Հայերեն   English   Русский  

Գրիգոր Մխիթարյան. «Հպարտ եմ, որ հայ եմ»


  
դիտումներ: 2048

Մայիսի 13-16-ը Կազանում կայացավ սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 400 մարզիկ 30 երկրից: Հայաստանի հավաքականը մարտական սամբոյի մրցաշարում նվաճեց 5 մեդալ:

52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը գերազանց մասնակցեց առաջնությանը՝ նվաճելով Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը: Գյումրեցի մարզիկը սամբոյում մեկը մյուսի հետևից պարտության մատնեց բոլոր մրցակիցներին, նվաճեց չեմպիոնի կոչումը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Գրիգորը եզրափակիչ գոտեմարտում 1:0 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակից Արտուշ Արսյանին:

Եվրոպայի նորընծա չեմպիոնը «Անկախի» հետ զրույցում խոսեց մրցաշարից ստացած տպավորությունների մասին՝ անչափ կարևորելով այս հաղթանակը:

- Եվրոպայի առաջնությունում փայլուն հանդես եկաք: Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք տրամադրված մրցաշարից առաջ:

- Շնորհակալ եմ: Ելելով երկրում տիրող պատերազմական դրությունից՝ այնքան էլ հանգիստ չէի: Ընկերներս, եղբայրներս ռազմադաշտում էին, ես էլ ցանկանում էի գնալ և կռվել, լինել նրանց կողքին՝ մարտի դաշտում:

Ընկերներիս հետ որոշեցի անգամ մեկնել ռազմաճակատ, բայց մարզիչներս թույլ չտվեցին՝ խորհուրդ տալով, որ մրցադաշտը վերածենք մարտադաշտի: Մենք՝ մարզիկներս, մեր կռիվը պետք է տանք մրցումների ժամանակ՝ ազգի պատիվը բարձր պահելով, հիմնը հնչեցնելով, եռագույնը բարձրացնելով: Դա էլ կլինի մեր հաղթանակը:

Այդ պահից սկսեցի ավելի լրջորեն նախապատրաստվել մրցումներին, պատկերացնելով, որ կռվի եմ գնալու: Մարզումներին մասնակցում էի ավելի մեծ եռանդով: Հաղթական տրամադրված մեկնեցի Կազան: Առաջնությունից առաջ և ընթացքում եղան դժվարին պահեր, ստացա վնասվածքներ, բայց ես մարտականորեն էի տրամադրված: Որոշել էի, որ ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ: Մինչև վերջ պայքարելու եմ հաղթանակի հասնելու համար:

- Մեծահասակների առաջնությունում առաջին անգամ դարձաք չեմպիոն: Զգացողություններն ինչպիսի՞ն են:

- Վերջին հաջողությունս 2014-ին էր, երբ դարձա երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: 2015-ն այնքան էլ հաջող չդասավորվեց ինձ համար, մնացի ձեռնունայն: Կարելի է ասել՝ 2015-ը «երաշտ տարի» էր ինձ համար:

Ես սպասում էի այս հաղթանակին կարոտով և պատրաստ էի ամեն գնով հաղթել՝ պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու համար:

Մեծ պատիվ էր ինձ համար հաղթել Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Կազանի մրցագորգում: Մրցաշարն անթերի էր կազմակերպված: Կազմակերպիչներն ուշադրություն էին դարձրել ամեն մանրուքի վրա, որպեսզի մարզիկը կարողանա լիարժեք տրամադրվել պայքարին: Սա շատ կարևոր է:

Հաղթանակը երանելի պահ է յուրաքանչյուր մարզիկի համար: Զգացողություններն աննկարագրելի են: Ամեն մարզիկ յուրովի ապրումներ է ունենում այդ վայրկյաններին:

Անպայման ցանկանում եմ նշել, որ ես միայնակ չեմ հաղթել: Անչափ կարևորում ու գնահատում եմ յուրաքանչյուրի ներդրումն իմ հաղթանակում: Մարզումներս անցկացնում եմ հանրապետական մարզադպրոցում Երվանդ Գրիգորյանի և Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ: Մարզիչներիս խորհուրդներն ու ուղղորդումներն ինձ համար շատ կարևոր են: Մարզավիճակը շատ կարևոր է սպորտում: Մարզավիճակից է կախված մարզիկի հոգեվիճակն ու տրամադրվածությունը: Մինչև մրցումներն է հարկավոր պատրաստ լինել: Մարզիչս մարզիկ է եղել և այս ճանապարհն անցել է: Նրա խորհուրդներին եմ հետևում:

- Վճռորոշ գոտեմարտում հանդիպեցիք Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտուշ Արսյանին: Դժվար չէ՞ր տրամադրվել:

- Ես և Արտուշը շատ մտերիմ ենք: Բայց եզրափակչում մեկս մյուսին չխնայեց: Մրցման ժամանակ չկա եղբայր, բարեկամ, հարազատ: Սպորտում, կարելի է ասել, դա գրված օրենք է: Մեծ պատիվ էր ինձ համար մրցել Արտուշի հետ, նա հիանալի մարզիկ է: Հայ մարզիկներն ուժեղ են և տաղանդավոր: Նրանք կարողանում են հաջողությունների հասնել ամենուր:

- Հաղթանակի հասնելու համար ի՞նչ է հարկավոր և ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Հաղթանակի, կյանքում առհասարակ ինչ-որ բանի հասնելու համար հարկավոր է ցանկություն և նպատակ: Աշխատասիրության, համառության, հավատի շնորհիվ էլ հնարավոր կլինի հասնել նպատակին: Ոչինչ հեշտ չի տրվում, հարկավոր է չհանձնվել և պայքարել:

Սպորտն իմ լավագույն ուսուցիչն է: Սպորտի շնորհիվ սովորել եմ սիրել ու գնահատել կյանքը, ճիշտ կողմնորոշվել դժվարին իրավիճակներում, ընկնել-ելնել, վազել-անցնել, դժվարությունները հաղթահարել, միշտ առաջ նայել: Սպորտն ինձ ուժեղ է դարձնում: Իմ մարզաձևը՝ սամբո, նշանակում է պաշտպանություն առանց զենքի: 6 տարեկանում, երբ հայրիկիս և եղբորս հետ գնացի մարզադպրոց, շատ պատահական մտա սամբոյի մարզադահլիճ, ինձ գրավեցին և հետաքրքրեցին մարզաձևում ցուցադրվող հնարքները: Սկսեցի զբաղվել սամբոյով, և այն ինձ համար դարձավ ապրելակերպ:

- Գյումրեցիները, քաղաքապետի գլխավորությամբ, հատուկ տոնակատարությամբ դիմավորեցին Ձեզ:

- Հաճելի է, որ կարողացանք տոն պարգևել մեր հայրենակիցներին: Գյումրին մեծ ուրախությամբ դիմավորեց մեզ: Մարդիկ կարիք ունեն բարի լուրերի, լավ նորությունների, հաղթանակների: Հաճելի է տեսնել, որ անկախ տարիքից ու գործունեության ոլորտից բոլորն անհատապես ուրախանում են, ոգևորություն են ապրում: Դա մարզիկներին կրկնակի ուժ և եռանդ է հաղորդում առաջ շարժվելու, մշտապես հաղթելու: Երբ զգում ու տեսնում ես, որ մի ամբողջ ազգ քո կողքին է, ցանկանում ես մարդկանց միշտ պարգևել հաղթանակի բերկրանքը:

Ես հպարտ եմ, որ հայ եմ, ժառանգել եմ հայի անկոտրում ոգին: Մեծ պատասխանատվություն և հպարտություն եմ զգում, երբ ներկայացնում եմ մեր երկիրը: Յուրաքանչյուր հայ մարզիկ մշտապես պարտավորված է զգում՝ հաջող ելույթներ ունենալու, մրցաշարերին լավ ներկայանալու և, վերջապես, հաղթելու:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: