Հայերեն   English   Русский  

​«Եթե շուտ գայինք՝ Սևակը կապրեր». հայրենադարձություն Թուրքիայից


  
դիտումներ: 607

Լեռնա Օզդերը ստամբուլահայ է: Ծնվել, մեծացել է Թուրքիայում, որտեղ կրթություն է ստացել, մասնագիտացել, ապա ընտանիք կազմել: Նա ամուսնու՝ Շանթ Օզդերի հետ վայելում էր կյանքը մինչև 2011 թվականը, երբ մի դաժան իրողութուն խաթարեց ամեն ինչ: Լեռնա Օզդերի եղբայրը՝ թուրքական բանակի զինծառայող Սևակ Բալըքչին, որն ընդամենը 20 օրից պետք է տուն վերադառնար, այդպես էլ չվերադարձավ. ապրիլի 24-ին զորամասում սպանվեց թուրք ծառայակցի ձեռքով:

Այդ օրվանից սպանվածի քրոջ, ծնողների և հարազատների համար Ստամբուլն այլևս այն հարազատ վայրը չէր, որին կապված էին, որտեղ ապրում էին թուրքերի հետ հաշտ ու համերաշխ՝ փորձելով նրանց դիտել նախ որպես մարդու, չխորանալով նրանց ազգային պատկանելության և հայ-թուրքական հարաբերությունների մեջ:

Այդ սարսափելի ողբերգությունից հետո Սևակի հարազատները չէին կարողանում ուշքի գալ, իրենց տեղը գտնել: Ցավն ու անորոշությունն ավելի էր խորանում, երբ տեսնում էին, թե ինչպես է երիտասարդ որդու կյանքը խլած մարդասպանը կամ մարդասպանները վայելում կյանքը ազատության մեջ: Այո, դա Թուրքիան էր, և արդարություն ակնկալելն անիմաստ էր, հատկապես՝ հայի նկատմամբ: Սևակի սպանությունը թուրքական դատարանը որակում է որպես դժբախտ պատահար, որում որևէ դիտավորություն չկա: Բայց Սևակի հարազատները վստահ են, որ դա այդպես չէ: Կան բացահայտ փաստեր, որ դա կանխամտածված սպանություն է եղել, հենց միայն սպանության օրը շատ բան է հուշում: Մինչ օրս դատը շարունակվում է, և ամեն անգամ զոհված հայ տղայի հարազատները մեծ ցավ են ապրում, երբ մարդասպանի հետ կողք- կողքի դատարանի դռնից մտնում են ներս ու միասին էլ նույն դռնով դուրս գալիս:

2013 թվականին՝ Սևակի սպանությունից 2 տարի անց, Սևակի կորստյան ցավը չհաղթահարող ընտանիքին մի ուրախություն էր սպասում՝ Լեռնայի որդու՝ Օդինի ծնունդը, որը նոր իմաստ է հաղորդում նրանց իմաստազրկված կյանքին: Հենց այդ ժամանակ էլ նրանք հասկանում են, որ այլևս զինվոր չունեն թուրքական բանակին տալու, պետք է օր առաջ լքեն այդ երկիրը` ապահովագրելով իրենց որդու կյանքն ու ապագան:

Իսկ ի՞նչը կարող էր լինել ավելի ապահով, քան հայրենիքը, որի մասին Օդինի ծնողները միայն լսել էին, իսկ սեփական աչքերով երբեք չէին տեսել: Լսածն էլ իրականության հետ գրեթե կապ չուներ: Ուստի նրանք ուզում էին հեռանալ Թուրքիայից, բայց ոչ Հայաստան: Միայն Լեռնայի մայրը, որը շատ էր եղել Հայաստանում ու անչափ սիրում էր, ամեն առիթով հորդորում էր դստերն ու փեսային գոնե մեկ անգամ գնալ տեսնել, որից հետո միայն որոշում կայացնել:

Լեռնա Օզդեր

Իրոք, լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Լեռնայի ամուսինը՝ Շանթը, որ Թուրքիայի խոշորագույն ֆինանսական ընկերությունում բաժնի ղեկավար էր, նախ որոշում է մի գործնական այց կատարել Հայաստան՝ հասկանալու, թե հնարավո՞ր է արդյոք համագործակցության եզրեր գտնել հայաստանյան ֆինանսական որևէ ընկերության հետ: Պարզում է, որ հայաստանյան շուկան չափազանց փոքր է նման խոշոր ընկերության հետ համագործակցելու համար: Գործարքը չի ստացվում, բայց Շանթը սիրահարվում է Երևանին: Այս քաղաքը նրան զարմանալիորեն գրավում է: Երևանը որպես մի հին գյուղաքաղաք պատկերացրած ստամբուլահայը բացահայտում է եվրոպական քաղաք՝ զարգացած ու առաջադեմ մարդկանցով: Սա այն չէ՞ր, ինչ փնտրում էին իրենք Եվրոպայում, բայց այդպես էլ չէին գտնում: Շանթը մտքում որոշում է՝ պետք է տեղափոխվեն Հայաստան: Միակ թերությունն այն էր, որ ի տարբերություն Ստամբուլի, Երևանում ծով չկար, առանց որի իր կյանքը ծովեզերքին անցկացրած Շանթը չէր պատկերացնում: Բայց դա էլ չի խանգարում որոշմանը: Ստամբուլ վերադառնալուն պես կնոջն ասում է. «Պատրաստվիր, տեղափոխվում ենք Հայաստան»:

Շանթն ու Լեռնան իրենց 3-ամյա որդու՝ Օդինի հետ գալիս են հայրենիք՝ Թուրքիան մեկընդմիշտ թողնելով անցյալում: Շանթը վստահ է, որ Թուրքիան վաղ թե ուշ հայտնվելու է Սիրիայի կարգավիճակում, որի ժամանակ հայերի վիճակը շատ ավելի ծանր է լինելու: Իսկ իրենք չեն ուզում կրկնել սիրիահայերի սխալը, որոնք, չկանխատեսելով այդ երկրին սպառնացող աղետը, ժամանակին դուրս չեկան՝ կորցնելով շատ բան:

Ստամբուլահայ ընտանիքն այստեղ ռեստորանային բիզնես է սկսել ու հավատում է հաջողությանը, քանի որ կարծում է, որ Երևանում իսկապես կան նպաստավոր պայմաններ նման բիզնեսի համար: Դիտարկմանը, թե կողքից նրանց կարող են հակառակը համոզել, Շանթն ասում է, որ այո, իրենց ասում էին, թե Հայաստանում հնարավոր չէ բիզնես դնել, որ իրենց կխոչընդոտեն, կթալանեն և այլն: ,Բայց մենք ոչ մի նման բան այստեղ չտեսանքե,-ասում է նա:

Լեռնան ու Շանթն այնքան են սիրում Հայաստանը, որ չեն էլ մտածում որևէ այլ երկիր տեղափոխվելումասին: Նրանք ուզում են, որ իրենց որդին մեծանա հայրենիքում` շրջապատված հայերով, հայկականությամբ, առանց վախերի ու լարվածության: Ասում են` վաղուց դա պիտի արած լինեին: «Ուշ չէ»,- ասում եմ: «Իմ երեխայիս համար, այո, ուշ չէ, բայց նորեն ալ ուշ է, ուշ է: Եթե շուտ գայինք՝ Սևակը կապրեր»:

Այս տարի Ապրիլի 24-ին առաջին անգամ բարձրանալով Ծիծեռնակաբերդ` Լեռնան այնտեղ տեսնում է եղբոր լուսանկարը, որի առջև ծաղիկներ էին խոնարհված: Դա աննկարագրելի զգացողություն էր…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: