Հայերեն   English   Русский  

​Օշականը մշակութային վերելք կապրի.Գյուղին կենսունակություն հաղորդելու նպատակով հիմնադրամ է ստեղծվել


  
դիտումներ: 4532

Օշականը Արագածոտնի մարզի գյուղերից է, ունի 5000-ից ավելի բնակիչ, գտնվում է Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, ում աճյունն այստեղ է ամփոփել հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս աճյունը նունպես հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։

Օշականը սրբավայր լինելուց զատ նաև հնագիտական հուշարձաններով հարուստ վայր է, ինչի շնորհիվ այս գյուղական համայնքը նաև զբոսաշրջիկների համար է գրավիչ ու հետաքրքիր: Այստեղ անցկացվում են միջազգային սիմպոզիումներ, սեմինարներ, մասնավորապես՝ Թարգմանչաց տոնը։

Բնիկ օշականցի տիկին Սուսաննան գյուղին մշակութային վերելք հաղորդելու, հայկական հետքն արտացոլելու, բարեկարգելու և աշխարհասփյուռ հայությանն այս վայր կանչելու նպատակով վաղուց սկսել է մի նախաձեռնություն՝ Օշականը յուրահատուկ սրբազան բնակավայր դարձնել՝ իր երբեմնի ազգային արժեքներին կենսունակություն հաղորդելով:

Այս նպատակը կյանքի կոչելու համար Սուսաննա Դարբինյանը հիմնադրել է «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» մշակութային բարեգործական հիմնադրամը, որի հիմնական ուղղություններն են լինելու Օշականում մշակութային կենտրոնի կառուցումը, դպրոցը հարուստ գրադարանով համալրելը, Հայի տուն թանգարան-կենտրոնի կառուցումը, որտեղ կմեկտեղվեն բոլոր հայ գերդաստանների տոհմածառերն ու ավանդույթները, գյուղի բնակչության կենսապայմանների բարելավումը, զբաղվածության ապահովումը և այլն:

Ինչպես մեզ հետ զրույցում իր նախաձեռնության մասին պատմեց հիմնադրամի ղեկավար Սուսաննա Դարբինյանը, հայերը բոլոր պատմական վայրերում հոգևոր կենտրոններ են թողել, սակայն առ այսօր բացակայում է այն հայի տունը, որը կարտացոլի հայկական հետքը, որպեսզի ցանկացած զբոսաշրջիկ ցանկություն հայտնի մտնելու այդ տունը: Այդ կառույցը պետք է խորհրդանշվի այբուբենի 36 սյուն տառերով՝ դառնալով Մաշտոցի տունը:

«Այս հայի տանը ցանկանում եմ մեկտեղել բոլոր հայ գերդաստանների պատմությունները, որտեղ պարբերաբար կիրականացվեն նաև մշակութային միջոցառումներ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարման օրոք որոշակիորեն պահպանվում էր այդ ավանդույթը, կառավարության անդամները հաճախակի էին Օշականում նման միջոցառումների մասնակցում: Ես իմ նախաձեռնության մասին որոշ հոգևոր կառույցների արդեն տեղեկացրել եմ, օրինակ՝ Արագածոտնի հոգևոր թեմին, սակայն առայժմ որևէ արձագանք չի տրվել, նպատակ ունեմ նաև այս ծրագրով դիմել ՀՀ մշակույթի նախարարությանը և հայտնի գործարարներին»,- լավատեսությամբ նշում է տիկին Սուսաննան ու ցավով հիշում, որ այս նախաձեռնության հեղինակը որդին է եղել, որ Երևանի և ԼՂՀ օդանավակայանների ճարտարապետն էր ու շուրջ 20 շինության հեղինակ: Ուստի հիմնադրամը տիկին Սուսաննան անվանել է ի հիշատակ վաղամեռիկ որդու:

Հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, որի անդամները բնիկ օշականցիներ են: «Բավական բարդ ճանապարհ է ի ինձ սպասում, բայց պատրաստ եմ հաղթահարել ու չեմ նահանջելու»,- լավատեսությամբ վստահեցնում է հիմնադրամի ղեկավարը:

Օշականում բնակչության կենսապայմանների բարելավումը նա տեսնում է զբաղվածության ավելացման հաշվին: Ըստ նրա՝ կա չգործող արտադրամաս, որը ներդրումների պարագայում կարդիականացվի և զբաղվածություն կապահովի, ինչն էլ կնպաստի, որ արտագաղթը գյուղից նվազի: «Գյուղը բավական հայանպաստ գործունեություն է ծավալել և պիտի իր առաքելությունը շարունակի»,- ասում է Սուսաննա Դարբինյանը:

Հավելենք նաև, որ Թարգմանչած տոնի կապակցությամբ այս տարի հուլիսի 15-ին Օշականում «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» մշակութային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կկազմակերպվի Պոեզիայի օր, որին կհրավիրվեն մասնակցելու Հայաստանի բոլոր դպրոցականները, մասնավորապես՝ ավագ դասարանների աշակերտները: Ամենամյա տոնի շրջանակներում Պոեզիայի օրվա հաղթող ճանաչված լավագույն երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան մրցանակներ հիմնադրամի կողմից :

Արարողությունը կկայանա Օշական գյուղի մշակույթի տանը: «Ակնկալում ենք բոլոր գործարարների և հայրենական արտադրող կազմակերպությունների աջակցությունը վերոնշյալ նախաձեռնությանը, ինչը կնպաստի այս ազգային տոնը առավել արմատավորելուն» - ասաց տիկին Սուսաննան:

Լուսինե Նազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: