Հայերեն   English   Русский  

​Վարկային բեռը մեզ դանդաղ արնաքամ է անում. Հակոբ Սանասարյան


  
դիտումներ: 12570

«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը ԽՄ տարիներին ծավալված բնապահպանական շարժման նախաձեռնողներից, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն է:

- Պարոն Սանասարյան, այս տարի տոնում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք:

- Հիմնական ձեռքբերումներից կարելի է առանձնացնել այն, որ կատարվեց հայ ժողովրդի բաղձանքը և Հայաստանը դարձավ ինքնիշխան պետություն, ընդունվեց ազգային շահից բխող անկախության հռչակագիրը, հայ մարդը կարողացավ վերադարձնել իր կորցրած հողատարածքների թեկուզ մի փոքր մասը:

Հենց սկզբից կարծես ամեն ինչ լավ հիմքերի վրա էր: Արդար ընտրություններով ձևավորված Գերագույն խորհուրդն ուներ օրենսդիր և վերահսկիչ ֆունկցիա, նա էր հաստատում բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումն ու պաշտոնանկումը: Կարելի է ասել, որ Հայաստանում օրինականություն կար, և հույս էինք փայփայում, որ պիտի գնանք դեպի լավը:

Սակայն մեր սպասելիքները մնացին որպես երազանք: Այս հարցում իր դերն ունեցավ նախագահական համակարգի ստեղծումը: Նախագահին տրվեց գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ֆունկցիաների մի մասը, ինչը պետական կառավարման համակարգում խառնաշփոթ առաջացրեց: Ընդհանրապես, կյանքը ցույց է տալիս, որ հատկապես թույլ երկրների դեպքում նախագահական համակարգը շատ փխրուն է և առավել վտանգավոր: Դժբախտաբար, միակենտրոն կառավարման ձգտող ուժը՝ սիոնիզմը, օգտագործելով իր քաղաքական ու ֆինանսական հզորությունը, կարողացել է պայմաններ ստեղծել, որ աշխարհի բոլոր պետությունները նախագահական համակարգ ունենան, ինչը նրան հնարավորություն է տալիս, արդեն անհատների վրա ճնշում գործադրելով կամ նրանց հետ գործարք կնքելով, ճանապարհ հարթելու իր նպատակների իրականացման համար, այն դեպքում, երբ նրա նպատակներից մեկն էլ պետությունների վերացումն է:

Պետականության կերտման գործում թույլ տված սխալների պատճառով է, որ այժմ հասել ենք պետականության կորստի եզրին կամ գուցե արդեն կորցրել ենք: Հռչակագրից շեղվեցինք, ընդունեցինք հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերին չհամապատասխանող սահմանադրություն և դրանից բխող օրենքներ, այնպիսի օրենքներ, որոնք արժեզրկում ու փոշիացնում են ամբողջ պետական համակարգը և լայն ճանապարհ հարթում ժողովրդի ու պետության ունեցվածքը կողոպտողների առջև: Սա հանգեցրեց նաև այն ողբերգական վիճակին, որ մեր ժողովուրդը ստիպված է, բառիս բուն իմաստով, ողորմություն խնդրել իր ունեցվածքը կողոպտողներից, որպեսզի կարողանա գոյատևել և կասեցնել թշնամու հարձակումը: Սրա հետ մեկտեղ, հայ ժողովրդի վրա օրեցօր ավելի է ծանրանում վարկային բեռը: Հայաստանի իշխանությունը մոտ 6 միլիարդ ամերիկյան դոլարի վարկեր է վերցրել՝ առանց ժողովրդի կարծիքը հարցնելու: Այդ վարկային բեռը մեզ դանդաղ արյունաքամ է անում: Իշխանությունը չի հայտարարում, թե այդ վարկերի դիմաց ինչ է գրավ դրել: Տեղեկություն կա, որ այդ գրավը մեր հանրապետության տարածքներն են: Իշխանությունը նաև ժողովրդից գաղտնի է պահում այն, որ վարկային պայմաններով Հայաստանի կառավարությունը զրկված է արդյունաբերություն ունենալուց և ընդհանրապես տնտեսական գործունեությունից և աստիճանաբար պետք է լիովին սեփականազրկվի: Այսինքն՝ Հայաստանը կարող է զարգացնել արդյունաբերությունը, ինչպես նաև հանքավայրեր շահագործել միայն այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկից ու միջազգային կոչված մյուս կազմակերպություններից այլևս վարկեր չվերցնի ու մարի արդեն գոյացած վարկային պարտքը:

Կորուստներից նշեմ նաև հետևյալը. նախկինում մեծ հռչակ ունեցող մեր գիտական հաստատություններն այժմ խիստ թերի ֆինանսավորման պատճառով ծանր վիճակում են; Իսկ եթե երկիրը զարգացած գիտություն չունի, ապա չի ունենա նաև կենսունակ տնտեսություն, ժամանակակից բանակ, գիտական հիմքեր ունեցող մանկավարժություն ու առողջապահություն: Ծայրաստիճան բացասական հետևանքներ ունեցան վայրենի ազատականացումը և արագընթաց ու լայնածավալ սեփականաշնորհումը: Սեփականաշնորհվեցին անգամ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները և օբյեկտները: Դրամատների ծավալմամբ ու վարկեր տալով՝ բնակչությանը աղքատացրին, ունեզրկեցին, և նրանցից շատերն արտագաղթեցին:

- Անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Սկզբում կար բնապահպանական շարժումը, որը 88 թվին քաղաքականացվեց և սերտաճեց ղարաբաղյան շարժմանը, իսկ դրանից հետո առաջ քաշվեց նաև անկախության գաղափարը: Շատերիս մտքով երբեք չի անցել, որ Սովետական Միությունը կփլուզվի, և հայերս անկախություն կստանանք:

Քանի որ բնապահպանական խնդիրներով էինք զբաղվում, բավականին տեղյակ էինք արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի կարևորության, ինչպես նաև նրանց թափոնների հետևանքով առաջացած վնասների մասին: Մտածում էինք, որ Գորբաչովի գլխավորած իշխանությունը կաշառակերությանը վերջ կդնի, մեր հանրապետության համար վնասակար արտադրությունները կփակվեն, ու դրանց փոխարեն նոր արտադրական ձեռնարկություններ կստեղծվեն: Մի խոսքով, Հայաստանի արդյունաբերությունը կհամապատասխանեցվի մեր բնակլիմայական պայմաններին ու բնական պաշարներին:

Հետագայում, երբ հայտնի դարձավ գորբաչովյան խաբկանքը, փլուզվեց Խորհրդային Միությունը և մենք էլ ունեցանք ինքնիշխան պետություն ստեղծելու հնարավորություն, մտածում էինք՝ անհնար է, որ Հայաստանում անհաջողությունների դեմ առնենք: Հավատացած էինք, որ եթե հայ մարդու ձեռքում է հայոց պետականության ղեկը, ուրեմն ամեն ինչ կարվի ի բարօրություն մեր ժողովրդի: Փաստորեն, երազը դարձավ իրականություն, մնում էր այն փայփայել ու պահպանել:

Դժբախտաբար, այժմ՝ անկախության հռչակման 25-ամյակի շեմին, բոլոր բնագավառներում ունենք լուրջ նահանջներ և անդառնալի կորուստներ: Երբեմն առավոտյան զարթնելիս կատարվածը՝ ընտրակեղծիքներով, բացահայտ անօրինականությունով, ծիծաղելի դիվանագիտությամբ, կոռուպցիայով, բնական միջավայրի թունավորմամբ ու ոչնչացումով պարուրված այս ամենը, ուղղակի մղձավանջային երազ է թվում:

- Հաճախ անկախության տարիների բացթողումները մեկնաբանելիս ասվում է, որ 1991-ին հայությունը պարզապես պատրաստ չէր անկախությանը: Ըստ Ձեզ` մենք որքանո՞վ էինք պատրաստ անկախությանը:

- Անկախությունն անսպասելի էր: Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Խորհրդային Միությունը կտրոհվի-կվերանա: Երկրի կառավարման համակարգին տիրացած մեր պաշտոնյաները պետության ձևավորման, զարգացման ու պահպանման համար անհրաժեշտ գիտելիք, հմտություն ու փորձառություն չունեին, նույնը կարելի է ասել խորհրդարանի մասին: Սրան պետք է ավելացնել նաև այն, որ անկախությանը նախորդել էր ավերիչ երկրաշարժը, և Հայաստանը Ադրբեջանի հետ առճակատման, ապա պատերազմի մեջ էր:

- Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիներին թույլ տրված ամենամեծ սխալը:

- Դժվարանում եմ միայն մեկը ասել. կթվարկեմ մի քանիսը: Նախ՝ երկրում վարած սխալ քաղաքականությունը, որի հետևանքով սկսվեց և առ այսօր շարունակվում է արտագաղթը, միջազգային կազմակերպությունների թելադրանքով և նրանց տված դրամաշնորհների ուղեկցությամբ սահմանադրության և օրենքների ընդունումը, գլխավորապես Համաշխարհային բանկի վարկային մամլիչի տակ մտնելը, պետական ունեցվածքի սեփականաշնորհումը, երկրի կրոնականացումն ու ազատականացումը:

- Ո՞րն եք համարում ներկայումս մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

- Առաջին՝ պետք է համախմբվել, զինել բանակը: Դատարանի առջև պետք է կանգնեն այն պաշտոնյաները, որոնց իշխանության օրոք Հայաստան են մուտք գործել պետության հիմքերը քայքայող, բնակչությանն իրավազրկող ու աղքատացնող օրենքներ, նաև այն պաշտոնյաները, որոնց թողտվությամբ կամ մասնակցությամբ կողոպտվել է պետության ունեցվածքը և երկիրը հասել է կործանման եզրին: Պետք է ձերբազատվել պետականակործան իշխանավորներից:

- Ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր պետականության համար: Ձեր գնահատմամբ` ինչպե՞ս կարողացանք հաղթահարել այդ փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք և հետագայում ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

- Բոլորը նույն խոսքն են ասում, որ թշնամու կազմակերպած կայծակնային հարձակումը կասեցվեց շնորհիվ մեր զինվորի ոգու, հայրենասիրության, կյանքի նկատմամբ նրա սիրո և գիտակցման: Այդ պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովրդի դեմ պատերազմում է ադրբեջանական բանակը և մեր իշխանական համակարգը: Ահա թե ինչու այդ կասեցումը շատերը հաղթանակ են համարում:

Այս հարցում պետք է կտրականապես փոխենք մեր ռազմավարությունը: Տարիներ շարունակ և առ այսօր թշնամին տարբեր զինատեսակներով գնդակոծում է մեր դիրքերն ու բնակավայրերը: Դրան հակահարված տալու փոխարեն, մեր պաշտոնյաները անհիմն ու սուտ հայտարարություններ են տարածում: Դժբախտաբար, իշխանական համակարգում չեմ տեսնում այս հանցագործությունը կանխող պաշտոնյայի:

- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

- Կարող եմ հետևյալը ասել. ժողովրդի և պետության շահերից բխող օրենքի գերակայության պայմաններում Հայաստանը կարճ ժամանակահատվածում կդառնա ծաղկուն երկիր: Հայաստանն իր բնակլիմայական պայմաններով, բարձրաբերձ լեռներով, սառնորակ աղբյուրներով, բուրումնալի մրգերով, կյանքի համար նպաստավոր մի եզակի ու հրաշալի վայր է:

Ապագայում Հայաստանը տեսնում եմ որպես նախանձելի մի երկիր՝ իր երջանիկ բնակչությամբ ու հայահունչ խոսքով, ինչպես ի սկզբանե:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: