Հայերեն   English   Русский  

​«Հայ ուխտավորները Հռոմում»-ն ամփոփում է հայ-հռոմեական պատմական և հոգևոր առնչությունները


  
դիտումներ: 3075

Լուսանկարը`Panorama.am-ի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Հայաստան ժամանած օտարեկրյա լրագրողներն ու ուխագնացները հայ-հռոմեական պատմական առնչությունները ներկայացնող գիրք են նվեր ստացել: Հռոմի պապի գալստյան առթիվ հրատարակվել է բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում»(Armenian piligrims in Rome) գիրքն անգլերեն տարբերակով:

Գիրքը հրատարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում «Գիտական կամուրջներ» ՀԿ-ի կողմից:

Դևրիկյանը պատմում է, որ գրքի գաղափարն առաջացել էր դեռ մարտին, երբ հայտնի դարձավ, որ Հռոմի պապը Հայաստան է գալու: Ապրիլյան պատերազմով պայմանավորված` գրքի մեկնարկային աշխատանքները ձգձգվում էին: Մայիսի սկզբին առաջնագծից վերադառնալով՝ Դևրիկյանը սկսում է գրել աշխատությունը: Ասում է՝ առաջնագծում ստացած տպավորություններն ու լիցքերն են օգնել, որ կարողանա սեղմ ժամկետներում ավարտել աշխատանքը. «Ասում էի` հաշվիր, որ սա էլ դիրք է, պիտի չքնես»:

Հեղինակի խոսքով` գրքի յուրաքանչյուր տողը հիմնված է պատմական աղբյուրների վրա, որոշ դեպքերում՝ նաև միջնադարյան պատկերային արտահայտման վրա:

Ասում է, որ նպատակն էր ցույց տալ հայ-հռոմեական պատմական և հոգևոր առնչությունները, բայց ոչ եկեղեցական ու դավանաբանական վեճերը, ինչը տարօրինակ կդիտվեր Հռոմի պապի այցի համատեքստում: «Էլ ի՞նչ կա, որ ընդգծված ձևով միավորում է մեր հոգևոր առնչությունները` Հայաստանից Հռոմ կատարված ուխտագնացությունները»,- ասում է նա:

Դևրիկյանը նշում է, որ գրավոր աղբյուրներում հիշատակվող դեպի Հռոմ առաջին ուխտագնացությունը կատարել է Մովսես Խորենացին: Նրանից առաջ մի ուխտավորի մասին է հիշատակվում, որը գնացել ու այնտեղ մահացել է:

«Հատկանշական է, որ Խորենացին հոգու փարոս համարվող Հռոմ ուխտագնացության է մեկնել մտքի փարոս համարվող Ալեքսանդրիայից»,- ասում է Դևրիկյանը:

Հեղինակը գրքում հայկական ուխտագնացություններին զուգահեռ անդրադարձել է միջնադարում գոյություն ունեցող հայ-հռոմեական դաշինքի գաղափարին, որը Տրդատ Առաջինը կնքել էր Ներոն կայսեր հետ, իսկ IV դարում՝ Տրդատ Մեծը Կոստանդիանոս Մեծի և Գրիգոր Լուսավորիչը Սեղբեստրոս Հայրապետի հետ:

Նա նշում է, որ չնայած այդ դաշինքը գործնական, ռազմաքաղաքական առումով չգործեց, Եվրոպայում սկսեց ընկալվել որպես յուրօրինակ պարտք հայ ժողովրդի հանդեպ:

«Փորձել եմ ցույց տալ այդ դաշինքի հռոմեական ընկալումը, ինչպես նաև անդրադարձել եմ Հռոմ հայկական ուխտագնացություններին: Շատերն ազատագրական նպատակներով գնացել են Հռոմին դիմելու, դրան զուգահեռ իրենց խոնարհումն են բերել հատկապես Պետրոս և Պողոս առաքյալների շիրիմներին: Զարմանալի զուգադիպությամբ XVI-XVII դարերում բոլոր ազատագրական դեսպանություններն ավարտվել են հայկական տպագրությամբ Հռոմում և Վենետիկում: Այսինքն՝ մեր բոլոր առաջին տպագրիչները որոշակի ազատագրական առաքելությամբ են գնացել, երբ դա չեն կարողացել իրագործել, զբաղվել են տպագրությամբ: Թերևս սա բացատրվում է այն բանով, որ այդ գործիչների գիտակցության մեջ եղել է այն գաղափարը, որ գիրքը ևս կարող է ծառայել ազատագրական նպատակներին»:

Դևրիկյանը նշում է, որ հայ գրքի դերը գիտակցել են նաև մեր թշնամիները, և մեջբերում է Սուլթան Համիդի խոսքը. «Ավելի շատ վախենում եմ Միխթարյանների տպագրական գործիքներից, քան հայ ֆիդայիների զենքերից»:

Դևրիկյանը պատմում է, որ որոշակի ծիսակարգ է եղել. յոթ եկեղեցի կար, ուր ուխտավորը պետք է գնար իր ուխտը կատարված համարելու համար:

«Դա ցույց եմ տվել հայ ուխտավորների օրինակով և ընդգծել եմ հատկապես այն հանգամանքը, որ չնայած Հայաստանը քաղաքական և ռազմական ծանր վիճակում էր, բայց ամեն դեպքում հայ միտքն ու հայ մշակույթը համընթաց են գնացել եվրոպական քաղաքակրթությանը»,- ասում է նա:

Դևրիկյանը նշում է, որ քիչ ժողովուրդներ են ունեցել իրենց առանձին ուխտատները, սովորաբար կային ուխտատներ, որտեղ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներն էլ մնում էին: Սակայն հայերն ունեցել են իրենց առանձին ուխտատները:

Հայկական ուխտագնացության երթուղին էլ համաքրիստոնեական երթուղու մի մասն էր: Հայ ուխտավորները ուխտի են գնացել Երուսաղեմ, ապա Հռոմ և Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքը:

Ըստ ավանդության` Սուրբ Հակոբոս առաքյալի գլուխը թաղված է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում, իսկ մարմինը` Սանտիագո դե Կոմպոստելայում: Հայ ուխտավորները Երուսաղեմ էին գնում, ապա Իսպանիա` Միջերկրական ծովով կամ Հռոմ-Փարիզ ցամաքային ճանապարհով:

«Այս ուխտագնացությունների ուղեգրությունները թե՛ գեղարվեստական առումով են արժեք ներկայացնում, թե՛ որոշակի պատմական վկայություններ են: Օրինակ՝ Սիմեոն Լեհացին մանրամասն նկարագրում է Սուրբ Պետրոս եկեղեցու վերանորոգման աշխատանքները»,- ասում է Դևրիկյանը:

Գրքի վերջին բաժինը նվիրված է Հռոմի հայկական հյուրատանը, որը XI-XII դարերում ինքնուրույն կյանքով ապրել է որպես ուրույն աշխարհ:

Գրքի տպագիր տարբերակն առայժմ միայն անգլերենով է հասանելի: Իսկ հայերեն տարբերակը շնորհանդեսից հետո տեղադրվել է www.granish.org կայքում:

«Երբ օտար ընթերցողի համար ես գրում, որոշակի բացատրությունների կարիք կա, որոնք հայ ընթերցողին պետք չեն: Հայ ընթերցողից ներողություն պետք է խնդրեմ, քանի որ գրելիս մտքումս ունեցել եմ, որ թարգմանվելու է»,- ասում է Դևրիկյանը և հավելում, որ հայերեն տպագրության դեպքում շարադրանքը կփոփոխի` ավելացնելով նաև չափածո մեջբերումներ, որոնք ներկա տարբերակում վերաշարադրված են:

Դևրիկյանը նշում է, որ գիրքը կհետաքրքրի ոչ միայն օտարերկրացուն, այլև հայերին, որոնք հետաքրքրված են միջնադարով ու հայերի ուխտագնացություններով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: