Հայերեն   English   Русский  

​Մտավոր առումով շատ լավ վիճակում ենք, ֆինանսական ու նյութատեխնիկական առումով` շատ վատ. երիտասարդ գիտնական


  
դիտումներ: 2589

Ամփոփվել է Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթը, և հրապարակվել են հաղթող 31 երիտասարդ գիտաշխատողների անունները: Նրանք առաջիկա տարվա ընթացքում ընդհանուր 900 հազար դրամի չափով հավելավճար կստանան:

Ցուցակում ընդգրկված երիտասարդ գիտնականներից մեկն էլ կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանն է: Նա գյուղատնտեսական գիտությունների ոլորտից մրցույթում հաղթած միակ երիտասարդն է:

Զբաղվում է Հայաստանի հողային և ջրային ռեսուրսների, դրանց աղտոտվածության հնարավոր վտանգների, մարդու առողջության, գյուղատնտեսության ու կենսաբազմազանության վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրությամբ: Ասում է, որ ՀՀ-ում հողերը ծանրաբեռնված են մարդածին ազդեցությամբ, մանավանդ՝ հանքարդյունաբերական շրջաններում, աղտոտված են հատկապես Սյունիքի և Լոռու մարզերի հողերն ու ջրերը, որոշ տեղերում՝ անգամ վտանգավոր աստիճանի:

Հիմա գիտնականների թիմն աշխատում է աղտոտված հողերը վերականգնելու քիչ ծախսատար ու արդյունավետ մեթոդ գտնելու ուղղությամբ:

Հարցին, թե որքանով են իրենց ուսումնասիրությունների արդյունքները գործնական կիրառություն ստանում կյանքում, Գոռը ասում է` ոչ այնքան, որքան ցանկալի է, ոչ բավարար գնահատելով գիտություն-տնտեսություն կապը: Ճիշտ է, բնապահպանական ակտիվ շարժումների շնորհիվ որոշ ընկերություններ փորձում են պարզել իրենց գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ու ըստ այդմ փոփոխել իրենց էկոլոգիական քաղաքականությունը, բայց այդ ամենը դեռ բավարար մակարդակի չէ: «Գիտությունը միշտ պատրաստ է համագործակցել ամեն մի տնտեսվարող սուբյեկտի հետ: Նրանք ցանկություն չեն հայտնում: Տնտեսության հիմքը պետք է գիտությունը լինի, տնտեսվարող սուբյեկտները պիտի գիտակցեն դա, իսկ այսօր այդ գիտակցությունը չկա»,- ասում է Գևորգյանը:

Արդեն հինգ տարի գիտության ոլորտում աշխատող Գոռը նշում է, որ գիտաշխատող է դարձել ակամա. անվճար սովորել է նախ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատում, մագիստրատուրայում, ապա նաև ասպիրանտուրայում: Սակայն գիտության ոլորտում պատահական չէ. նպատակ ունի Հայաստանում իր ներդրումն ունենալ գիտության զարգացման գործում:

«Եթե գիտությունն ինձ չգրավեր, հիմա հաստատ այս ոլորտում չէի լինի, այն էլ նման ցածր վարձատրության պայմաններում»,- ասում է նա:

Գոռը հիշեցնում է, որ գիտաշխատողները և հատկապես երիտասարդ գիտաշխատողները Հայաստանում վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով: «Մեր աշխատավարձի բարձրացումը կապված է միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ»,- ասում է նա և հավելում, որ անհրաժեշտ է գիտնականի համար գոնե միջին աշխատավարձի չափով բազային վարձատրություն սահմանել: Նրա կարծիքով` այդ պարագայում գիտաշխատողն իրեն որոշ չափով ապահովված կզգա ու միայն աշխատանքին կնվիրվի, ոչ թե շարունակ կմտածի` այս անգամ ծրագիրը շահեց, արդյոք հաջորդ տարի՞ էլ կկարողանա շահել:

Երիտասարդ գիտաշխատողը, այնուամենայնիվ, ոլորտում դրական միտում տեսնում է. վերջին տարիներին տարբեր ծրագրերի միջոցով ավելի շատ ուշադրություն է հատկացվում երիտասարդ գիտնականների աջակցությանը: Սակայն նմանատիպ ծրագրերը բավարար չեն: «Այդ ծրագրերով լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն է ունենում երիտասարդ գիտնականների մոտ 20 տոկոսը միայն, իսկ մնացած 80 տոկոսը նորից դուրս է մնում ուշադրությունից»,- ասում է նա ու ընդգծում, որ հաղթողների շարքում չընդգրկվածների մեջ էլ կան լավ գիտնականներ, պարզապես մրցութային ծրագրերում տեղերը սահմանափակ են ու չեն կարող ընդգրկել բոլոր լավ մասնագետներին:

Նա նաև հավելում է, որ ներկայիս քաղաքականությունը կարծես խրախուսում է միայն ամենալավերին. «Այդ ծրագրերով կարծես փորձում են գիտությունում պահել միայն շատ ուժեղ գիտնականներին, բայց ուժեղներն էլ պիտի մնան. հո միայն 50 հոգի չի մնա գիտությունում»:

Խոսելով գիտնականներին խրախուսելու քաղաքականությունից` Գոռը նշում է, որ ճիշտ է, երիտասարդ գիտնականներն ուշադրության կենտրոնում են, հնարավորինս խրախուսվում են, բայց ուշադրությունից դուրս են մնացել միջին տարիքի գիտաշխատողները. նրանց առջև փակվում են բոլոր դռները. «35-45 տարեկանում գիտաշխատողն ամենավատ վիճակում է հայտնվում: Նա նույն վիճակում է, ինչ երիտասարդ գիտնականը, բայց հնարավորություն չունի օգտվելու երիտասարդ գիտնականներին ընձեռվող հնարավորություններից: Այդ շրջանն ամենախոցելին է: Կարող է դա է պատճառը, որ միջին տարիքի գիտնականներ քիչ կան»: Իրենց ինստիտուտի օրինակով է նշում` մեծ մասամբ երիտասարդ գիտաշխատողներ են, որոշ թվով տարեց ու փորձառու մասնագետներ, իսկ միջին տարիքի գիտաշխատողներ գրեթե չունեն:

«Անգամ եթե գիտաշխատողները միջին վարձատրություն ստանան, համոզված եմ՝ գիտնականների մեծ մասը կնախընտրի մնալ գիտությունում այդ միջին աշխատավարձով, քան թե ոլորտից դուրս բարձր աշխատավարձով գործ գտնել»:

Իր օրինակն է բերում. տարբեր տեղերում աշխատել է, բայց միշտ ի վերջո ընտրել է գիտությունը: Մերժել է բարձր վարձատրությամբ ոլորտից դուրս աշխատանքի առաջարկները Հայաստանից, ինչպես նաև գիտության ոլորտում աշխատելու հրավերքները արտերկրից` հուսալով, որ մի օր հայաստանյան գիտությունն էլ բավարար ֆինանսավորում կունենա: Այդուհանդերձ չի բացառում, որ մի օր ինքն էլ, այդ ամենից հոգնած ու հիասթափված, թողնի գիտությունը. «Չեմ ուզենա հեռանալ, բայց մարդ նպատակներ ունի, ապրում է… Այնպես չէ, որ մտածում եմ ամեն կերպ դուրս գալու մասին, բայց եթե այսպես անմխիթար վիճակում մնա գիտությունը, էլ լավ առաջարկները չեմ մերժի»:

Երիտասարդ գիտաշխատողը հիշեցնում է, որ յուրաքանչյուր նորմալ պետության համար գիտությունը ռազմավարական ուղղություն պետք է լինի, որովհետև ամեն ինչ հիմնված է գիտության վրա` թե՛ արդյունաբերությունը, թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ սպառազինությունը:

«Մենք դեռևս մրցունակ ենք: Եթե միայն լինի ֆինանսավորում, աշխարհում կարող ենք դառնալ լավագույններից,- ասում է Գոռը:- Բայց չեմ կարծում, որ կկարողանանք երկար մրցունակ մնալ այս պայմաններում: Աշխարհը շատ արագ առաջ է գնում, մենք միայն կարողանում ենք գոյատևել»: Նաև նշում է, որ Հայաստանում գիտությունը գոյատևում է միայն ու միայն մեր գիտնականների խելքի ու աշխատասիրության շնորհիվ:

«Մեր ունեցած ռեսուրսներով մեր գիտությունը բավականին ուժեղ է: Մեր մտավոր ռեսուրսներով կարողանում ենք ծածկել անգամ տեխնոլոգիական բացը: Այսինքն՝ մտավոր առումով շատ լավ վիճակում ենք, ֆինանսական ու նյութատեխնիկական առումով՝ շատ վատ: Օրինակ՝ մեր ունեցածով ԱՄՆ-ում գուցե ավելի վատ վիճակում լիներ գիտությունը, քան մեզ մոտ է: Մեր մարդկային ռեսուրսն իր ուժերից վերն է անում գիտության մեջ»:

Գոռը նաև նշում է, որ միայն մարդկային ռեսուրսը բավարար չէ հաջողության համար, նաև տեխնոլոգիա է պետք, մարդը միայն թուղթ ու գրիչով շատ բան չի կարող անել: «Միայն այն հիմնարկները, որոնք վերջին տարիներին միջազգային խոշոր դրամաշնորհային ծրագրեր են ունեցել, նրանք են կարողացել ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել: Մյուսներն աշխատում են Սովետական Միությունից մնացած սարքավորումներով, որոնցով կատարած աշխատանքն աշխարհում նույնիսկ լուրջ չեն համարում»:

Ասում է, որ հնարավորինս շտապ պետք է լուծել գիտության ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովվածության հարցը: «Այս երկու քայլերից հետո նոր միայն կարելի է սպասել գիտության զարգացում: Ֆինանսական ռեսուրսը կարելի է գտնել, իսկ մտավորը՝ ոչ, այն կորցնելուց հետո գիտությունը վերածնելը շատ բարդ կլինի»:






Մեկնաբանություններ - 1

Mary     06.08.2016 Իհարկե, կհամարես քեզ լավագույններից: Հորեղբորդ, կենսաբանության դեկան, Էմիլ Գևորգյանի շնորհիվ առաջ ես գնում ու լավագույներին քո նմաններն են ուղղարկում Հայաստանից դուրս:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: