Հայերեն   English   Русский  

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է հայկական տաղավարներով


  
դիտումներ: 935

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը:

Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Դմիտրի Մեդվեդևը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ-բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ:
Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաև հայկական պանրի որակը, ընդգծելով , որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել: ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղրղզստանի, Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ:
Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: