Հայերեն   English   Русский  

​Սրտանոթային հիվանդությունները գրոհում են


  
դիտումներ: 1530

«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը շտապում է հանգստացնել` հիվանդության զարգացումը պայմանավորելով աթերոսկլերոզի ու անոթների պատերի խնդիրներով:

Սրտանոթային հիվանդությունների թիվն անշեղորեն աճում է ամբողջ աշխարհում` գրավելով առաջին տեղը մահացությունների շարքում: Երկրորդ տեղում ավտովթարներն են, երրորդ տեղում` ուռուցքային հիվանդությունները: Այնպես որ դա միայն հայաստանյան խնդիր չէ:

Վերջերս սրտանոթային հիվանդությունների օրվա կապակցությամբ բժշկական կենտրոնը ակցիա էր նախաձեռնել` քաղաքացիների անվճար ընդունելություն: Ո՞ւմ շահերից են բխում ընդհանրապես նման ակցիաները, քաղաքացո՞ւ, թե՞ բուժհիմնարկի, նպատակը քաղաքացուն օգնե՞լն է, թե՞ այդ ճանապարհով հիվանդ «հավաքագրելը»:
Երեք օր ակցիայի ընթացքին լուռ հետևելով` համոզվեցի, որ մտահոգությունս տեղին չէ, որովհետև մեր քաղաքացիները նման ակցիաների կարիք, ցավոք, խիստ ունեն: Եվ պրն. Մանուկյանն էլ շեշտեց, որ դրանում ենթատեքստ պետք չէ փնտրել, որովհետև իրենց կենտրոնը նման ակցիաներ կազմակերպելու, անվճար վիրահատություններ կատարելու մեծ փորձ ունի, նման ակցիաներից հետո հիվանդների մեծ հոսք չի առաջանում: Եվ, առհասարակ, կենտրոնը հիվանդների պակաս չունի, երբեմն նույնիսկ հիվանդին մերժում են ազատ հիվանդասենյակներ չլինելու պատճառով: Մեկ այլ հիմնավոր փաստարկ էլ բերեց. իրենց այցելուներն այդ վճարովի հետազոտությունների հնարավորությունը չունեն, ուր մնաց, թե պառկեն: Կենտրոնի այցելուներն օգտվել են սրտի սոնոգրաֆիա, էլեկտրոկարդիոգրաֆիա, սրտաբանի կոնսուլտացիա, ոմանք նաև անալիզների անվճար ծառայություններից: Այնպես որ, ակցիան միայն ու միայն մարդասիրական նպատակ է հետապնդում:
Միքայել Մանուկյանը վստահ է, որ հազարից ավելի հիվանդ կընդունեն: Եթե 100-ին ճիշտ ախտորոշեն և բուժում նշանակեն` արդեն մեծ արդյունք է:
«Ակցիան ինձ ու ինձ նմաններին շատ բան տվեց: Հետազոտությունները շատ հանգամանորեն կատարեցին, ախտորոշումը` սրտի հիպերտրոպիա: Պիտի բուժվեմ»,- ասաց 62-ամյա Քնքուշ Ազոյանը: Նա 20 հազար դրամ տնտեսեց, որն իր նմանների համար քիչ չէ, բայց կցանկանար` բուժումը, վիրահատությունները գոնե մի քիչ մատչելի լինեին: Նա կրծքագեղձի վիրահատության խնդիր ունի, ինչպես այստեղ, այնպես էլ ուռուցքաբանականում խոստացել են որոշակի զեղչերով վիրահատել` հաշվի առնելով սոցիալական կարգը, բայց դրա հնարավորությունն էլ չունի: Ստիպված այնքան պիտի սպասի, մինչև նման մի հարմար առիթ լինի:
Երեք օրվա ընթացքում շուրջ 800 այցելու էր գրանցվել: Ռեկորդայինն առաջին օրվա արդյունքն էր` 450 քաղաքացի: Շատերի հետ զրուցեցի, որոնք թեև վաղուց նման հետազոտման կարիք ունեին, լավ օրերի գալուն են սպասել:
Իսկ ի՞նչ է կորցնում բուժհիմնարկը: Փոխտնօրենը դժվարացավ որևէ թիվ ասել, փոխարենը վստահեցրեց, որ մեծ կենտրոնները պարտավոր են նման մեծ ակցիաներ կազմակերպել և օգնել ազգաբնակչության անապահով խավին: Այլ կարծիք լինել չի կարող: Միաժամանակ հիշեցրեց, որ հաճախ մարզեր են այցելում, սեմինարների միջոցով բարձրացնում մարզային հիվանդանոցների բուժսպասարկման որակը: Այդ համագործակցությունն այնքան սերտ է, որ ամեն պահի մարզերից զանգահարում, խորհուրդ են հարցում, որպեսզի մարզի հիվանդը Երևան չհասնի:
Գաղտնիք չէ, որ գարնանը, աշնանը սրտի իշեմիկ հիվանդությունների սրացում է նկատվում: Այդ առումով ազգաբնակչությունն ի՞նչ վիճակում է, նման ակցիաները նաև կանխարգելի՞չ նպատակ են հետապնդում:
«Մեկ ակցիայով այդ հիվանդությունը կանխելն անհնար է: Դա մեր կողմից տարվող անընդմեջ աշխատանք է: Սրտի խնդիր ունեցող և մեզ դիմած բոլոր հիվանդները պարբերաբար կանչվում և որոշ հետազոտություններ են անցնում: Մինչ ակցիան մենք գիտեինք, որ Երևանից, շրջաններից գալու են մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով բժշկի չեն դիմում: Մենք ուզում ենք բժշկի մոտ գնալու կուլտուրան սերմանել մեզանում: Եկան, տեսան, որ իրենց հետ բանիմաց բժշկուհիներ են աշխատում, որոնք պատրաստ են բոլոր գանգատները լսել, հետազոտություններ կատարել, վիրահատվելու խորհուրդներ տալ»,- մանրամասնում է փոխտնօրենը:
Հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվում ակցիայի շրջանակներում, 3 օր որպես հիվանդ լուռ հետևեցի իրադարձություններին: Պիտի խոստովանեմ,որ եթե ինչ-որ բան այն չէր, ապա դա միայն մեր հայրենակիցների հերթ չպահելու և լուռումունջ չսպասելու հատկությունն էր: Մարդիկ մտահոգ էին, որ օրը կանցնի ու իրենց այդպես էլ հերթ չի հասնի:
Մյուս զրուցակիցս անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքից, անվճար ծառայություններից անչափ գոհ գիտությունների թեկնածու, թոշակառու Գուրգեն Հովնանյանն էր: Նա պետք է լրացուցիչ հետազոտություն անցնի, որն արժե 230 հազար դրամ, ինչի հնարավորությունը նախկին գիտնականն այսօր չունի, բայց կարծում է, որ նման ակցիաներն օգտակար են, որովհետև որոշ գումար, այնուամենայնիվ, իսկ այս դեպքում` 18 հազար, տնտեսում ես: «Դա թոշակառուիս համար քիչ չէ»,- անկեղծացավ նա:
Թոշակառու գիտնականին մեկ այլ ցավ էլ է տանջում: «Հիվանդացել եմ ու թոշակի անցել: Հիմա խելքս տեղն է եկել, ես գիտնական եմ, կարող եմ աշխատել, օգտակար լինել, բայց տեղ չկա: Ես նույնիսկ համաձայն եմ իմ լաբորատորիայում անվճար աշխատել, գիտական հետազոտություն կատարել: Բայց մեր աշխատանքային օրենսգիրքը անվճար աշխատելն անթույլատրելի է համարում»,- հուզմունքով ասաց նա:
Պարզվում է, որ 3 տարի է, ինչ մեր խորհրդարանը գիտության մասին օրենք է ընդունում, որը, ըստ Հովնանյանի, գիտնական թոշակառուներին գիտությանն անվճար ծառայելու, օգտակար լինելու հնարավորություն պիտի տա: Հովնանյանը հույսով սպասում է այդ օրվան, թե երբ թոշակառու գիտնականը տանը պարապ- սարապ մնալու փոխարեն, թեկուզ անվճար, գիտությամբ զբաղվելու հնարավորություն կունենա:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: