Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ


  
դիտումներ: 1287

Շահ Ջահանը շատ էր սիրում իր կնոջը, և Հեղինեի անժամանակ մահը նրան մեծ վիշտ պատճառեց: Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար, Շահ Ջահանը ձեռնամուխ եղավ մի հսկայական կառույցի ստեղծմանը: Շատ չանցած՝ Ագրայում վեր խոյացավ նշանավոր Թաջ Մահալը, որն այսօր շատերն իրավամբ աշխարհի ութերորդ հրաշալիք են համարում:

Հայ-հնդկական հարաբերությունները հազարամյակների խորքից են գալիս: Դեռևս մ.թ.ա. V դարի հույն պատմիչներն էին վկայում, որ պարսից արքաները վարձում էին հայ առևտրականներին որպես թարգմանիչներ՝ Հնդկաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնելու համար: Սա ուշագրավ փաստ է համոզվելու համար, թե որքան սերտ են եղել հայ-հնդկական առևտրատնտեսական և մշակութային առնչությունները հնագույն ժամանակներում:

Հայ-հնդկական առևտրային կապերն առավել զարգացան միջնադարում: Հայտնի է, որ հայոց Սմբատ Բ Տիեզերակալ արքան (977-990) Անիի Մայր տաճարի համար Հնդկաստանից բերել է տվել հսկայական թանկարժեք ջահ:

Նոր շրջանում Հնդկաստանի հայ գաղթօջախը մեծացավ հատկապես Պարսկաստանից ներգաղթած հայության հաշվին: Հայերը հաստատվեցին հիմնականում Ագրայում, որի տիրակալները ոչ միայն սիրաշահում էին եկվորներին՝ նրանց անգամ վստահելով պետության բարձր պաշտոններ, այլև խնամիական կապեր հաստատում նրանց հետ:

Եվ XVII դարի սկզբին՝ 1614 թ., Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստր Հեղինեն, որ ծնվել է 1597 թ., ամուսնանում է Մողոլների թագաժառանգ Խորամի խանի` ապագա Շահ Ջահանի հետ: Հեղինեն գեղեցկուհի իշխանադստեր հայկական անունն էր, տեղացիները նրան կոչում էին Արջոմանդ Բանո Բեգում:

Շահ Ջահանը շատ էր սիրում իր կնոջը, և Հեղինեի անժամանակ մահը նրան շատ վշտացրեց: Իր սերը և կնոջ հիշատակն անմահացնելու համար Շահ Ջահանը ձեռնամուխ եղավ մի հսկայական կառույցի ստեղծմանը: Շատ չանցած՝ Ագրայում վեր խոյացավ նշանավոր Թաջ Մահալը, որն այսօր շատերն իրավամբ աշխարհի ութերորդ հրաշալիք են համարում:

Իսկ Հնդկաստանում հայկական հոծ գաղթօջախ հաստատվեց սկսած XVII դարից, երբ Նոր Ջուղայի հայ առևտրականները, հսկայական կապիտալ կուտակելով, նոր շուկաներ որոնելու ձգտումով հաստատվեցին Հնդկաստանում: Հայերը հաստատվեցին հատկապես Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր քաղաքներում: Հայերը, լինելով հաջողակ առևտրականներ, իրենց ներկայացուցչությունները ստեղծեցին աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Անգլիական արևելահնդկական ընկերությունը Հնդկաստանում հաստատվելու համար պայմանագիր կնքեց տեղի հայ առևտրականների հետ՝ արտոնելով նրանց օգտվել բոլոր արտոնություններից անգլիական տարածքներում: Սակայն, հաստատվելով Հնդկաստանում՝ անգլիացիներն աստիճանաբար փորձեցին համաշխարհային առևտրից դուրս մղել հայությանը:

Մինչ այդ՝ դեռևս 1662 թվականին, Մալաբար նահանգում հաստատված հայերը սուր բարձրացրին ու պայքարի ելան Հնդկաստանը գաղութացնել փորձող պորտուգալացի նվաճողների դեմ: Պայքարը հաղթական ավարտ ունեցավ, որից հետո հայերի առաջնորդ Մարկոսը դարձավ Մալաբարի կառավարիչ:

XVIII դարի կեսերին, երբ անգլիացիները կամեցան վերջնականապես իրենց ենթարկել Հնդկաստանը, նրանց դեմ Բենգալիայում հուժկու ապստամբություն բռնկվեց: Հայությունը կանգնեց հյուրընկալ հնդիկ ժողովրդի կողքին: Հայազգի Գորգին խանն (Գրիգոր Հարությունյան) իր զինակից հրամանատարներով (Մարգար Քալանթար, Հարություն Մարգար, Գրիգոր Այվազյան, Պետրոս Աստվածատուր, Ղազար Հակոբ, Սուքիաս Ավետիք) և հայոց զորքով առաջնորդեց բենգալացիների պայքարը նվաճողների դեմ:

XIX դարում իր ռազմական հանճարով փայլեց ևս մեկ հայորդի՝ Հակոբ Պետրոսյանը, որ իր գնդերով քաջաբար կռիվներ էր մղում անգլիական գաղութարարության դեմ: Հակոբի օրինակին հետևեցին նաև նրա զավակները:

Առհասարակ հայությունը հնդիկների հետ միշտ եղել է զինված պայքարի առաջին շարքերում:

Հնդկաստանում հատկապես լավ էր կազմակերպված Մադրասի համայնքը: Այստեղի հայերը XVIII դարում Շահամիր Սուլթանում Շահամիրյանի (Հակոբ Սուլթանումյան), Մովսես Բաղրամյանի գլխավորությամբ անգամ Հայաստանի ազատագրության ծրագրեր մշակեցին: Նրանք 1773 թվականին հրատարակեցին ապագա Հայաստանի սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը», որն ուղղեցին ժամանակի աչքի ընկնող բոլոր հայերին: Հայաստանի ազատագրման գաղափարը կապելով ռուսական կայսրության հետ՝ Մադրասի խմբակը սերտ կապեր ստեղծեց Պետերբուրգի կառավարության հետ:

1771 թ. հենց մադրասահայ Խոջա Չաքիկենցի նվիրատվությամբ Վաղարշապատում հիմնվեց առաջին տպարանը, որ առաջինն էր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև ողջ Առաջավոր Ասիայում:

1772-ին Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» աշխատությունը, որը դարձյալ Հայաստանի ազատագրության ծրագրերին էր նվիրված:

Մադրասի խմբակը կապեր էր հաստատել նաև վրաց արքունիքի, հատկապես՝ Հերակլ Բ Բագրատունի (1764-1795) թագավորի հետ: Շահամիր Շահամիրյանի կարողությունն այնքան մեծ էր, որ նա մի ադամանդ նվիրեց վրաց թագավորին, որն արժեր վրաց պետական գանձարանի ուղիղ կեսը, փոխարենը Հերակլը Շահամիրյանին կարգեց Լոռվա իշխան: Իհարկե, Շահամիրյանը երբևէ չտեսավ իր «տիրույթները»:

Մադրասահայերը 1783 թվականին նաև իրենց ներքին կանոնակարգն էին ստեղծել՝ «Տետրակ, որ կոչի նշավակ», ըստ որի՝ համայնքի բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն էր (գումարվում էր ամեն տարի), գործադիր մարմինը՝ երեք կառավարիչները:

Հնդկահայերի ամենանշանավոր ներկայացուցիչը թերևս Հովսեփ Էմինն էր: Լինելով հարուստ վաճառականի որդի, կամավոր հրաժարվելով անգամ հայրական ժառանգությունից՝ նա իրեն նվիրեց հայ ազատագրական պայքարին: Եվրոպայում ռազմական գործ սովորելուց հետո Հայաստան այցելեց՝ այստեղ կազմակերպելու հայության ապստամբությունը թուրքական և պարսկական տիրակալության դեմ: Սակայն Հայ առաքելական եկեղեցին, հանձին կաթողիկոս Սիմեոն Երևանցու, ոչ միայն վիժեցրեց հայության ազատագրման ծրագիրը, այլև խաբեությամբ կողոպտեց Էմինին, զրկեց նրան այն միջոցներից, որոնք հանգանակել էր Հայաստանի ազատագրության համար:

Տեղին է նաև հիշել, որ հենց Մադրասում, 1794 թվականին Հարություն Շմավոնյանի ջանքերով ծնվեց հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարար» հանդեսը: Հետագա տասնամյակներում հնդկահայերը լույս ընծայեցին շուրջ երկու տասնյակ անուն պարբերական: Վերջինը փակվել է ոչ հեռավոր 1980-ականներին:

Առհասարակ, հայերը Հնդկաստանում ոչ միայն աչքի են ընկել գործարարությամբ և ռազմի ասպարեզներում, այլև մշակութային ակտիվ կյանքով են ապրել: Հնդկաստանում գործել են տասնյակ դպրոցներ, թատրոններ, մշակութային միություններ, որոնք ապահովել են հնդկահայերի հոգևոր-մշակութային կյանքի գրավչությունը:

Այսօր, սակայն, Հնդկաստանում ընդամենը 400 հայ է բնակվում (հիմնականում՝ Կալկաթայում, որտեղ հայկական ծերանոց է գործում):

Ներկայումս գործող վեց հայկական եկեղեցի և երկու մատուռ կա Կալկաթայում (Սուրբ Նազարեթ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Երրորդության մատուռ), Բոմբեյում (Սուրբ Պետրոս առաքյալ) և Մադրասում (Սուրբ Աստվածածին): Սակավաթիվ համայնք և եկեղեցիներ, որոնց դռներն օրերով ոչ ոք չի բացում:

Սփյուռք ունենալը, իհարկե, բախտավորություն չէ, բայց եղելությունից կարելի է շատ դրական բան քաղել: Սփյուռքահայությունը Հայաստանի համար կարող է ազդեցության գործակալ հանդես գալ համայն աշխարհում: Սակայն, ցավոք, աշխարհում ունենալով սփռված բազմամիլիոն հայություն, մենք այսօր չունենք միասնական ազգային արժեհամակարգ, որը համախմբեր հայությանը ազգային նպատակների շուրջ: Այդպիսի համահայկական գեթ մեկ կառույց չունենք:

Եկեղեցին և ազգային կուսակցությունները վաղուց արդեն որպես համահայկական միասնական կառույց կամ խորհրդանիշ հանդես չեն գալիս:

Հ.Գ. Ամիսներ առաջ մամուլը հեղեղվեց մի հաղորդագրությամբ: Կալկաթայում հնդկահայոց առաջնորդը՝ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ-տեղապահը, փող աշխատելու մոլուցքով տարված, փորձել էր եկեղեցուն հարող տարածքի հայկական գերեզմանատունը քանդել և ավտոկայանատեղի սարքել: Բարեբախտաբար, միջամտել են Հնդկաստանի իշխանությունները և արգելել այդ բարբարոսությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: