Հայերեն   English   Русский  

​«Ինձ կերտել է հայրենիքիս բնությունը, ես էլ կերտել եմ այն իմ նկարներում». Ժիրայր Աղավելյան


  
դիտումներ: 3671

Կինոռեժիսոր, նկարիչ, ռեժիսոր, կինոդերասան, բանաստեղծ, սցենարիստ և երաժիշտ Ժիրայր Աղավելյանը թերևս ինձ հանդիպած այն բացառիկ արվեստագետներից է, որոնք անսահմանորեն սիրում են բնությունն ու մարդկանց և կարողանում են համոզել նրանց, օգնել, որ նրանք էլ իրենց նման տեսնեն ու նկատեն շրջապատում եղած ամեն մի երևույթ, առարկա, բնության կտոր և կարողանան հասկանալ թվացյալ անհասկանալին՝ մտքի ու հոգու թռիչքների հասնելով:

-Պարո՛ն Աղավելյան, երբ առաջին անգամ համացանցում տեսա Ձեր նկարները, կարծեցի, թե դրանք յուրօրինակ արվեստի մի տեսակ են՝ հայելանկարներ: Հետո հասկացա, թե ինչ են ներկայացնում իրենցից այդ անկրկնելի, եթերային գործերը... Ե՞րբ սկսեցիք նկարել, ինչպե՞ս ծնվեց այդօրինակ նկարչության գաղափարը:

-Այդ ժամանակ ես ապրում էի Միացյալ Նահանգներում և իմ մասնագիտությամբ չէի աշխատում: Օրերից մի օր հանդիպեցի Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային շատ նման մի տիկնոջ. ցանկություն առաջացավ ստեղծելու կոլաժ, որը տվեցի տիկնոջը, իսկ նա այդ աշխատանքը ցույց տվեց իր ընկերներին, որոնք եկան ինձ մոտ ու խնդրեցին, որ ուրիշ կոլաժներ ևս անեմ:

-Նախապես դիզայներական նախապատրաստական աշխատա՞նք էիք կատարում, թե՞ միանգամից էիք աշխատում:

-Ես միանգամից աշխատում էի համակարգչով՝ օգտագործելով որոշակի ծրագրեր... Տիկնոջ կոլաժներից հետո շատ կոլաժներ արեցի, և քանի որ դրանց քանակը շատ էր՝ որոշեցի կախել պատից: Այդպես ասես մի չհայտարարված ու չանվանված ցուցահանդես ստեղծվեց, որը շատ այցելուներ ունեցավ: Դրանից հետո միտք հղացա ստեղծել նոր նկարներ, որոնք կարող էին հոգեկան բավականություն պատճառել մարդկանց: Այդպես ամեն ամիս մոտավորապես 60-70 նոր նկարներով ցուցահանդես էի բացում: ԱՄՆ-ում ֆիլմեր նկարահանելու հնարավորություն չունենալու պատճառով կինոժապավենը փոխարինեցի կտավով, և ֆիգուրատիպ նոր պատկերներ ստանալու հնարքով փորձում էի ասելիքս հանդիսատեսին հասցնել՝ որպես լուսանկար-կոլաժներ: Ստեղծագործական այն լուծումները, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին իմ մեջ, վերածվեցին կերպարվեստային լուծումների: Հետագայում առաջարկություններ եղան՝ բացելու անհատական ցուցահանդեսներ Բոստոնում: Դրանցից մեկը «Մակոր» հրեական սինագոգում էր, որտեղ տարբեր խավի մարդիկ էին այցելում: Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» և «Միրրոր սպեկտատոր» թերթերը լուսաբանեցին իմ ցուցահանդեսները, տեղի հայկական ռադիոյով հաղորդումներ հեռարձակվեցին, իսկ ռուսական մալուխային հեռուստատեսությամբ ժամանակ առ ժամանակ գովազդում էին ցուցահանդեսը: Ավելին՝ ինձ հրավիրեցին աշխատելու հեռուստատեսությունում: 1990-ական թվականների սկզբից մինչև 2012-ը Բոստոնում տասնյակ անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել:

...Ես դեռ վաղ տարիքից հետաքրքրվել եմ հոգեբանությամբ և ցանկություն եմ ունեցել գույներով լավ տրամադրություն հաղորդել մարդկանց: Սկզբում աշխատում էի մի գույնով, հետո՝ հաջորդ գույնով... Եվ տեսա, որ իմ մտահղացումն իրականանում է, ստացվում է:

-Իսկ ո՞ր գույնով արված աշխատանքը տվեց սպասված արդյունք:

-Կարմի՛րը. այդ գույնով արված աշխատանքն ասես ցնցեց բոլորին: Հետո սկսեցի գույները մեղմացնել կապույտով, կանաչով, դեղինով, դրանից հետո արդեն սկսեցի գույները խառնել: Հասա մի աստիճանի և ինքս ինձ հրահանգեցի կանգ առնել, որովհետև գործ ունեի շատ նուրբ մի բանի՝ մարդկային հոգեբանության հետ: Փորձեցի ինքս ստեղծագործելով՝ մարդկանց հուշել իմ նկարներով, որ իրենք էլ կարող են ստեղծագործել, ստեղծել մի փոքրիկ պատմություն, մի նկար, մի մեղեդի... Ես երկար տարիներ աշխատել եմ, որ մարդիկ իմ գույների միջոցով, նկարներով բացահայտեն իրենց ունեցած, բայց երբևէ չբացահայտված շնորհները: Գրում եմ նաև բանաստեղծություններ, երաժշտություն (ունեմ դասական, ժամանակակից ժանրով գրված գործեր և այսպես կոչված՝ տիեզերական երաժշտություն):

-Հե՞շտ էր ռեժիսորությունից անցնել նկարչության. մեկը մյուսին որքանո՞վ օգնեց ու որքանո՞վ խանգարեց:

-Չէի ասի՝ խանգարեց: Ճիշտ հակառակը՝ օգնեց: Կոլաժներ արեցի՝ նկարչության մեջ նոր ոճ ստեղծելով, որն անվանեցի ֆոտոռեժիսուրա:

-Ես համացանցով ծանոթացա Ձեզ հետ: Իհարկե, սոցիալական կայքերն էլ արվեստագետին ճանաչելու ինչ-որ ձև են, ճանապարհ, սակայն այդպես չէ, որ պետք է արվեստագետը ճանաչվի, հայտնի դառնա իր ապրած երկրում, իր հայրենիքում: Ինչո՞ւ Ձեզ չեն ճանաչում:

-Հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում այնքան էլ ուշադրություն չեն դարձնում արվեստին: Սակայն ԱՄՆ-ում ապրելու տարիներին բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել և բավականին հաջողությունների եմ հասել: Այդ ցուցահանդեսներ էին այցելում տարբեր ազգերի ներկայացուցիչներ և շատ էին հետաքրքրվում ու գնահատում նոր մտածողության, նոր ոճի, լույսի ու գույնի դրսևորումները: Միտք հղացավ, որ այնտեղից Երևանում ցուցահանդես բացեմ: Հայաստանի Հանրապետությունում իմ առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 2011 թ. «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում՝ «99 Pleasant» վերնագրով: Դա իմ ամերիկյան հասցեն էր: Ցուցահանդեսը նվիրել էի Հայաստանի անկախության 20-ամյակին: Ապրելով արտերկրում՝ չէի կարողանա կազմակերպել ցուցահանդես՝ առանց իմ լավ ընկերներից մեկի՝ Սուսաննա Խանվելյանի օգնության: Ես նաև բանաստեղծություններ էի գրել, որոնցից հատվածներ էի զետեղել աշխատանքներիս կողքին: Շատ հայտնի գեղանկարիչներ ու արվեստագետներ այցելեցին. նրանք մոտենում ու շոշափում էին նկարները՝ կարծելով, թե դրանք գեղանկարներ են: Դա գալիս էր մտածողությունից, թղթի ֆակտուրայից, խտությունից, գույներից: Ինը ցուցահանդես եմ ունեցել Երևանում, 10-րդը կկայանա այս տարի, Նկարիչների միությունում:

-Վաստակ, փորձ, որակավորում, բազմաթիվ ցուցահանդեսներ... Ամեն ինչ առկա է Նկարիչների միության անդամ դառնալու համար: Արժանացե՞լ եք դրան և արդյոք կարևորո՞ւմ եք այդ անդամակցությունը:

-Ճիշտն ասած, վերջերս՝ դեկտեմբերի 8-ին, երբ «Թեքեյան հիմնադրամ» մշակութային կենտրոնում կայացավ իմ «Երեք հասակ» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որը նվիրված էր ծննդյանս 60 և ստեղծագործական գործունեությանս 40-ամյա հոբելյաններին, Նկարիչների միության նախագահ պարոն Աղամյանն ինձ հանձնեց միության պատվավոր անդամի վկայականը:

-Պարո՛ն Աղավելյան, նկարչության, արվեստի այս ոճում Ձեզնից առաջ եղե՞լ են, կա՞ն ուրիշ ստեղծագորողներ:

-Ո՛չ: Աշխարհում առաջինն ու միակն այս ոճում առայժմ միայն ես եմ. ինքս եմ այն ստեղծել: Սա միայն նկարչություն և համակարգչային աշխատանք չէ. այստեղ կա նաև ռեժիսուրա, սցենար, կան դերասաններ: Այս աշխատանքները նման են դրամատուրգիական փոքրիկ աշխատանքների, որոնցում ներգրավվում է նաև հանդիսատեսը:

-Դուք աշխատել եք նաև Հեռուստառադիոպետկոմում, նկարել եք ֆիլմեր, կպատմե՞ք այդ մասին:

-Ես աշխատել եմ Հեռուստաթատրոնում, Արտաշես Քալանթարյանի ղեկավարությամբ: Աշխատելուն զուգընթաց՝ ընդունվեցի Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիայի կինոդերասանական բաժին, որն ավարտելուց հետո ստացա կինոդերասանի և դրամատիկական թատրոնի դերասանի որակավորում: Մեկ տարի անց տեղափոխվեցի Հեռուստառադիոպետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրություն, որտեղ աշխատեցի որպես ռեժիսորի ասիստենտ: Վահրամ Եղշատյանի ասիստենտն էի, նա «Աշխարհի շուրջը» հաղորդաշարի ռեժիսորն էր, շատ հետաքրքիր մտածողություն ուներ: Ցավոք, Եղշատյանը կաթված ստացավ, որից հետո նա գլխավոր խմբագրին հասկացրեց, որ միայն ինձ է վստահում այդ հաղորդաշարը: Այդ ժամանակ ասիստենտներին չէր թույլատրվում ինքնուրույն հողարդաշարեր պատրաստել: Եղշատյանն ինձ տվեց չհրկիզվող պահարանի բանալին, որն ինձ համար դարձավ կախարդական բանալի, իմ հետագա մասնագիտական կյանքի բանալին ու նոր դռներ բացեց իմ առջև: Հեռուստառադիոպետկոմի մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունում աշխատելու տարիներն ինձ համար եղել են մասնագիտական կայացման ու առաջխաղացման տարիներ: Դեռ բուհում սովորելու տարիներին նկարել եմ «Լավաշ», «Հայկական գոյապայքար», «Քարերի սիմֆոնիա», «Հավերժի ճամփորդը», «Վարդանանք» (Գրիգոր Խանջյանի համանուն գոբելենի մոտիվներով), «Ո՞վ է նա. Էդվարդ Ղազարյան» ֆիլմերը, վերջինը «Սպիտակ գիշերներ-88» մրցույթում արժանացավ 2-րդ կարգի մրցանակի: Իմ ֆիլմերի անփոխարինելի օպերատորը Սահակ Մարտիրոսյանն էր: «Քարերի սիմֆոնիան» Վիլնյուսում սիրողական ֆիլմերի առաջին միջհանրապետական փառատոնում դիպլոմի է արժանացել: «Լավաշ» ֆիլմը 1987 թ. Լենինգրադում արժանացել է պատվոգրի: Այս ֆիլմը 2 մրցանակ է շահել. 1988-ին Ձիգա Վերտովի անվան ուսանողական ֆիլմերի փառատոնում թեմայի բանաստեղծական մեկնաբանության համար ևս արժանացել է դիպլոմի: «Հավերժի ճամփորդը» նկարել եմ Գևորգ Էմինի համանուն քնարական էսսեի հիման վրա: Այդ տարիներին նկարահանեցի «Նռան ճյուղերով բոցուն» ֆիլմը Կոմիտասի մասին, որում նրան՝ որպես բանաստեղծի առաջինը ես եմ ներկայացրել: Իմ նկարներով շուրջ 40 սլայդ-ֆիլմերի հեղինակ եմ, դրանք կարճ ֆիլմեր են:

-Պարո՛ն Աղավելյան, Դուք գրել եք նաև բանաստեղծություններ, դրանք «արևի երես» տեսե՞լ են, ներկայացրե՞լ եք հանրությանը:

-Իմ բանաստեղծություններն իմ ստեղծած պատկերների բառային արտահայտություններն են, իմ գեղարվեստական լուսանկարները՝ բառերով: Դրանք ինձ համար հոգու մանրանկարներ են: Այդ բանաստեղծությունները Սուսաննա Խանվելյանի խմբագրությամբ և առաջաբանով հրատարակել եմ «Ա՛ռ ինձ ձեռքերիդ մեջ» գրքույկում: Ասեմ, որ դեռևս 2013-ին հրատարակել եմ «Մտքի մանրանկարներ» աֆորիզմներիս գրքույկը:

-Երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում, ունեցել եք բազմաթիվ ցուցահանդեսներ, հաջողություններ և կարող էիք այնտեղ ավելի հանրաճանաչ լինել ու առավել մեծ բարձունքների հասնել: Ինչո՞ւ վերադարձաք Հայաստան:

-Վերադարձա, որպեսզի նկարելու իմ նոր ոճը ցուցադրեմ Հայաստանում և դասավանդեմ, սակայն դասավանդելու բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան: Հավանում էին գաղափարս, բայց այդպես էլ չօգնեցին ու չաջակցեցին: Վարպետության դասեր անցկացրեցի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում «Ինչ է ֆոտոռեժիսուրան» թեմայով և «Նարեկացի» արվեստի միությունում՝ «Նոր ֆոտոգեղարվեստի հարցեր» թեմայով: Իմ կյանքում շատ կարևոր տեղ են զբաղեցրել մանկավարժությունն ու հոգեբանությունը: Իմ հետաքրքրության շրջանակներում միշտ եղել են ու կան երեխաներն ու երիտասարդները: Երբ նոր էի վերադարձել Հայաստան, այստեղ տարածված էր մի կարծիք, թե երիտասարդներին ոչինչ չի հետաքրքրում, նրանք ապրում են վիրտուալ կյանքով, այլ արժեքներ ունեն և այլն: Սակայն ես ուրիշ տպավորություն ստացա և հասկացա, որ նրանք ծարավի են ավագների խոսքին ու մեծ ցանկություն ունեն սովորելու, բայց սովորեցնող չկա: Այդ հանգամանքը շատ է տխրեցնում ինձ. ես այնքան ասելիք ու սովորեցնելու բան ունեմ, բայց լսարան ունենալու հնարավորություն չկա: Ես կարծում եմ, որ բոլոր հայերը քայլող հանրագիտարան են:

-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:

-Հայրենիքն իմ արմատներն են, եթե մոռանամ դրանք, ապա հայրենիք ասած հասկացությունը գոյություն չի ունենա: Իմ մանկությունն անցել է Վաչագան գյուղում՝ պապիկիս ու տատիկիս մոտ: Մեծացել եմ գեղանկար բնության գրկում, Խուստուփի փեշերին. պառկում էի խոտերի վրա և ժամերով աչքս չէի կտրում աստղերից. ասես գրկում էի Խուստուփն ու աստղերը, խաղում էի աստղերի հետ, որոնք այնքա՜ն մոտիկ էին: Իմ բանաստեղծություններից մեկում տողեր ունեմ՝ «Ես կուզեի գնալ աստղերից էլ վեր», որովհետև այնտեղ մի ուրիշ աշխարհ է: Ինձ կերտել է Հայրենիքիս բնությունը, ես էլ կերտել եմ այն իմ նկարներում: 21 տարի ապրեցի օտար երկրում և ասես դառնալով սփյուռքահայ՝ վերադարձա հայրենիք: Այդ տարիներն ինձ համար մի յուրօրինակ դպրոց էին: Մեզ դրսում գնահատում են, մնում է, որ մենք մեր ունեցածն այստեղ գնահատենք:

-Ի՞նչ գույների մեջ եք տեսնում Հայրենիքը:

-Իմ Հայրենիքը ես տեսնում եմ արևի ճառագայթների մեջ...

-Իսկ ճառագայթը գույն ունի՞...

-Այն էլ՝ ինչքա՜ն... յոթ գույներն էլ մասնակցում են բոլոր գույներին և ներդաշնակորեն դառնում են մի գույն՝ և՛ հույս, և՛ լույս, որոնք տանում հասցնում են տիեզերական մտածողությանը, և ինձ թվում է, որ մեր Հայրենիքը հենց այդտեղից է գալիս:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: