Հայերեն   English   Русский  

​Բիզնես, որ խոստանում է 3 տարում համաշխարհային բրենդ դառնալ


  
դիտումներ: 3563

Ոչ այնքան հեռավոր 2008-2009 թթ., երբ դեռ իրենց առաջին քայլերն էին անում ներկայումս մեծ ճանաչում ունեցող ընկերություններից ու բրենդներից, ասենք, Whatsapp-ը կամ Viber-ը, Հայաստանում իր գործունեությունն էր սկսել Zangi ընկերությունը: 2015-ին այդ ընկերության գործարկած համանուն հավելվածը հատուկ ծրագիր է, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների ու պլանշետների համար: Այն ստեղծվել է մարդկանց ավելի հարմար, արագ և որակյալ կապի միջոց դառնալու նպատակով: Միջազգային կամ այլ բջջային օպերատորներին զանգերի համար Zangi-ն առաջարկում է որակյալ կապ՝ մատչելի գներով:

«Գաղափարն այն էր, որ աշխարհը փոխվում է, արդեն չորրորդ տեխնոլոգիական հեղափոխությունն է ընթանում: Եվ փոխվում էր նաև կապի, տելեկոմունիկացիոն ոլորտը: Այսօր գրեթե չկան սահմաններ, կարող եք նույն համարով մեր Zangi-ի և այլ հավելվածի միջոցով աշխարհի ցանկացած կետից կապ հաստատել այլ կետի հետ, և այդ ամենը՝ նույնիսկ անվճար: Այսինքն՝ այդ հեղափոխության մի արդյունքն է դա: Եվ այդ հեղափոխությունը դեռ շարունակվում է: Առաջիկա տարիներին համատարած փոփոխվելու է կապի ոլորտն առհասարակ, թե՛ գնային առումով, թե՛ տեխնոլոգիաների: Եվ այս էր դրված մեր ընկերության գործունեության հիմքում, որ աշխարհը փոխվում է, և մենք այդ ամենի մասնակիցը կարող ենք լինել»,- «Անկախին» ներկայացրեց Zangi ընկերության հիմնադիր-տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

Ընկերությունը երկու հիմնական հետաքրքրություն ուներ, առաջինը բիզնես շահույթ ստանալն էր: Մյուսը՝ տեխնոլոգիական հեղափոխությանն ուղղակիորեն մասնակից լինելը, այդ հարահոսի մաս ու շարժիչ լինելու էնտուզիազմը: Եվ այսօր հայկական Zangi-ն հիրավի գլոբալ փոփոխության մի մասն է, նաև կերտողներից մեկը:

Zangi ընկերությունն իր գործունեությունը սկսել է 4 հոգով, ներկայումս թիմում արդեն 25 աշխատակից կա: Իսկ Zangi մոբայլ հավելվածն առաջ մղելու համար ընկերությունն առանձնապես մարքեթինգային ջանքեր չի թափում, բայց այն մշտապես թարմացվում ու կատարելագործվում է: Հավելվածն այսօրվա դրությամբ մոտ 500 հազար գրանցված օգտվողների բանակ ունի: Իրականում դա այնքան էլ մեծ թիվ չէ, բայց այս հավելվածն ընկերության համար ոչ թե շահութաբեր արտադրանք է, այլ ավելի շատ՝ այցեքարտ, ցուցապաստառ: Այն մարդիկ կամ ընկերությունները, որոնք սկսում են հավելվածն օգտագործել, տեսնում են, որ նորմալ հավելված է, օգտակար, դրա միջոցով ծանոթանում են Zangi-ին ու նրա մյուս արտադրանքներին ու հետագայում դառնում գործընկեր: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ հավելվածը գործարկվեց ընդամենը մեկ տարի առաջ, ապա 500 հազար օգտվող ունենալը բավականին լավ ցուցանիշ է: Անգամ մեծ ներդրումներ չստանալով՝ Zangi հավելվածը վերջին շրջանում սկսել է ավելի արագ տեմպերով աճել. օրական 4-5 հազար ներբեռնում է գրանցվում, ինչը ևս վատ ցուցանիշ չէ, մանավանդ որ դրա համար ընկերությունը խթանման ակցիաներ չի իրականացնում:

Բայց Zangi հավելվածն իրականում այսբերգի գագաթն է միայն, իսկ այսբերգը, Վահրամ Մարտիրոսյանի ներկայացմամբ, հսկայական մի համակարգ է, տելեկոմունիկացիոն օպերատոր: Իսկ այս ամենին հասնելու համար սկզբնական ներդրումը սեփական միջոցներն էին:

«Իմ կարծիքով՝ սկսելու համար մեծ միջոցներ պետք չեն: Մի թյուր կարծիք կա, թե վա՜յ, եթե գումարներ չլինեն, ինչ-որ բան սկսել հնարավոր չէ: Եթե ունես գաղափար, գումարը միայն օգնում է, որ արագ զարգանաս: Իհարկե, դրա համար գումար է պետք: Բայց կարող ես նաև առաջ շարժվել դանդաղ, հաստատուն քայլերով: Գումարից բացի, պետք է նաև որոշակի գիտելիք ունենաս: Ես նշեցի, որ սկսել ենք այսօր թոփ բրենդ դարձած ընկերությունների հետ համարյա միաժամանակ, բայց նրանք մեզնից առաջ ընկան երկու հիմնական պատճառով: Նախ՝ նրանք մեզնից շատ գիտելիք ունեին, առաջին պատճառը մեր գիտելիքի պակասն էր, երկրորդը՝ գումարի պակասը: Իմ կարծիքով, եթե այն ժամանակ մենք բավարար բիզնես գիտելիքներ ունենայինք, գումարներն էլ կգտնեինք: Սկսելու համար դրանք էլ պետք չեն, անգամ: Սկսելու համար, նախ, պետք է ունենաս տեսլական, թե ինչ պետք է անես, պետք է ունենաս կարողություն՝ դա անելու համար և պետք է դա լավ անես»,- ասաց Zangi-ի հիմնադիրը:

Իսկ անհրաժեշտ միջոցները հայթայթվում էին ՏՏ այլ ուղղություններից, արտաքին ֆինանսավորման այդ աղբյուրներից ու այդ գումարները ներդրվում էին Zangi-ի ընդհանուր զարգացման համար: Հետո ընկերությունն ունենում է մի փուլ, երբ ավելի մեծ գումարներ են ներգրավվում ու ներդրվում Zangi-ում:

Այս կայացած բիզնեսի տնօրենը նշում է, որ շատ դժվարություններ կան ուրիշի մոտ աշխատելիս սեփական ծրագիրը, նախագիծը սկսելու հարցում: Սեփական ծրագիրը սկսելով՝ հանգում ես մի կետի, որից հետո պետք է ինքնաֆինանսավորվես: Ընդ որում, ոչ միայն ինքնաֆինանսավորվես, այլև ուրիշներին էլ ֆինանսավորես: «Մի խառը պրոցես է սկսվում, որում պետք է, այսպես ասած, հետաշխատանքային շոկը հաղթահարես: Բարեբախտաբար, ինձ դա հաջողվեց, ճիշտ է՝ մոտ 2 տարի տևեց, բայց վարկեր ներգրավելով, այս կամ այն աղբյուրից ֆինանսավորում հայթայթելով՝ հաջողվեց ու հետո արդեն դարձավ ավելի կայուն: Հաջողվեց պրոցեսը դարձնել կառավարելի, ու հետո արդեն կարողացա ավելի հանգիստ առաջ գնալ»,- շարունակում է տնօրենը:

Արդյունքները բավականին տպավորիչ են: Zangi-ն այսօր լուրջ տեխնոլոգիական ընկերություն է: Այն իր համար ընտրել է մի բիզնես մոդել, որով տարբեր ընկերությունների տրամադրում է իր լուծումներն ու տեխնոլոգիաները, այդ ընկերություններն իրենց բիզնես մոդելով զարգանում են, ու դրանից հետագայում Zangi-ն շահույթ է ստանում: Այդ մոդելով Zangi-ն համագործակցում է արդեն մոտ 15 ընկերությունների հետ մոտ 12 երկրից՝ սկսած Բրազիլիայից մինչև Թաիլանդ: Եվ այդ ընկերությունների հաջողությունները նաև Zangi-ի հաջողություններն են, քանի որ այդ բիզնեսները հիմնված են Zangi-ի արտադրանքի վրա: Հայկական այս ընկերության արտադրանքների կիրառումն էլ շատ տարբեր է՝ սկսած նավերի մեջ կիրառությունից մինչև նավթային հարթակների վրա կիրառությունը: Այդ կրառումից Zangi-ն շահույթ է ստանում և աճում է: Ներկայումս ամեն ամիս արտերկրի 4-5 ընկերություն է դառնում Zangi-ի նոր գործընկերը:

Zangi-ին շատ հավակնոտ է, նոր լուծումներով բավական թվով արտադրանքներ ունի, որոնք պատրաստվում է առաջիկայում մտցնել շուկա, հետաքրքիր առաջարկներ է պատրաստում: Ընկերության տնօրենը վստահ է՝ ընկերությունը կարող է որոշակի խորշ գրավել աշխարհում: Ճիշտ է՝ ընկերության շրջանառության ծավալները գաղտնիք են, բայց Zangi-ն պատրաստվում է էապես ընդլայնվել ու նոր աշխատակիցներ ընդգրկել աշխատանքներում:

«Zangi-ն առաջիկա 3 տարիներին աշխարհի թոփ ու ամենաճանաչելի ընկերություններից մեկն է դառնալու իր ոլորտում: Դա է մեր նպատակը»,- ասում է Մարտիրոսյանը:

Ընկերությունն արդեն շահութաբեր է, հիմնադիրն այն համարում է զարգացող ու շահութաբեր ընկերություն: Իսկ հաջողության հասնելու համար ամենակարևոր գործոնը, ըստ նրա, աշխատասիրությունն է: Բացի այդ, ինչպես վստահեցնում է նա, հաջողակ բիզնեսմենը որոշակի աշխարհայացքի, փիլիսոփայության կրող պետք է լինի, որոշակի աշխարհընկալում ունենա, նույն առարկան փոքր-ինչ այլ ձևով ընկալի:

«Եթե աշխարհը ճիշտ ընկալես, աշխատասեր լինես և տաղանդ ունենաս տվյալ ճյուղում՝ հաստատ հաջողություն կունենաս: Հայաստանում շատ են բարդացնում այդ հաջողություն հասկացությունը, բայց դա այնքան էլ բարդ ու անհասանելի բան չէ»,- շեշտում է Վահրամ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի բիզնեսի ոլորտում երկու զուգահեռ տիրույթներ կան: Մեկում ազդեցիկ կամ հարուստ հովանավորը, «թիկունքը», չինովնիկ բարեկամը և նման հանգամանքները պարտադիր են, իսկ մյուս տիրույթում պահանջվում է նվիրվածություն, աշխատասիրություն, պրոֆեսիոնալիզմ, և եթե այդ հատկանիշները չկան՝ ոչ մի հարուստ կամ ազդեցիկ հովանավոր չի կարող օգնել:

Հաջողելու համար ամենակարևոր գործոններից Վահրամ Մարտիրոսյանն առանձնացնում է նաև ռիսկի գործոնը՝ նշելով, որ շատերը չեն ուզում ռիսկի դիմել, բայց ուզում են շատ բան ունենալ: Այնինչ, անհրաժեշտ է ռիսկի դիմել, երբեմն նաև ձախողվել ու դրանից ամենևին չվախենալ: Ինքը, սկսած 2003 թվականից, ռիսկի է դիմել երեք անգամ, և առաջին երկու դեպքում ձախողվել, բայց չի հիասթափվել: Երրորդ փորձն արդեն Zangi-ն էր:

Վահրամ Մարտիրոսյանը շեշտում է նաև արագ գործելու կարևորությունը. «Շատ ու երկար մտածելիս այնքան ռիսկեր է մարդ տեսնում, որ ուղղակի ձեռնամուխ չի լինում իր գաղափարի իրագործմանը»:

Վերջապես, Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս սիրած ուղղությունը նախընտրել, հասկանալ, թե որ ոլորտն է հոգեհարազատ, որտեղ ես հաջողելու և ամենակարևորը՝ գործելու ավելի մեծ շանսեր տեսնում: «Միգուցե և չստացվի, մի քանի ամիս հետո հասկանաք, որ գաղափարն անիրագործելի է, բայց այդ ընթացքում այնքա՜ն արժեքավոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեք, որ կօգնեն այլ ոլորտներում կամ գաղափարներ իրագործելիս: Եվ հաջորդ ծրագիրը հաստատ ավելի հաջող կլինի»,- եզրափակեց Վահրամ Մարտիրոսյանը:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: