Հայերեն   English   Русский  

Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. ի՞նչ գիտենք ու ի՞նչ չգիտենք այս շենքի մասին


  
դիտումներ: 5316

Եթե հանկարծ որոշեք մանրամասն հետաքրքրվել Երևանի ամենաշքեղ պատմական շենքերից մեկի` Նալբանդյան 46 և 48 հասցեներում գտնվող Արքունական պալատի ու Նահանգական գանձատան պատմությամբ (ներկայումս` ՎՏԲ բանկի և Հայբիզնեսբանկի շենքեր), ապա համացանցում կգտնեք ընդամենը, որ կառուցվել է 1901 թվականին, ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան: Այսքանով շենքի մասին տեղեկատվությունն ավարտվում է: Շենքն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, սակայն դրա վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն որևէ պետական կառույցի տեղեկատվական հարթակում հնարավոր չէ գտնել: Շենքի մասին ծավալուն տեղեկություններ չկան անգամ Երևանի պատմության թանգարանում: Այնտեղ էլ միայն նշված են շենքի անվանումն ու ճարտարապետը:

Այս կառույցի մասին միակ ընդգրկուն տեղեկատվությունը 2008 թվականին հրատարակված Ճարտարապետ Մարիետա Գասպարյանի «Երևանի ճարտարապետությունը 19-րդ և 20-րդ դարասկզբին» գրքում է, որը, ցավոք, լույս է տեսել միայն ռուսերեն և փոքր տպաքանակով: Գիրքն օնլայն տարբերակով նույնպես հասանելի չէ, և ստացվում է, որ շատ քչերը հնարավորություն ունեն դրան ծանոթանալու: Սակայն այստեղ շենքը ներկայացված է զուտ մասնագիտական տեսանկյունից: Մարիետա Գասպարյանը մանրամասն ներկայացրել է համալիր կառույցի ստեղծման պատմությունը, կառուցվածքը, ճարտարապետական լուծումները և այլն: Արքունական պալատի և Նահանգական գանձատան ճարտարապետա-նախագծային կառույցի կոմպոզիցիան և նախագծի կոնֆիգուրացիան բավականին բարդ բնույթ են ունեցել` պայմանավորված կառույցի բազմաֆունկցիոնալությամբ և կարգավիճակով: Կառույցը ներառել է ոչ միայն վարչական, այլև բնակելի հատված: Ի դեպ, կառույցի հեղինակը՝ ճարտարապետ Միրզոյանը,հասարակական շենքեր ու առանձնատներ նախագծելիս համադրում էր ռուսական կլասիցիզմը և հայկական ճարտարապետության ավանդույթները։ Այս շենքն էլ դրա դրսևորումն է:

Որպես Արքունական պալատ և գանձատուն՝ կառույցը գործել է մինչև 1918 թվականը: 1918-20 թվականներին շենքում տեղակայվել է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը: Այստեղ են աշխատել առաջին Հայաստանի Հանրապետության վարչապետներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համազասպ Օհանջանյանն ու Սիմոն Վրացյանը, արտգործնախարար Տիգրանյանը, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը և այլ կարկառուն դեմքեր: Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը զբաղեցրել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն և Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որոնք ղեկավարում էին Սարգիս Կասյանն ու Ալեքսանդր Մյասնիկյանը:

Արքունական պալատը և Նահանգական գանձատունը 10.JPG

1987-88 թվականներին շենքը վերակառուցվել է, ավելացել է նոր մասնաշենք: 2007 թվականին շենքի ներքին կառուցվածքները քանդվել են, մնացել են միայն արտաքին պատերը: Սա նույնպես բավականին հետաքրքիր տեղեկատվություն է, որն արժե ուսումնասիրել, բայց, ցավոք, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչներից, թե՛ ճարտարապետներից հնարավոր չեղավ մանրամասներ ճշտել: Իսկ շենքի ժամանակագրության մասին տեղեկությունների փնտրտուքը վերածվեց իսկական մղձավանջի: 1918-20 թվականներից հետո շենքի մասին որևէ տեղեկություն հնարավոր չեղավ գտնել: Պարզվեց՝ որևէ հաստատություն հստակ տեղեկություններ չունի, թե այդ շենքը որպես ինչ է ծառայել մինչև ՎՏԲ-ին և Հայբիզնեսբանկին հանձնելը: Սակայն ամենազավեշտալին այն էր, որ ՀՀ մշակույթի նախարարությունից այդպես էլ չկարողացան հայտնել, թե երբ և ինչ հիմքով է շենքը տրվել վերոնշյալ բանկերին:

Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն այն հարցին, թե 1918-ից հետո մինչև բանկերին տրվելը շենքն ում է պատկանել, ասաց, որ տեղյակ չէ: Նա միայն նշեց, որ կառույցը 2004 թվականին է ներառվել ՀՀ կառավարության հաստատած Երևան քաղաքի պատմության և անշարժ հուշարձանների պետական ցանկում, իսկ նախորդ ցուցակում,որը հաստատվել էր 1983 թվականին, այն ներառված չի եղել: Այսինքն՝ շենքը նախկինում պահպանվող հուշարձան չի եղել: Դիտարկումը, թե փաստորեն այն բանկերին է տրվել որպես պահպանման ոչ ենթակա հուշարձան, Կարո Այվազյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց: Ասաց՝ քանի որ չգիտի, թե երբ և ինչ հիմքով է տրվել, չի կարող ասել: «Մենք միայն 2004-ից հետո գիտենք, թե դա ինչ է եղել»,- ասաց նա:

Հարցին, թե երբ 2004 թվականին շենքերը ներառել են պահպանվող հուշարձանների շարքում, իրենք տեղյակ չե՞ն եղել, թե դրանք ում են պատկանում, Այվազյանն ասաց, որ տվյալ դեպքում իրենց համար կարևոր չէ, թե ում տնօրինության տակ է շենքը, քանի որ իրենք գործ ունեն կառույցի հետ:

Հարց է առաջանում. ենթադրենք՝ շենքը բանկերին է տրվել ոչ որպես հուշարձան-շենք, սակայն 2004 թվականին ներառվել է պահպանվող հուշարձանների ցանկում, այդ դեպքում չպե՞տք է որոշակի փոփոխություններ տեղի ունենային նաև պահպանման պարտավորագրերում: Ի դեպ, հարցին, թե ում հետ են բանկերը պահպանման պարտավորագիր կնքել, Կարո Այվազյանը խորհուրդ տվեց դիմել իր վերադասին՝ գործակալության պետ Արմեն Աբրոյանին, իսկ Աբրոյանը տեղում չէր, որ ճշտեինք:

Ե՞րբ և ի՞նչ հիմքով են այդ մասնաշենքերը տրվել բանկերին: Այս տեղեկությունը փորձեցինք ստանալ նաև մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից: Այնտեղ էլ ասացին, որ իրենք միայն շենքի չափագրումներն ունեն, իսկ թե կառավարության որ որոշմամբ են շենքերը տրվել բանկերին, նման տեղեկություն չունեն: Նրանք էլ իրենց հերթին խորհուրդ տվեցին դիմել Կարո Այվազյանին: Մի խոսքով, իսկական զավեշտ:

Պետական կառույցներից հույսներս կտրած՝ որոշեցինք ուսումնասիրել վերոնշյալ երկու բանկերի պատմությունը: Պարզվեց՝ այդ բանկերի պաշտոնական կայքերում որևէ տեղեկություն չկա այն մասին, որ իրենք պատմամշակութային հուշարձանի տարածք են զբաղեցնում: ՎՏԲ բանկի մարկետինգային բաժնի աշխատակիցն ասաց, որ միայն գրավոր հարցման դեպքում կարող են նման տեղեկատվություն տրամադրել: Զարմանալի է, բայց կարծում ենք, որ նման տեղեկատվության հասանելիությունը նախ և առաջ բանկին է ձեռնտու որպես լուրջ մարկետինգային գործոն:

Ինչևէ, այս շենքի մասին տեղեկատվության երկարատև ու տաժանակիր փնտրտուքը բացահայտեց մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ պետական բարձիթողի վիճակն ու դրանք տնօրինող մասնավոր հատվածի կողմից առկա անլուրջ վերաբերմունքը:

Փաստորեն, մենք գրեթե ոչինչ չգիտենք և հնարավորություն էլ չունենք իմանալու մեր քաղաքի պատմության, մեր շուրջը գտնվող ու դեռևս պահպանվող շատ ու շատ հուշարձան կառույցների մասին, ինչը նաև լուրջ վտանգ է այդ կառույցների հետագա ճակատագրի համար:

Նյութի հրապարակումից 15 օր անց ՀՀ մշակույթի նախարրությունից ստացանք մեր մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

1. Նալբանդյան 46 և 48 հասցեներում գտնվող Արքունական պալատի և Նահանգական գանձատան շենքերը ե՞րբ և ի՞նչ հիմքով են հանձնվել "Հայբիզնես բանկ" ՓԲԸ-ին և "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ-ին, ո՞ւմ հետ է կնքվել պահպանման պարտավորագիր:

Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատվել է 2004 թվականին: Ուստի Նալբանդյան 46 հասցեում XX դարի սկզբում կառուցված Գ. Բոգոլյուբսկու բնակելի տան 1987-89 թվականներին իրականացված վերակառուցման՝ մանսարդային հարկի և կցակառույցի նախագիծը, ինչպես նաև դրա հետ կապված փաստաթղթերը ՀՀ մշակույթի նախարարությանը չեն ներկայացվել: Իսկ 1901 թվականին ճարտարապետ Վ. Միրզոյանի նախագծով Նալբանդյան 48 հասցեում կառուցված Արքունական պալատի և Նահանգական գանձատան հուշարձանի պահպանական պարտավորագիրը կնքվել է 2007 թվականին, շենքի սեփականատիրոջ՝ «Ալոնժ» ՍՊԸ-ի հետ:

2. Երբ 2004 թվականին շենքերը ներառվել են ՀՀ կառավարության հաստատած Երևան քաղաքի պատմության և անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ո՞ւմ են պատկանել:

Մեր տեղեկությունների համաձայն, Խորհրդային վերջին շրջանում այն պետության սեփականությունն էր: 1993-2004 թթ. ընկած ժամանակահատվածում շենքերի պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ չունենք:

ՀՀ կառավարության կողմից հաստատված Երևան քաղաքի պետական ցուցակի կազման ժամանակ փորձագիտական հանձնաժողովի կողմից այս կամ այն շինությունը ցուցակում ընդգրկելու վերաբերյալ եզրակացությունը տրվել է բացառապես դրանց պատմական, գեղարվեստական և ճարտարապետական արժեքների հիման վրա: Շինությունների սեփականության իրավունքի պատկանելիության վերաբերյալ տեղեկույթ չի պահանջվել:

3. 1918 թվականից հետո մինչև "Հայբիզնես բանկ"-ին և "ՎՏԲ-Հայաստան բանկ"-ին հանձնելը շենքերն ի՞նչ նպատակով են օգտագործվել:

Ըստ մեր տեղեկությունների, նշված շենքերը օգտագործվել են որպես վարչական շենքեր:

Միաժամանակ անդրադարնալով 2016 թվականի հունիսի 6-ի «ankakh.com» լրատվական կայքում հրապարակված «Արքունական պալատ և Նահանգական գանձատուն. Ինչ գիտենք ու ինչ չգիտենք այս շենքի մասին» հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված՝ «2007 թ. շենքի ներքին կառուցվածքները քանդվել են, մնացել են միայն արտաքին պատերը» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Իրականում, «Ալոնժ» ՍՊԸ-ի կողմից նախագծով կառուցված հուշարձան-շենքում պահպանվել է հատակագծային հորինվածքը և ուժեղացվել են հիմնական կրող պատերը: Նշենք նաև, որ բանկի գործունեության կազմակերպման արդյունքում՝ վերականգնվել է շենքի սկզբնական՝ 1900-ական թվականների գործառնական նշանակությունը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: