Հայերեն   English   Русский  

Վիեննան վերահաստատեց 94-ի համաձայնագիրը


  
դիտումներ: 2771

Արցախյան հակամարտության վերջին իրադարձությունների քննարկմանը հատկացված Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ էլ կողմերի նախագահների եւ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մակարդակով միայն: Մասնակիցների շարքը չէր փակվել նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչով:

ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ արտգործնախարարն ու Ֆրանսիայի եւրոպական հարցերի պետական նախարարը համալրել են մասնակիցների շարքը` Վիեննայի հանդիպմանը տալով արտակարգ ձեւաչափ:

Արտակարգ ձեւաչափը նշանակում է արտակարգ իրավիճակից բխող անհրաժեշտություն` կարգավորման համար հիմնական որոշում կայացնելու տպավորությունը թողնելով: Պարզ հայացքով հակամարտության ներկա փուլը իր վրա կենտրոնացրել է աշխարհաքաղաքական ուժերի ուշադրությունը:

Մասնակիցների արտակարգ պատկերում պետք է կենտրոնանալ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնատարի ներկայության վրա. նա էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի արցախյան պատերազմին հատկացված լսումների ընթացքում լուծման սկզբունքները ներկայացնելով հատկապես շեշտեց ազգերի ինքնորոշման իրավունքը:

Նկատի ունենալով պաշտոնական լրահոսը փորձենք ամփոփել այն հիմնական կետերը, որոնք Վիեննան որոշել է հետապրիլյան պատերազմի անմիջական ժամանակահատվածում:

Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները:

Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրագործումից չշեղելու անհրաժեշտությունը:

Գ. Համաձայնություն է գոյացել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար:

Առաջին հայացքից, այստեղ հասցեական հայտարարություններ չեն հնչել. եւ իբրեւ դրա հետեւություն չկա նաեւ որեւէ իրավադրույթ, որը պատասխանատվության ենթարկի նախահարձակին, միջազգային երաշխավորություն ունեցող հրադադարը անվերջ խախտողին: Սակայն չի կարելի այստեղ չնկատել հայկական կողմի ձեռք բերած առավելությունը` 94-ի զինադադարը բանակցությունների մեկնարկ, եւ զինադադարի հաստատման միջազգային համաձայնագիր նկատելու. իրականություն, որը մնայուն կերպով անուշադրության էր մատնվում Բաքվի կողմից: Թե՛ 94-ը եւ թե՛ 95-ը միջազգային համաձայնագրեր են. եւ միջազգային այդ համաձայնագրերի մաս է կազմել Ստեփանակերտը: Հիմա էլ Վիեննան հետապրիլյան ժամանակահատվածը քննարկելու եւ լարված իրավիճակից դուրս գալու համար վերաամրագրում է այն, որին հղում էր կատարում հայկական կողմը եւ այն, ինչից փորձում էր խուսափել` ադրբեջանականը:

Եթե առաջին եւ երկրորդ կետերը հաստատումներ են եւ գնահատականներ, ապա երրորդը ուղղակի համաձայնություն է: Այս առաջադրանքը հայկական կողմինն էր եւ դարձյալ անուղղակի մերժումը Բաքվի կողմից: Այստեղ խնդիրը ոչ միայն մշտադիտարկումների արդիական սարքերով իմանալն է, թե ո՛վ է նախահարձակը, թե ո՛վ է հրադադար խախտողն ու դիպուկահարը եւ ո՛վ պատասխան տվողը, այլ շփման գոտում երկարաժամկետ եւ համապարփակ դիտորդական առաքելության մասին է խոսքը:

Ապրիլյան ռազմական արկածախնդրությամբ Բաքուն հանգեց`

Ա. ԵԱՀԿ-ի ձեւաչափի անփոփոխելիության եւ նրա հաստատման արտակարգ բնույթի մասնակցության:

Բ. 94-ի զինադադարի վերաամրագրման, ուր Ստեփանակերտը միջազգային ընտանիքի կողմից ընդունվում է իբրեւ համաձայնագրի անկախ կողմ:

Գ. Այսօրվա սահմանների վրա մշտադիտարկման սարքավորումների հաստատման: Հասկանալի է, որ մշտադիտարկումը չէ որ միջազգային ընտանիքին պիտի համոզի նախահարձակի դիմագծի մասին, այսուհանդերձ փաստերը արձանագրելու եւ ի պահանջյալ հարկին պատասխանատվությունները մատնացույց անելու առումով նկատառելի դրություն է, օգտագործելի, երբ քաղաքականորեն պետք լինի։

Դ. Վիեննայով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեության լիազորությունների ընդլայնման որոշում է տրվել: Սա եւս հարցի լուծման հարթությունն ամրապնդում է ԵԱՀԿ-ի շրջանակներում: ԵԱՀԿ-ից այլ հարթություն տեղափոխվելը հետեւողական առաջադրանք է Բաքվի համար։

Վիեննան վերահաստատեց 94-ի առանցքը: Այլ խոսքով` համաձայնագրերին Ստեփանակերտի մասնակցության ընդունումը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: