Հայերեն   English   Русский  

Հայ-վրացական ընդհարում չի եղել. բողոքը ոստիկանության վարքի դեմ է. Գագիկ Գինոսյանը Ախալցխայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին


  
դիտումներ: 734

Ախալցխայում ապրիլի 23-ի լույս 24- գիշերը տեղի ունեցած միջադեպը բախում չէր հայերի և վրացիների միջև. Դա, այսպես ասած, «տղայական» ծեծկռտուք էր` հաշվի առնելով այն փաստը, որ երկու խմբում էլ կային հայեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց Գագիկ Գինոսյանը:

Հիշեցնոնք, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց և հաշտվել: Չնայած դրան՝ կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և ծաղրել Հայոց Ցեղասպանության փաստը:

Ծնունդով Ախալցխայից Գագիկ Գինոսյանը փորձել է մանրամասներ պարզել միջադեպից իր հարազատների միջոցով, որոնք պատմել են, որ ազգամիջյան բախում չի եղել. «Հայ-վրացական վեճ չի եղել, վեճը եղել է երկու խումբ մարդկանց միջև: Հայ-վրացական ընդհարում չի եղել: Բողոքը ոստիկանության վարքի դեմ է: 60-ից բարձր մարդուն այնպես են հարվածել, որ մի ականջով չի լսում այլևս»,- նշեց Գինոսյանը:

Նա ընդգծեց, որ ամենավատն այս իրավիճակում դրսևորել է իրեն հայկական դիվանագիտությունը, որոնք այդպես էլ չեն հետաքրքրվել իրավիճակով. «Պարզապես տեսնում ենք, որ սեղանին նստած են միայն վրացական իշխանությունն ու ընդդիմությունը, հայկական կողմը ոչինչ չի անում: Հերթական անգամ տեսնում ենք, որ Ջավախքը միայն ջավախցու խնդիրն է, սակայն այն նույնքան համահայկական է, որքան Արցախը: Մենք երբևէ պե՞տք է հասկանանք, որ դեսպան ունենք Վրաստանում: Ամեն տեղ դիվանագիտական պարտությունների շարքը պե՞տք է կասեցնենք, թե ոչ» :

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին նշեց, որ վրացիների և այլ ազգի ներկայացուցիչների միջև Վրաստանում հաճախ են բախումներ տեղի ունենում, սակայն դրանց մասին քիչ են խոսում: Այս անգամ տարբերությունն այն էր, որ հայկական մամուլում միջադեպը լայն արձագանք գտավ: Ըստ նրա` նման միջադեպեր տեղի ունենում նաև ընդդեմ այլ ազգի ներկայացուցիչների. «Այս դեպքում ոստիկանությունը հայերի դեմ գործեց, որը կարծես մոդել է դարձել Վրաստանում: Նման փորձ չկա, որ ՀՀ դեսպանատունը Վրաստանում երբևէ տեղի հայերի խնդիրներով զբաղված լինի, եթե խոսքը գնում է Վրաստանի քաղաքացու մասին»,-նշեց նա` ընգծելով, որ Հայաստանը չունի ռեսուրսներ այս առումով Վրաստանի վրա ազդելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: