Հայերեն   English   Русский  

«Ինսայթ». Ալեքսանդր Կոտտի ֆիլմը կույր մարդու, բայց ոչ կույրերի խնդիրների մասին


​«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում այս տարի ներկայացված է Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» կինոնկարը:


  
դիտումներ: 19279

Ֆիլմը հանկարծակի կուրացած մարդու մասին է, սակայն ոչ կուրության:

«Ինսայթն» արդեն հասցրել է մի շարք մրցանականեր նվաճել կինոփառատոններում, այդ թվում` «Նիկայի» արձանիկ լավագույն դերասան անվանակարգում:

Տարատեսակ ժանրերի ֆիլմեր նկարահանած Ալեքսանդր Կոտտի համար այն ֆիլմն առանձնահատուկ նշանակություն ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց ֆիլմի պրոդյուսերը` Կատյա Ֆիլիպովան:

«Սաշան յուրահատուկ վերաբերմունք ունի այս ֆիլմի նկատմամաբ, քանի որ սա առաջին անգամ է, երբ նա ֆիլմի լիակատար հեղինակն է. ինքն է մտահղացման, սցենարի հեղինակը և միևնույն ժամանակ ռեժիսորը: Սովորաբար նա ֆիլմեր է նկարահանում այլ հեղինակների սցենարների հիման վրա»,- պատմեց նա:

Ֆիլիպովան նշեց, որ ֆիլմի արտադրությունը որոշակի խնդիրների առջև էր կանգնած, այդ թվում` ֆինանսական, քանի որ հովանավորել արտհաուզ ֆիլմ, որը եկամուտ գրեթե չի ունենալու, ոչ բոլորն են պատրաստ: Սակայն խնդիրները հարթվել են, և ֆիլմը, ի վերջո, մեծ հաջողություն է ունեցել:

Կոտտը երկար ժամանակ աշխատել է կույր մարդկանց հետ, փորձել նրանց ավելի լավ հասկանալ: Արդյունքում գլխավոր հերոսը` Պավել Զուևը, դարձել է ընդհանրական կերպար.«Կերպարի նախատիպերից մեկը ասում էր` եթե կույր ես, այլ ելք չունես քան 100 տոկոսով վստահելու կնոջդ: Այդ առումով շատ կարևոր էր հերսուհուն ընտրել: Ագրիպինա Ստեկլովան հազվադեպ է նկարահանվում ֆիլմերում, սակայն ի սկզբանե Սաշան նրան էր պատկերացնում Նադեժդայի դերում»,- նշեց պրոդյուսերը:

Նա պատմեց, որ երբեմեն Ստանսիլավսկու մեթոդին են դիմել ֆիլմն ավելի համոզիչ և ճշմարտանման ներկայացնելու համար: Մի անգամ տեսարաններից մեկը նկարահանելու համար նրանք կապել էին օպերատորների աչքերը:

Չնայած ֆիլմի հանգույցը գլխավոր հերոսի տեսողությունը կորցնելն է, այն, այնումենայնիվ, չի կենտրոնանում դրա վրա. «Ֆիլմի նպատակը հաշմանդամություն ունեցող անձի և նրա խնդիրների մասին չէ: Եթե այդպես լիներ, ապա բացարձակ այլ ֆիլմ կստացվեր: Մենք ցանկացել ենք գեղարվեստական միջոցով իմաստավորված պատմություն ստեղծել իր յուրահատուկ կառուցվածքով: Այդ դեպքում կուրությունը իրադարձությունների ֆոնն է միայն»,- նշեց Ֆիլիպովան:

Ֆիլմի մասին. Պավել Զուևը, դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է կյանքը նորից սկսել՝ մթության մեջ: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սովորի ուտել, քայլել, ինքնուրույն լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ բոլոր կապերը խզված են: Նոր կյանքում կույր Զուևը հանդիպում է մի բացառիկ կնոջ, որը կարողանում է ավելին տեսնել, քան ուրիշներն են ունակ: Նրա անունը նշանային է՝ Նադեժդա (թարգմանաբար՝ «հույս»): Նա աշխատում է տեղի հիվանդանոցում: Նադեժդան օգնում է Զուևին գտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը: Հավասարապես ուժեղ, բայց իրարից տարբեր այս մարդիկ միասին ապրում են իրենց կյանքի լավագույն օրերը... Բայց ամեն ինչ իր ավարտն ունի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: