովից հետ վերադարձրին նրանց նավերը: Կոմունարները ձերբակալվեցին: Նրանց մեղադրեցին «առանց ժողովրդական գումարների ծախսերի հաշվետվության փախուստի փորձի, ռազմական գույքի հափշտակման և դավաճանության» մեջ:

Ձերբակալվածների գործը հանձնեցին ռազմական դատարանի քննությանը: Սակայն ռազմական դատարանը ավարտին չհասցրեց գործը: Դեպքերն արագ էին զարգանում, և թուրքական բանակը վճռական գրոհի նետվեց Բաքվի վրա: Բաքվի պաշտպանության հիմնական ծանրությունն ընկած էր խմբապետ Համազասպի գլխավորած 3000-անոց հայկական գնդի ուսերին: Սակայն ուժերն անհավասար էին, և թուրքական բանակը, ճնշելով հայոց գնդի դիմադրությունը, սեպտեմբերի 15-ին ներխուժեց Բաքու և նախճիր սարքեց այնտեղ՝ կոտորելով 30 հազար հայերի:

Այնուամենայնիվ, քաղաքի պաշտպաններն ավելորդ մարդասիրություն ցուցաբերեցին և թուրքական զորքի քաղաք մտնելուց առաջ ազատ արձակեցին Բաքվի կոմիսարներին՝ նրանց տալով փրկվելու հնարավորություն: Այդ գործում մեծ դեր ունեցավ Անաստաս Միկոյանը, որ Ստեփան Շահումյանի կարգադրությամբ մնացել էր Բաքվում՝ ընդհատակյա աշխատանք կատարելու: Իսկ Անաստաս Միկոյանը Բաքվի կոմունայում զբաղեցնում էր ռազմածովային ուժերի ժողկոմի պաշտոնը: Օգտվելով ստացած հնարավորությունից՝ բոլշևիկները, Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, նստում են «Թուրքմեն» շոգենավը և ուղևորվում դեպի Աստրախան: Սակայն շոգենավը Աստրախանի փոխարեն ուղևորվում է Կրասնովոդսկ, որը գտնվում էր Անդրկասպյան ժամանակավոր կառավարության հսկողության տակ, ինչը թշնամի ուժ էր բոլշևիկյան կուսակցությանը: Հենց նավահանգստում Անդրկասպյան կառավարության ներկայացուցիչները ձերբակալում են Ստեփան Շահումյանին ու բոլշևիկներին:

Բաքվի կոմունայի փախուստի դիմած անդամներն էին՝ Ստեփան Շահումյան, Բաղդասար Ավագյան, Մեշադի Ազիզբեկով, Թադևոս Ամիրով, Արսեն Ամիրյան, Մտյեր Բասին, Էյժեն Բերգ, Անատոլի Բոգդանով, Սոլոմոն Բոգդանով, Արմենակ Բորյան, Միր Հասան Վեզիրով, Իվան Գաբիշ, Պրոկոպի Ջափարիձե, Յակով Զևին, Մարկ Կոգանով, Գրիգորի Ղորղանով, Արամ Կոստանդյան, Իվան Մալիգին, Իրակլի Մետաքսա, Իսայ Միշներ, Իվան Նիկոլայշվիլի, Սուրեն Հովսեփյան, Գրիգորի Պետրով, Վլադիմիր Պոլուխին, Ֆյոդոր Սոլնցև, Իվան Ֆիոլետով:

Հետաքրքիր է, որ այս ցանկի 25 գործիչներն են բոլշևիկ: Իսկ Թադևոս Ամիրովը դաշնակցական էր: Բանն այն է, որ այս դաշնակցական խմբապետի հարազատ եղբայրն էր բոլշևիկ Արսեն Ամիրովը, և նա եղբորն ու նրա ընկերներին փրկելու համար բարձրացավ «Թուրքմեն» շոգենավը:

Ի դեպ, շոգենավի Կրասնովոդսկում հայտնվելու պատճառը մինչ օրս պարզ չէ: Ոմանք դրա մեջ դավադրություն են տեսնում, ուրիշները դա համարում են վառելանյութի պակասի հետևանք, ինչը քիչ հավանական է, քանզի Բաքվում շոգենավը դժվար թե պաշար վերցնելու խնդիր ունենար:

Գործը դարձյալ հանձնվեց ռազմական դատարան: Սեպտեմբերի 19-ին անդրկասպյան մի խումբ գործիչներ գնացքով ժամանում են Կրասնովոդսկ՝ վճռելու Բաքվի 26 կոմիսարների ճակատագիրը: Անդրկասպյան ղեկավարության առաջնորդ Ֆյոդր Ֆունտիկովի ճնշման տակ որոշվում է գնդակահարության դատապարտել բոլորին: Վերջինս, իր հերթին, տարիներ անց, որպես Բաքվի կոմիսարների գնդակահարման գլխավոր պատասխանատու, ձերբակալվեց խորհրդային իշխանությունների կողմից և գնդակահարվեց 1926 թ.:

Ձերբակալվեց 35 կոմիսար, սակայն գնդակահարության դատապարտվեցին 26-ը: Խնդիրն այն է, որ որպես հիմք ընդունեցին Ղորղանովի կազմած ցուցակը, որով բանտում չոր հաց էր բաժանվում կոմիսարներին: Եվ այդ ցուցակն ընդունվել էր որպես Բաքվի կոմիսարների խորհրդի կազմ: «Խորհրդի» կազմին հավելվեց նաև Թադևոս Ամիրովի անունը, որը մեղադրվեց կոմիսարներին տարհանելու մտադրության և դասալքության մեջ:

Գնդակահարության որոշումն ընդունելուց հետո կոմիսարներին հայտարարում են, որ տեղափոխում են Հնդկաստան: Նստեցնում են գնացք, Աշխաբադի ճանապարհին տեղափոխում Անդրկասպյան երկաթուղու 207-րդ կիլոմետր, Ախչակում և Պերևալ կայարանների միջև ընկած ավազուտներում 1918 թվականի սեպտեմբերի 20-ին իրականացնում դատավճիռը:

Հետագայում՝ 1920 թվականին, Բաքվի կոմիսարների աճյունները հանդիսավորությամբ վերաթաղվեցին Բաքվում:






Մեկնաբանություններ - 1

ԱՐՄԵՆ     18.05.2016 Վահե Անթանեսյան դուք պատմությունը չգիտեք Բաքվի 26 կոմիսարների , գրել եք անհետևողական, և անգրագետավարի, կեղծիքներով հանդերձ:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: