Հայերեն   English   Русский  

​Հայաստանում կրթությունն աշխարհիկ է, սակայն դպրոցներում «Քրիստոնեական կրթություն» են անցնում


  
դիտումներ: 4850

Հայաստանյան 55 դպրոցների տարրական` 2-4-րդ դասարաններում ուսումնասիրում են «Հայոց եկեղեցու պատմություն (Քրիստոնեական կրթություն)» առարկան: Այն փորձնական ներդրվել է 2011-ին: Այժմ դպրոցները կամավոր հիմունքներով իրենց ազատ դասաժամերը հատկացնում են այս առարկային: ԿԳՆ-ն չի բացառում, որ առաջիկայում առարկան կարող է պարտադիր դառնալ բոլոր դպրոցների համար:

Պատմաբան Վահե Անթանեսյանը նշում է, որ հնարավոր ամեն բան կանի, որպեսզի իր որդին դպրոցում նման առարկա չանցնի: «Իմ երեխան անգամ դպրոց չի գնա, բայց այդ հիմարությունը չի սովորի: Դրա փոխարեն թող երեխաներին ազգային արժեքային համակարգ ուսուցանեն»,- ասում է նա:

«Առհասարակ դպրոցում երեխան որևէ կրոնի պատմություն չպետք է սովորի: Կրոնը գիտություն չէ, և 2-4-րդ դասարանի երեխայի գլուխը նման հիմարություններով լցնել պետք չէ: Դա քարոզի միտում ունի»,- ասում է Անթանեսյանը:

Նա նշում է, որ այդ տարիքի երեխան դեռևս բազային գիտելիքներ չունի և դպրոցում սովորում է, որ տիեզերքը մոտ 6 հազար տարեկան է ու ստեղծվել է Աստծո կամքով: Հետո բնական գիտություններ անցնելիս այլ բան է սովորում, ու նրա մոտ հակասություն է ստեղծվում` որի՞ն հավատա, ո՞րն է ճիշտը: «Նման մոտեցումը հակագիտական ու հակակրթական է: Ինչո՞ւ երեխան հայոց պատմություն պետք է անցնի 5-րդ դասարանից սկսած միայն, իսկ հայոց եկեղեցու պատմություն` 2-րդ դասարանից»,- ասում է Անթանեսյանը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանում նաև այլ կրոնների ներկայացուցիչներ կան, բայց նրանց համար անգամ դասընթացի շրջանակներում աղոթք արտասանելը վիրավորանք է:

Վահե Անթանեսյան

Ասում է, որ իր երեխան կնքված է որպես արորդի և հավելում. «Ինչու պետք է 2-4-րդ դասարանի երեխան կրոնական հողի վրա խնդիր ունենա իր հասակակիցների հետ, նրան ասեն` եթե քրիստոնյա չես, ուրեմն հայ չես կամ վատն ես: Սա միտված է պառակտելու ժողովրդին: Սա հերթական դեպքն է, երբ եկեղեցին խուժում է պետական գործերի մեջ, ներքին լարվածություն ստեղծում ու երկիրը տանում դեպի կործանման, պատմության մեջ նման բազմաթիվ դեպքեր ունենք»:

Անթանեսյանը նաև վստահ է` մեր հայրերը կարողացան հաղթել Արցախյան պատերազմում, որովհետև դաստիարակվել ու կրթվել էին սովետական գիտական աթեիզմի պայմաններում, երբ դպրոցներում հայրենապաշտություն էր ուսուցանվում: «Ճիշտ է, հետո պարզվեց, որ մեր հայրենիքը ողջ Խորհրդային Միությունը չէ, բայց հայրենապաշտության ոգին կար ու դրա շնորհիվ հաղթեցինք: Իսկ ի՞նչ են այսօր սովորեցնում` կրոնամոլություն` ով քրիստոնյա չէ, նա հայ չէ»:

Անթանեսյանը նշում է, որ առարկան պարտադիր դառնալու դեպքում դատարան կդիմի` ԿԳՆ-ին հիշեցնելով, որ սահմանադրության համաձայն՝ մեր երկրում կրթությունն աշխարհիկ է:

Առարկայի կրթական ծրագիրն ու դասագրքերը մշակվել են ԿԳՆ և Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ: Առարկայի կրթական ծրագիրը հաստատվել է 2012-ին: Ըստ այդմ` 2-4-րդ դասարաններում առարկային հատկացվում է շաբաթական մեկ դասաժամ: Եվ չնայած առարկայի անվանման մեջ կա «պատմություն» բառը, բովանդակությունը պատմության հետ առնչություն չունի: Երրորդ դասարանում, ըստ ծրագրի, երեխաները սովորում են, թե ինչպես Աստված ստեղծեց աշխարհը և մարդուն, և ինչպես Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից, ապա ծանոթանում են Կայենի և Աբելի պատմությանը, Նոյի և Հիսուսի ընտանիքին: Ուսումնասիրվող թեմաների անվանումներից են նաև` «Աստված ինձ սիրով է ստեղծել», «Աստծուն հավատարիմ», «Սիրել միմյանց»:

Երրորդ դասարանում աշակերտներն արդեն սովորում են Հիսուսի ծննդյան պատմությունը, Սուրբ ծննդյան տոնակատարությունը: Ուսումնասիրվող թեմաներից են նաև «Հիսուսը սովորեցնում է», «Հիսուս Քրիստոսի հրաշքները»: Չորրորդ դասարանում երեխաներին ուսուցանում են Աստծո 10 պատվիրանները, ինչպես նաև մկրտության, խաչակնքման, մոմավառության, աղոթքի խորհուրդն ու էությունը:

Չնայած առարկայի բովանդակությանը` ԿԳՆ ներկայացուցիչները պնդում են, որ առարկան աշխարհիկ է ու ճանաչողական բնույթ ունի: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով` երեխաները սիրում են այս առարկան, իսկ ծրագրին միացող դպրոցների թիվն էլ գնալով ավելանում է: ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշում է, որ առարկայի ծրագիրը տարբերվում է միջին դպրոցում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրից:

Հարցին, թե ինչ լուծում է նախատեսված իրավիճակների համար, երբ ծնողը չի ցանկանում, որ երեխան դպրոցում այդ առարկան անցնի, Մակյանը պատասխանում է. «Իսկ ի՞նչ պետք է անի երեխան այդ ժամին: Կարո՞ղ է ծնողը հիմնավորել, թե ինչու երեխան պետք է անցնի մաթեմատիկա, բայց ոչ հայոց եկեղեցու պատմություն, որը մեր պատմության մի մասն է»:

Երևանի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանի խոսքով` ժամանակին մի քանի ծնողներ դժգոհել են առարկայի ներդրումից, բայց հետագայում ամեն ինչ հարթվել է, և այժմ դժգոհություններ չկան:

«Մենք նաև ներառական կրթություն ենք իրականացնում, և այս առարկան նպաստում է աշակերտների հանդուրժողականությանը»,- ասում է նա:

Իսկ Երևանի թիվ 13 հիմնական դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սուսաննա Հայրապետյանի խոսքով` վաղուց էր պետք նման առարկա ներդնել տարրական դպրոցում: «Մենք երեխաներին ի՞նչ ենք սովորեցնում` սեր աշխարհի, շրջապատի, հայրենիքի, ծնողի, ընկերոջ նկատմամբ: Այդ սերը պակասում է մարդկանց մեջ: Այդ սերն է, որ մենք տարրական դասարաններում սերմանում ենք»,- ասում է նա:

Խոսելով առարկայի նպատակների մասին`Հայրապետյանն ասում է. «Այո, ես համարում եմ առարկայի նպատակը սերը Աստծո նկատմամբ, որովհետև Աստված ինքը սեր է, և սերը միմյանց նկատմամբ: Իսկ սիրուց միայն լավ բաներ են ծնվում»:

Մանկավարժն ինքն էլ է հաստատում, որ դասագրքում պատմական ոչինչ չկա. «Ամեն դեպքում, վերնագիրը շատ կարևոր չէ, կարևորը, թե երեխային ինչպես ես դաստիարակում ու ինչ ես դաստիարակում»:

Հայրապետյանն ասում է, որ այլ կրոնների հետևորդ երեխաներն էլ բոլորին հավասար սովորում են առարկան. այն պարտադիր ծրագիր է, երեխան պետք է սովորի և պատասխանի, որպեսզի գնահատվի:

«Ես ունեմ Եհովայի վկաներ, որոնք շատ հարցեր են ինձ տալիս, և ես աշխատում են նրանց հետ բերել դեպի առաքելական եկեղեցի: Եզդի երեխաներ էլ եմ ունեցել: Երբեք ոչ մի ծնողի կողմից որևէ տարաձայնություն կամ դժգոհություն չի եղել: Երեխային ասում եմ` սա քո առարկան է, քեզ ուրիշ ոչինչ չեմ ասում, սովորիր, կպատասխանես, կստանաս, նրանից հետո դու գիտես,- ասում է նա: Իսկ այլընտրանքի բացակայության մասին ասում է. «Լավ է, որ այլընտրանքային մեխանիզմ չկա: Մոլորված մարդիկ են, ժամանակի ընթացքում կզգան իրենց սխալը և կգան դեպի առաքելական եկեղեցի»:

Հարցին, թե որքանով է տեղին, որ այլ կրոնի երեխան դպրոցում քրիստոնեություն ուսումնասիրի, մանկավարժը նշում է. «Թող երեխան բազմակողմանի զարգացած լինի: Մենք անցնում ենք տարբեր առարկաներ, դրանցից մեկն էլ դա է: Ինչքան շատ իմանաս, այնքան ավելի խելացի կլինես»:

Իսկ երբ հարցնում ենք, թե որքանով է ճիշտ տարրական դպրոցում երեխային սովորեցնել, որ Աստված է արարել աշխարհը և մարդուն, իսկ մի քանի տարի անց բնական գիտություններից գիտական տեսակետը ներկայացնել, Հայրապետյանը նշում է. «Գիտեք, շատ ճիշտ ու տեղին հարց տվեցիք, նման վրիպումներ շատ կան: Նույնիսկ Դարվինի մասին կա, այդ բոլորը պետք է վերանայեն և ուղղեն: Պետք է միայն ասվի, որ Աստված է ստեղծել աշխարհը«: Մանկավարժի կարծիքով`աշխարհի ստեղծման միայն աստվածաշնչյան տեսությունն անցնելը կրթությունը չի հեռացնի գիտությունից. «Գիտությունից չենք հեռանում, ամեն ինչը Աստծո շնորհն է, և’ բնագիտությունը, և’ բոլոր հայտնագործությունները»:

Հոգեբան

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը, անդրադառնալով դպրոցում աշակերտներին հակասական ինֆորմացիայի մատուցմանը, նշում է, որ յուրաքանչյուր մարդ հասուն տարիքում իր համար կորոշի, թե որին հավատա: Նրա խոսքով` հնարավոր չէ երեխաներին ֆիլտրված ինֆորմացիա տրամադրել: Հոգեբանը նաև նշում է, որ այս տարիքի երեխաները նման բովանդակությունը կընկալեն որպես հեքիաթ, հետևաբար այն լուրջ չի անդրադառնա աշխարհայացքի ձևավորման վրա:

Ալեքսանյանը նաև նշում է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» միայն պատմություն պետք է ուսումնասիրի, ոչ թե կրոնը: Իսկ եթե, այնուամենայնիվ, կրոնին է անդրադարձ կատարվում, դա արդեն կարող է որոշակի հոգեբանական ճնշում դիտարկվել այլ կրոնների հետևորդ երեխաների նկատմամբ:

Նշենք, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի`այս առարկային նվիրված ուսումնասիրության (հիմնական հեղինակ` Արմինե Դավթյան) համաձայն` ԵԽ 47 պետություններից 44-ում հանրակրթական դպրոցներում առկա է կրոնական ուսուցման առարկա: Սակայն հիմնականում այդ առարկաները պարտադիր չեն. երեխան և ծնողը կարող են հրաժարվել առարկայի ուսուցումից, որոշ երկրներում էլ` փոխարինել այլընտրանքային առարկայով: Մի շարք երկրներում էլ առարկան պարտադիր է միայն այդ կրոնական ուսմունքի հետևորդների համար: Հայաստանում աշակերտներն ու ծնողները նման հնարավորությունից զուրկ են. այդ առարկան պարտադիր է:

Ուսումնասիրության համաձայն` կրոնաբարոյական բովանդակության առարկան անվանում են պատմական, որպեսզի այն համապատասխանի ՀՀ և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքին և գոնե ձևականորեն դիտվի որպես աշխարհիկ, ոչ թե կրոնական առարկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: