Հայերեն   English   Русский  

Այսօր Համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի եռակի չեմպիոն Կարեն Ասրյանի մահվան 8-րդ տարելիցն է


  
դիտումներ: 4737

2008 թվականին հենց այս օրը կյանքից հեռացավ ականավոր շախմատիստ Կարեն Ասրյանը:

Հայաստանի եռակի չեմպիոն, երկրի հավաքականի կազմում Թուրինի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, օլիմպիադաների, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների բազմակի մրցանակակիր, գրոսմայստերը ծնվել է 1980 թվականին Երևանում:

Կարենն առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ 1990 թ. ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կարենը լրացրեց վարպետության թեկնածուի նորման։

Կարեն Ասրյան

1996 թ. Կարենը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնած միջազգային մրցաշարում նա նվաճեց «Կասպարովի Գավաթը»։ 1998 թվականից կրում էր գրոսմայստերի տիտղոսը։ Երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Հաղթել է բազմաթիվ միջազգային մրցաշարերում։

Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ․-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։

Ասրյանը համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004), աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005) բրոնզե մեդալակիր էր, Եվրոպայի թիմային առաջնության (2007) արծաթե մեդալակիր։

Չնայած երիտասարդ տարիքին, Կարեն Ասրյանը նաև զբաղվել է մարզչական գործունեությամբ: Կյանքի վերջին ամիսներին նա կատարում էր Իրանի ազգային հավաքականի մարզչի պարտականությունները։

Այդ ոլորտում ակնառու հաջողությունների համար Կարենը պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով։

Ավաղ, երիտասարդ շախմատիստի կյանքը շատ կարճ տևեց: 2008 թվականի հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։

Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։

Հաշվի առնելով Կարեն Ասրյանի բացառիկ նվաճումները և զգալի ավանդը շախմատի զարգացման և տարածման գործում, Հայաստանի շախմատային ֆեդերացիան որոշում կայացրեց «Շախմատային հսկաներ. Երևան-2008» միջազգային մրցաշարը վերանվանել Կարեն Ասրյանի հուշամրցաշար և դարձնել ավանդական:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: