Հայերեն   English   Русский  

Օլիմպիական 4 ուղեգիր՝ աթլետիկայից


  
դիտումներ: 2109

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում հայ աթլետները մշտապես մասնակցել են օլիմպիական խաղերին: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերն էլ այս առումով բացառություն չեն լինելու: Մինչ այժմ օլիմպիական ուղեգիր և «Ռիո 2016»-ին մասնակցելու հնարավորություն է ձեռք բերել 4 աթլետ:

«Անկախի» հետ զրույցում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը պատմում է մարզիկների արդյունքների, նրանց հնարավորությունների և մարզաձևի ներկայիս վիճակի մասին:

- Մայիսն արդյունավետ էր աթլետների համար: Նրանք կարողացան բարձր արդյունքներ գրանցել և ձեռք բերել օլիմպիական վարկանիշ: Հեռացատկորդ Ամալյա Շառոյանն Ալբանիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում 6,72 մետր արդյունքով գրավեց առաջին տեղը՝ ձեռք բերելով օլիմպիական ուղեգիր: Հայաստանի լավագույն արագավազորդուհի Դիանա Խուբեսերյանն էլ օլիմպիական ուղեգիր նվաճեց Ղազախստանում: 200 մ տարածությունը նա հաղթահարեց 23,18 վայրկյանում:

- Մայիսի 27-29-ն անցկացվեց աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային էր:

- Այո, Հայաստանի առաջնությունն անցկացվեց Արտաշատ քաղաքում: 200 մետր վազքատարածությունում օլիմպիական ուղեգիր նվաճեց Գայանե Չիլոյանը: Տղաներից օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ գրանցելով 16,85 մետր արդյունք: Մեր մարզիկներն այսուհետ պետք է նախապատրաստվեն բուն օլիմպիական խաղերին:

Նշեմ, որ «Ռիո 2016»-ի նախապատրաստական աշխատանքները ֆեդերացիան սկսել է անմիջապես նախորդ օլիմպիական խաղերից հետո: Օլիմպիական քառամյա ցիկլի համար ֆեդերացիայի կողմից մշակվել է ընդհանուր ծրագիր, որից հետո ձեռնարկվել և կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն են ներկայացվել հավանական թեկնածուների անունները, որոնք կարող են օլիմպիական վարկանիշ ձեռք բերել:

- Մինչ օլիմպիական խաղերը կլինե՞ն վարկանիշային այլ մրցաշարեր, որտեղ մեր մարզիկներն ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենան:

- Հունիսի 4-ին անցկացվելու է միջազգային օրացուցային պլանի մեջ մտնող Մալոյան եղբայրների անվան հուշամրցումը: Այս մրցմանը կմասնակցի նաև վերջին ժամանակների լավագույն հեռացատկորդներից մեկը՝ Գոռ Ներկարարյանը: Նա բավական լուրջ վնասվածքից հետո վերականգնվել է և աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում: Գոռը կպայքարի օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:

Հունիսի 11-ին Մալթայում անցկացվելու է եվրոպական փոքր երկրների առաջնություն: Մեր մարզիկները կմասնակցեն նաև այս մրցաշարին, բայց նոր վարկանիշ ձեռք բերելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ:

Այսօրվա դրությամբ ունենք 4 օլիմպիական վարկանիշ, լավագույն դեպքում կարող ենք ունենալ 5-ը:

- Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների հնարավորությունները Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում:

- Եթե մեր մարզիկ-մարզուհիները կրկնեն այն արդյունքները, որոնք վարկանիշ ձեռք բերելիս են ցույց տվել, ապա դա նրանց լավագույն մասնակցությունը կլինի: Այդ դեպքում նրանք իրենց գործը պատվով կատարած կլինեն: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ պատասխանատվության, լարվածության պատճառով մրցումների ժամանակ խնդիրներ են առաջանում, և մարզիկները չեն կարողանում ցույց տալ իրենց իրական հնարավորությունները:

Անկախ Հայաստանի պատմության մեջ մինչ այժմ ամենաբարձր արդյունքը 1996-ի Ատլանտայի (ԱՄՆ) օլիմպիական խաղերում ցույց է տվել մեր լավագույն եռացատկորդ Արմեն Մարտիրոսյանը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: Դրանից հետո ավելի բարձր տեղեր զբաղեցնող մարզիկներ չենք ունեցել: Ակնկալիքներ մեր մարզիկներից իհարկե միշտ կան: Եթե նրանք կարողացել են օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել՝ պայքարելու հնարավորություն ունեն:

- Աթլետիկան մարզաձևերի հիմքն է: Հանրակրթական դպրոցներում համապատասխան ուշադրություն դարձվո՞ւմ է մարզաձևին:

- Չեմ կարող ասել, որ դպրոցներում դասերը բարձր մակարդակով չեն անցկացվում: Բայց վստահ կարող եմ ասել, որ մեզ մոտ գալիս են երեխաներ, որոնք բավական թույլ են: Նրանք չունեն այն պատրաստությունը, որ ունեցել են ոչ վաղ անցյալում:

- Ըստ Ձեզ՝ ինչու՞ հայ աթլետները միջազգային ասպարեզներում այնքան էլ հաճախ չեն աչքի ընկնում ցուցաբերած արդյունքներով:

- Աստիճանաբար, աթլետիկայով հրապուրվողների և լրջորեն զբաղվողների թիվը նվազում է: Մենք մշտապես ունեցել ենք մարզիկներ, որոնք բարձր մարզական արդյունքներ են ցույց տվել: Այժմ հերթափոխ չկա: Դա գալիս է մարզվողների պակասից:

Ցավով եմ նշում, որ չկան նաև համապատասխան մարզումային պայմաններ, միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղիներ: Այս պայմաններում մեր մարզիկների ցուցաբերած արդյունքները, կարելի է ասել, անգամ օրինաչափությունից դուրս են:

Մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար հարկավոր է նախևառաջ պայմաններ ստեղծել: «Սպարտակը» համարվում է Երևան քաղաքի հիմնական մարզակառույցը, որտեղ մարզումներ է անցկացնում Երևանի 4 մարզադպրոց: Այսօր բարձր արդյունքների հասնելու համար այն լուրջ բազա համարվել չի կարող: Դա է պատճառը, որ մարզվելուց մեկ-երկու տարի հետո երեխաների մոտ խնդիրներ են առաջանում, և նրանք թողնում են սպորտը:

- Համեմատելով պատմության ընթացքում աթլետների ցուցաբերած արդյունքները՝ նկատում ենք, որ այժմ նոր ռեկորդներ, անգամ համաշխարհային մասշտաբով, գրեթե չեն գրանցվում: Ո՞րն է պատճառը:

- Աթլետիկայի մի շարք մրցաձևերում ռեկորդները 20-30 տարվա պատմություն ունեն: Դա բացատրվում է դոփինգ հսկողությամբ: Նախկինում գրեթե հսկողություն չկար: Այսօր անգամ աշխարհի ուժեղագույն մարզիկների համար դժվար է կրկնել, առավել ևս գերազանցել նախկինում գրանցված ռեկորդները: Հսկողությունն ինչ-որ առումով իջեցրել է արդյունքների վերին շեմը: Այսպես, հեռացատկի ռեկորդային ցուցանիշը 8,96 մետր է: Եթե այսօր մարզիկն անցնում է 8 մետրը, ապա կարող է հավակնել մրցանակային տեղերի: Սա նշանակում է, որ սպորտը համեմատաբար ավելի մաքուր է, քան նախկինում:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: