Հայերեն   English   Русский  

Այսօր Լաչինի (Քաշաթաղ) ազատագրման տարեդարձն է


  
դիտումներ: 3479

XX դարավերջի մայիսյան հաղթանակների դափնեպսակը, հիրավի, Շուշիի ազատագրումն էր, որն էլ դարձավ Լաչինի (Քաշաթաղ) բանալին: Ճանապարհ, որով Արցախ աշխարհը մեկընդմիշտ կապվեց ոչ միայն մայր հայրենիքի, այլև աշխարհի հետ:

Շուշիի օպերացիայից առաջ միջազգային փորձագետների շրջանում իշխում էր այն դիրքորոշումը, որ եթե Հայաստանից օգնություն չլինի, այսինքն` Հայաստանից, Լաչինը, Բերդաձորը, Զառիսլուն գրավելով, չհասնեն Շուշի, ապա նման դիրքային պայմանների առկայության դեպքում հայերին չի հաջողվի Շուշին ազատագրել Ստեփանակերտի ուղղությունից: Թերևս դա հնարավոր էին համարում միայն օդուժի կամ էլ մեծ տեխնիկայի առկայության պարագայում:

Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, Շուշին ազատագրվեց հակառակ փորձագետների կանխատեսումների: Անգամ անհասկանալի պատճառներով Հայաստանից սպասվող օգնությունը տեղ չհասավ:

Մեր ուժերը կարծում էին, որ Շուշիի հաղթանակի դեպքում հակառակորդն այլ ուղղություններից, մասնավորապես` Կիրովի, Բերդաձորի կողմից Գորիս-Ղափանի ուղղությամբ ոտնձգություններ կանի, բայց որ թշնամին ձեռքերը ծալած չի նստի և կորցրածը կրկին հետ բերելու փորձ կանի, չէին ենթադրում: Այո, երբեմն հաղթանակի բերկրանքից մոռանում ես իրականությունը, սպասվող վտանգը: Դա էլ, թերևս, բնական ու մարդկային է:

Հարցը Վարդան Ստեփանյանն է բարձրացնում ու չի սխալվում: Ինքն էլ տալիս է խնդրի լուծման բանալին. ականապատել Զառիսլու-Շուշի ճանապարհը, որտեղ Շուշիից փախած թուրքի ուժի մեծ կուտակում կար: Այնքան էլ դյուրին գործ չէր դա, քանի որ տարածքը նշանառության տակ էր: Այլ ելք չկար: Պետք է իրագործվեր մի գործողություն, որը մեծ վարպետություն էր պահանջում: Վարդանին մենակ չթողեցին մարտական ընկերները` Եղոն, Արարատը, Արամը, Արթուրը (Դուդուլ), էլի երկու անվախ տղաներ, որոնք ի չիք դարձրին թուրքի վերջին հույսը: Արդեն մայիսի 10-ին Արկադի Կարապետյանը հայտարարում է, որ թշնամին հարձակման է անցել, ու նրանց տանկը պայթել է ականի վրա, փակել ճանապարհը: Տղաների այս անձնազոհ քայլը շատ օգնեց խուսափելու վերահաս վտանգից: Կանխվեց Շուշիին սպառնացող նոր գրոհը:

Վտանգը կանխվեց, բայց Զառիսլուն, Բերդաձորը, Լիսագորն ու Լաչինն ազատագրելն այնքան էլ հեշտությամբ չտրվեց: Թեև թշնամին զգում էր իր պարտությունը, բայց չէր նահանջում, վերջին ճիգով պաշտպանվում էր, դիմադրում: Կարողացավ պայթեցնել Բերդաձոր-Լաչին կամուրջը` կասեցնելու համար մեր ազատամարտիկների առաջխաղացումը:

Չարացած թուրքերը չգիտեին, որ հարազատ տարածքն ազատագրողն առանց կամրջի էլ կանցնի գետը, թեև շատ կարճ ժամանակում տղաները վերականգնեցին այն:

Հայ ազատամարտիկները, կարճ ժամանակում մաքրելով հարևան գյուղերը, մայիսի 18-ին արդեն մտան Լաչին (Քաշաթաղ): Այդուհետ այդ միջանցքը արյունատար երակ դարձավ աշխարհից ու Հայրենիքից կտրված արցախահայության համար: Բայց որպեսզի այդ միջանցքը հարատևեր և ողջ Քաշաթաղի շրջանի հաղթանակն էլ վերջնական լիներ, հարկ եղավ դժվարին ու տևական պայքար մղել: Զոհերն էլ քիչ չեղան: Կարելի է ասել` միայն 1993 թ. ապրիլին, երբ արդեն ՀՀ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր,( 1992 թ.սեպտեմբերից մինչև 1993թ. օգոստոս) Քարվաճառի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրմամբ այդ հողին վերջնական խաղաղություն իջավ: Աստված շատ չհամարի, հասանք մինչև Արաքսի ափը…

Շուշի-Լաչին միջանցքը բացելուց հետո շատերին թվում էր, թե կռիվն այդ կողմերում ավարտվել է: Բայց դա միայն թվում էր: Մարտիկներն օր առաջ ուզում էին տիրանալ ոչ միայն միջանցքի, այլև Գորիս-Ղափանի անվտանգությունն ապահովող բարձունքներին ու բնակավայրերին: Իսկ դրանք մեկը չէին և մեկ օրվա խնդիր չէին: Դրանք «Կոբրա» դիրքերն էին, Գյուլիբերդը և շրջակա բնակավայրերը` Կուբաթլին ու Զանգելանը (հիմա Կովսական ու Միջնավան) և շատ այլ վայրեր, որտեղ ադրբեջանցի թուրքը, երեսին ուղտի կաշի քաշած, քարաքոսի պես կպել էր մեր հող ու ջրին ու չէր պոկվում: Թշնամին գիտակցում էր տեղանքը կորցնելու նշանակությունը, այդ իսկ պատճառով, իր ուժին չապավինելով, վարձկաններ էր բերել` առանց գիտակցելու, որ մեր հողն օտարի համար երբեք հայրենիք չի դառնա, մոռանալով, որ վարձկանի համար ոչ այնքան թուրքի շահն էր գերակա, որքան իր փողը, որի պատճառով էլ իրեն պիտի խնայեր, որպեսզի իր վաստակած գումարը ծախսելու հնարավորություն ունենար:

Պակաս կարևոր չէր նաև հյուսիսային թևը` Ղուչազ-Ուխտասար ուղղությունը, որտեղից թշնամին մշտապես հեռահար հարվածներով հարվածում էր Լաչին-Գորիս ճանապարհին և բուն Լաչինին: Այս ուղղության մարտերն էլ տևական ու դաժան եղան:

Իրադարձություններով հարուստ 1992 թ. ավարտին մեկ ամիս էր մնացել, ժամանակահատված, երբ Երևան-Լաչին մայրուղու ձախակողմյան հատվածով ձգվող Խոժոռաբերդի միջանցքի 15 կմ-ն արդեն ազատագրվել էր: Առջևում դեկտեմբերի 3-ն էր և Ուխտասարի, Ղոչազ գյուղի ու համանուն բարձունքների գրավման օպերացիան: Այդ տարածքների հարևանությամբ է գտնվում IV դարի մի հուշարձան` Ծիծեռնավանքը:

Այդ մարտին շատ ջոկատներ էին մասնակցում, բայց պատասխանատու ուղղությունը «Սյունիք» աշխարհազորային վաշտինն էր, հրամանատար` Արամազդ Զաքարյան: Նրանց հետ էր նաև ՄՀՕՋ-ի ջոկատը: Այս վաշտն իր առաջադրանքը փայլուն կատարեց: Լուսադեմին գրավեց Ուխտասարի բարձունքը և պահեց մինչև կեսօր, սակայն Ղոչազից եկող օգնությունը, թեպետ պայմանավորվածություն կար, տղաներն այդպես էլ չստացան: Դրանից էլ օգտվելով` թշնամին սկսեց ճնշում գործադրել: Սա երկար ու հերոսական պատմություն է. այդ օրվա հաղթանակած մարտից տուն չվերադարձավ 21 մարտիկ, իսկ հրամանատար Արամազդ Զաքարյանը ծանր վիրավորվեց: Նրանք մինչև վերջին պահը հավատացած էին, որ օգնությունը, այնուամենայնիվ, կհասնի, և իրենց գրաված բարձունքը կրկին չեն թողնի: Իսկ ինչպես պարզվեց հետագայում, օգնության շտապող Էջմիածնի ՀՀԴ-ի 3-րդ ջոկատն անգամ դուրս չէր եկել իր որջից` պատճառաբանելով, թե կապը չի գործել (չշփոթել ՀՅԴ-ի հետ. շատերն են հիշում, որ այդ տարիներին այսպես կոչված «կոոպերատիվ» Դաշնակցություն կուսակցություն էր ստեղծվել): Ճիշտ կլինի ասել` ոչ թե կապը, այլ նրանց խիղճը չէր գործել: Ամիսուկես հետո միայն ազատագրվեցին այդ բարձունքները, և ճանապարհ բացվեց դեպի Քարվաճառ:

Ի՞նչ իմանայի, որ տարիներ անց բնության ու մարդկային ձեռքի այս աստվածատուր հրաշքը, որ կոչվում է Ծիծեռնավանք, ըմբոշխնելու առիթ պիտի ունենամ, ավելին` պիտի մասնակցեմ նրա վերաբացմանը, վերաօծմանը: Վանքը ավերակներից հառնեց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի համառ ջանքերի, ինչպես նաև բոստոնցի բարերարներ Քերոլայն և Ջորջ Նաջարյանների շնորհիվ, որով և վերջակետ դրվեց թշնամու նկրտումներին: Այդ տարածքի հայկականության IV դարի վկայագիրն այլևս իրականություն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: