Հայերեն   English   Русский  

Խաչատրյանական մրցույթի անդամները եղան Ծիծեռնակաբերդում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


  
դիտումներ: 1799

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները և ժյուրիի անդամները հունիսի 10-ին եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Մրցույթի ժյուրիի անդամներից Մարկ Հիլդրյուն նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին բավականին տեղեկացված է: Հայ ժողովրդի պատմության այդ էջին ծանոթացել է հայ երաժիշտների հետ շփվելիս. «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես թե կրկնվում է. տեսեք, ինչ է կատարվում Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»:

Մրցույթի մասին խոսելով՝ Մարկ Հիլդրյուն նշեց, որ այն բարձր մակարդակով է ընթանում, մասնակիցներն էլ բարձրակարգ են:

Հունիսի 10-ի երեկոյան Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կազմկոմիտեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպել էր Բրայան Լարջի ֆիլմի ցուցադրությունը, որտեղ օպերային երկու աստղեր Ռենե Ֆլեմինգն ու Դմիտրի Խվորոստովսկին ներկայացնում են Սանկտ Պետերբուրգի ողջ գեղեցկությունն ու հմայքը: Ֆիլմի հիմքում Չայկովսկու, Վերդիի, Բելլինիի և այլոց օպերաներից դրվագներ են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ հանդես եկող Էրմիտաժի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Մինչ ֆիլմի դիտումը մրցույթի ժյուրիի անդամները, մասնակիցներն ու հյուրերը ծանոթացել էին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: