Հայերեն   English   Русский  

«Իզվեստիա»-ն և Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը


  
դիտումներ: 806

Մոսկվա -Անկարա հարաբերությունների շրջադարձի պաշտոնականացումը ակնկալելի էր: Փաստորեն, ներողություն խնդրելու թատերական ներկայացումը ուներ իր նախապատրաստությունը: Մնացյալը ցուցադրական պարանաձգություն էր, նախ Մոսկվայից ասելու համար, որ «ներողություն խնդրող» նամակ են ստացել նախագահ Էրդողանից, հետո Անկարայից ներքին սպառման համար առավելաբար անուղղակիորեն հերքելու ներողություն բառի օգտագործումը, ապա Մոսկվայի կողմից վերստին պաշտոնապես հայտարարելը, որ ներողություն բառը օգտագործվել է գրավոր նամակում, հետո էլ ընդհանրապես այս հարցի երկրորդ պլան մղվելը: Ներողությունից առաջ գրավոր նամակագրության միջոցով դարձյալ մերձեցման միտումների արար կար, որի հիշատակումը կարող էր օգտակար լինել. այն վերաբերում էր ՌԴ-ի ազգային տոնը շնորհավորելուն`թեկուզ շնորհավորանքին արհամարհական պատասխան ստանալով:

Այսինքն, կային նախադրյալներ, որ հատկապես Անկարայի կողմից մերձեցման կամ հարաբերությունների բնականոնացման դրսեւորումներով իրավիճակը փոխելու միտումներ էին մատնում: Մինչ այդ, ներքին սպառման համար առաստաղները բավական բարձրացել էին երկկողմանիորեն: Փոխամբաստանությունների տարափի սաստկացումը ուներ իր արտաքին քաղաքական դրդապատճառները: Թե՜ Ղրիմի հարցով եւ թե՜ մանավանդ սիրիական պատերազմին երկու պետությունների ունեցած ուղղակի հակոտնյա դիրքորոշումները թշնամական ալիքի մագլցողկանությանը նպաստել էին հիմնովին:

Արեւմուտքը (իմա՜ հատկապես ԱՄՆ-ը) սիրիական պատերազմին վերջին հանգրվաններին բացարձակ կերպով մերժում էր Անկարայի ծրագրերը: Անկարային չէր հաջողվել ստանալ կանաչ լույս սիրիական տարածքներ ներխուժելու եւ մանավանդ անվտանգության գոտին հաստատելու համար. այլ խոսքով, քրդական գործոնի վայելած հովանավորչությունը Արեւմուտքի կողմից ուղղակի սպառնալիք էր Անկարայի համար. մինչ իրադրությունները այնպես էին ընթանում, որ թե՜ Արեւմուտքը եւ թե՜ սիրիական պատերազմի կտրվածքով ՌԴ-ն օժանդակողի դեր էին ստանձնել քրդական զինյալ խմբավորումների նկատմամբ:

Գրեթե անկարելի պիտի լիներ առանց սիրիական խճանկարում երկու պետությունների ունեցած դերակատարությունը գնահատելու, բացատրել այսօրվա մերձեցման միտումները: Ահաբեկչությունը հարվածեց Անկարային, որ Ստամբուլի վերջին ռմբահարումները լիարժեք օգտագործեց աշխարհին ցույց տալու համար, որ ինքը եւս թիրախ է այն ահաբեկչությանը, որին աջակցել էր, եւ որի դեմ այսօր Արեւմուտքը հայտարարել է անհաշտ պատերազմ: Այդ պատերազմը ամբողջական չէ, պարագայական է եւ մինչ այժմ արմատախիլ անելու համարժեք հարձակումների տպավորությունը չի թողնում: Անկարային հասցված հարվածը Թուրքիան ցնցեց նաեւ տնտեսապես. Սա այն Թուրքիան է, որը քրդական ապստամբության եւ ներթուրքական պատերազմի պատճառով արդեն իսկ որոշ ցնցումներ ապրել էր: Եւ որի համար էլ բարձրագույն մակարդակներից ամբաստանում էր Արեւմուտքին ու ԱՄՆ-ին։ Նույն Արեւմուտքն ու ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներով ցնցել էին եւ շարունակում են ցնցել ՌԴ-ին։

Ուրեմն, Արեւմուտքը, որը սիրիական պատերազմում իր դերակատարությամբ բախման կետերի էր առաջնորդել Անկարային եւ Մոսկվային, այլ հարթության վրա նեղ անկյունների մատնելով երկու պետությունների համագործակցության անհրաժեշտությունը ընդգծած կլիներ այս ձեւով:

Բայց սիրիական պատերազմից եւ կիրառվող պատժամիջոցներից անկախ, մեզ համար բնականաբար նման մերձեցումը կարող է հարցականների դուռ բացել շատ հասկանալիորեն: Ռուս-թուրքական թշնամացումների եւ մերձեցումների վերիվայրումները հատկանշում են այս երկու երկիրների հարաբերությունները ամենից շատ բնութագրող դրսեւորումներով: Չմոռանանք, որ թշնամանքի երկարաձգումը պետք էր Մոսկվային, հատկապես Սիրիայի տարածքում թուրքմենական թիրախները եւ ընդհանրապես Անկարայի հովանավորչությունը կրող ահաբեկչական հենակետերն անարգել հարվածելու եւ այլ առումով անկաշկանդ գործելու համար: Հիմա, թվում է, որ պայմանները փոխվել են:

«Իզվեստիա»-ի ի նման մամուլի ներկայացուցչի թողարկած մեկնաբանական լրատվությունները չի կարելի անտեսել: Եւ «Իզվեստիա»-ն գրում է, որ Մոսկվայի նպատակն է ապաշրջափակել ՀՀ-ը ոչ միայն Թուրքիայից, այլ նաեւ Ադրբեջանից: Խոսքը սահմանի երկկողմանի բացման մասին է: Սակայն երկու սահմաններն էլ փակվել են արցախյան հարցի պատրվակ-պատճառով: «Իզվեստիա»-ի մեկնաբանությունը ուղղակիորեն առնչվում է Արցախի հարցի կարգավորմանը, առանց այդ մասին ուղղակի ակնարկ կատարելու:

Հայկական ոսպնյակով անմիջական մտահոգությունը այս դեպքում Անկարային վերապահվող դերակատարությունը կարող է լինել կարգավորման հարցում: Իսկ այս առումով արժե նկատել այն լրատվությունը, որի համաձայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու բառերն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք ունենք համապատասխան ձեւաչափեր. դա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա մեր ուղիղ երկխոսությունն է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, դրանք բարձր մակարդակի հանդիպումներ են, որոնք անց են կացվում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Այդ իսկ պատճառով, ճիշտն ասած, մենք կարծում ենք, դրանք բավականին արդյունավետ մեխանիզմներ են», - ասել է Զախարովան:

Զախարովան վերահաստատում է, որ ԵԱՀԿ-ն է միակ եւ միջազգայնորեն ընդունված ձեւաչափը հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու, ինչ որ դիվանագիտական լեզվով մերժում է կարգավորման կողմ Անկարայի դառնալու նկրտումները:

«Իզվեստիա»-ն նշանակում է լուրեր, իրադարձություններ: Թե որքա՞ն ճշմարտությանը կհամապատասխանի ՀՀ-ի ապաշրջափակումը ռուսական օրակարգ համարելու այս կանխատեսումնային բնույթ ունեցող լուրը, ժամանակը ցույց կտա: Մինչ այժմ պարզ է միայն, որ ռուսները (եւ ոչ միայն ռուսները) արտակարգ աշխուժություն են ցուցաբերում արցախյան հակամարտության լուծման բեկումնային պահ ապահովելու համար:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: