Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ


  
դիտումներ: 3406

Հայերը Լեհաստանի տարածքում բնակվում են միջնադարից: 1045 թ.՝ Անիի Բագրատունիների թագավորության կործանումից հետո, հայության մի ստվար հատված արտագաղթեց հայրենքից և հաստատվեց Արևելյան Եվրոպայում: XIV դարում, երբ Զաքարյանների պետությունն այլևս չկար և Անի մայրաքաղաքը կործանվել էր երկրաշարժից, անեցիները մեծ մասամբ արտագաղթեցին երկրից և հաստատվեցին կա՛մ Ղրիմում, կա՛մ Լեհաստանում՝ այնտեղ ձևավորելով հոծ գաղթօջախ:

XIV-XVII դարերում, ամենահամեստ հաշվարկներով, միայն Սարմաթիայում (այդպես է կոչվում Լեհաստանի տարածքը հայ միջնադարյան մատենագրության մեջ) ապաստանեց ավելի քան 100 հազար հայ:

Լեհերը գրկաբաց ընդունեցին հայությանը: Գալիցիայի Դավիթ իշխանը հատուկ հրովարտակով հայերին հրավիրեց բնակվելու իր տիրույթներում: Իսկ լեհաց Կազիմիր Գ արքան (1333-1370) հայերին արտոնություններ շնորհեց: Նա Կամենեց-Պոդոլսկի և Լվովի հայ բնակչությանն ազգային խորհուրդներ հիմնելու իրավունք շնորհեց: 12 դատավորներից կազմված այդ խորհուրդները հայության հետ կապված գործերը վարում էին լիակատար ինքնավարության պայմաններում: Բոլոր փաստաթղթերի գրագրությունը կատարվում էր հայերեն և ազգային օրենքների համաձայն:

Իսկ 1516 թ. Լեհաստանի Սիգիզմունդ Ա թագավորը հայությանն արտոնեց Լվովի ամենահարուստ՝ ազնվականներով բնակեցված կենտրոնում կառուցել հայոց դատարան:

Լեհերը ոչ միայն տեղ տվեցին եկվորներին, այլև բազում արտոնություններ շնորհեցին` նոր միջավայրում հաստատվելու, հարմարվելու համար: Հայերը, լինելով արհեստագործներ և առևտրականներ, հաստատվեցին Լեհաստանի մեծ քաղաքներում՝ Վարշավայում, Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Լուցկում, Ռաշկովում, Կրակովում, Պոզնանում, Վոլինում, Վրոցլավում, Լյուբլինում։

Լեհաստանի տիրակալները հայությանը ներքին լիակատար ազատություն տվեցին նաև կրոնի, ազգային ծեսերի և սովորությունների հարցում, ներքին ինքնավարություն և ազգային օրենքներով (Մխիթար Գոշի Դատաստանագրքով) առաջնորդվելու իրավասություն: Ի դեպ, Լեհաստանի իշխանություններն իրենք շատ դեպքերում երկրի ներքին կյանքում կիրառեցին Մխիթար Գոշի Դատաստանագրքի որոշ դրույթներ:

Եվ Լեհաստանում հայերը, ներքին լայն ինքնավարությամբ օժտված, շենացրին, ծաղկացրին երկիրը: Կառուցեցին տասնյակ եկեղեցիներ (նշանավոր էին Լվովի Մայր տաճարը, Կամենեց-Պոդոլսկի, Ստանիսլավի, Մոգիլև-Պոդոլսկի եկեղեցիները), դպրոցներ, հիվանդանոցներ, թատրոններ, տպարաններ: Լեհերից հետո հենց հայերը դարձան Լեհաստանի ամենահոծ և ամենաազդեցիկ ազգաբնակչությունը՝ ստանձնելով կարևորագույն պատմամշակութային առաքելություն:

Հայերը զարգացրին հատկապես Լվով քաղաքը: Այն հայտնի էր իր հարուստ առևտրով, արհեստագործական, արվեստագործական կենտրոններով: Դեռևս XIV-XVI դարերում Լվովի Հայկական փողոցն ու հրապարակը սալահատակված էին, ունեին ձուլածո խողովակներով ջրմուղ-կոյուղի, հասարակական բաղնիք և հիվանդանոց: Հայկական փողոցն ու հրապարակը Լվովի զարդն էին, ամենազարգացած, ամենակոկիկ վայրը:

Իսկ հայությունը երախտամոռ չգտնվեց լեհերի նկատմամբ: Լեհահայերը մեծ ներդրում ունեցան Լեհաստանի բարգավաճման գործում: Նրանք Լեհաստանին տվել են այնպիսի մեծ գործիչներ, ինչպիսիք են դիվանագետներ Շիմոն Պետրովիչը, Ռոմաշկևիչը, Յան Սոբեսկին, Սեֆեր Մուրատովիչը: Անվանի գիտնականներ էին Մելխիոր Ստեֆանովիչը, Յակոբ Առաքելովիչը, Ստեփանոս Ռոշքան, Գոգոժ Փիրամովիչը, Հովհաննես Կամենեցացին, Սիմեոն Լեհացին, Յան Տոմաշ Յուզեֆովիչը, արվեստի ասպարեզում աչքի ընկան Տոմաչ Նարգիլևիչը, Յուզեֆ Նիկորովիչը, Կարոլ Միկուլինը, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչը, Կայեթան Աբգարովիչը, Ադոլֆ Աբրահամովիչը:

Բացի նշվածներից, հայեր էին նաև անվանի գրողներ Հակոբ Թոխատեցին, Մինաս Թոխատեցին, Յան Յուսեֆ Լուկաշևիչը, Շիմոն Շիմոնովիչը, Յուլիուշ Սլովացկին, Կարոլ Անտոնովիչը, Զբիգնև Հերբերտը, նկարիչներ Թեոդոր Ակսենտովիչը, Պավել Բոգուշը, Սիմոն Բոգուշը, դերասանուհի Աննա Դիմնան, պատմաբան, բարեգործ Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին, անվանի ռեժիսոր Եժի Կավալերովիչը, բարեգործ, գյուտարար Իգնասի Լուկաշևիչը, լրագրող Ռոբերտ Մակլովիչը, երգահան Կշիշթով Պենդերեցկին, մանկավարժ, իմաստասեր Գժեգոժ Փիրամովիչը, պատմաբան Սադոկ Բարոնչը, բարերարներ Բոգդան Դոնովակովիչը, Զախարիաշ Բերնատովիչը, մանրանկարիչ Ղազար Բարերդցին:

Լեհ ազնվականության շարքերում հայկական ծագում ունեն Չայկովսկիները, Մալովսկիները, Պերնատովիչները, Յախովիչները Պիրամովիչները, Մրոժանովսկիները, Գրիգորովիչները, Թեոդորովիչները, Բարովիչները:

Դեռևս 1410 թ., երբ Լեհաստանը վճռական ճակատամարտի դուրս եկավ խաչակիրների Տևտոնական օրդենի դեմ, ի թիվս այլոց, հայությունը 5000 մարտիկներից կազմված զորք հանեց գերմանացիների դեմ, լեհերի թագավոր Յագայլոյի հրամանատարության տակ:

Հետագա տարիներին էլ հայությունը լեհ ժողովրդի կողքին պայքար է մղել հանուն Լեհաստանի անկախության և իրավունքների:

Լեհահայերը բարեկեցիկ ու հայեցի կյանքով էին ապրում, և Լեհաստանը կարող էր դառնալ Եվրոպայի հայության կենտրոնը: Սակայն լեհահայոց կյանքը խաթարվեց և գաղութը կործանվեց Հայ առաքելական եկեղեցու վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով:

1626 թ. հանգանակության նպատակով Լեհաստան է այցելում հայոց Մելիքսեդեկ կաթողիկոսը: Այդ ժամանակ մահացել էր լեհահայերի հոգևոր առաջնորդը, և հայոց կաթողիկոսը, փոխանակ ընդունված կարգի համաձայն նոր առաջնորդի ընտրություն անցկացներ, մեծ գումար վերցնելով՝ լեհահայոց առաջնորդ է կարգում մեծահարուստ հայ վաճառականի պատանի որդուն՝ Նիկոլ Թորոսովիչին: Վերջինս այդ ծառայության դիմաց պարտավորվում է կաթողիկոսին կայուն եկամուտներ ապահովել համայնքի հաշվին …

Եվ իր պաշտոնավարման հետագա ընթացքում Նիկոլ Թորոսովիչը շարունակ կեղեքում է հայությանն անտեղի հարկերով ու շորթումներով: Հայությունն ըմբոստանում է Նիկոլ Թորոսովիչի դեմ: Վերջինս իր դիրքերն ամրապնդելու համար դիմում է կաթոլիկ եկեղեցուն՝ Վատիկանի օգնությանը: Եվ շատ չանցած՝ լեհահայությունը, զզված Հայ առաքելական եկեղեցու քաղաքականությունից և տեղիք տալով ճնշումներին, կաթոլիկություն ընդունեց՝ կորցնելով իր ազգային կերպարը:

Լեհահայոց գաղութի քայքայմանը նպաստեց նաև Լեհաստանի մասնատումը Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև, պետական անկախության կորուստը:

Եվ չնայած ազգային ինքնագիտակցության բացակայությանը՝ այսօրվա Լեհաստանի բնակչության մեջ հարյուրհազարավորներ հայկական ծագում և արմատներ ունեն:

Ներկայումս Լեհաստանում մոտ 80 հազար հայ է ապրում. մեծ մասը Հայաստանից վերջին շրջանի արտագաղթածներ են:

Լեհաստանում երկու գործող հայ եկեղեցի կա՝ Սուրբ Վասիլ եկեղեցին Վարշավայում և Սուրբ Երրորդության (հայ կաթոլիկ համայնքին է պատկանում) եկեղեցին՝ Գլիվիցում:

Կրակով քաղաքում գործում են Հայ մշակութային ընկերությունը և հինգ կիրակնօրյա դպրոց:






Մեկնաբանություններ - 1

NAREK     11.07.2016 Խնդրում եմ, այն մարդկանց ովքեր կարող են օգնել, արձագանքել, , գւմար հավաքել վիրահատության համար:
Տղան դեռ 23 տարեկան է, այս վիրահատությունն կատարում են միայն Գերմանիաում, , Գյումրիում բնակվող Նարեկին անհրաժեշտ է ձեր օգնւթյունն, , , ,
ՀԵՌ_ +37493507354
ՀԵՌ_ +37477176525
Սրտի բնածին արատ միջփորոքային միջնապատի դեֆեկտ, ընդհանուր զարկերակային ցողուն: ՍԱ/NYHA/ II: Թոքային հիպերտենզիա: Երկրորդային էրիթրոցիտոզ: Աջ աչքի ոչ իշեմիկ թրոմբոէմբոլոցիա: Քթի միջնապատի թեքություն, քթային շնչառության խանգարումով երկրորդ աստիճան:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: