Հայերեն   English   Русский  

Ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Արցախի մասին


  
դիտումներ: 18624

«Ֆրանսիայում ընկալվում եմ որպես հայ ազգանվանս պատճառով: Քանի որ հայերեն չգիտեմ, Հայաստանում ընդունվում եմ որպես ֆրանսիացի: Թուրքիայում` Արևմտյան Հայաստանում, բացում են անձնագիրս, տեսնում «յան» վերջավորությունը ու կրկին համարում ինձ հայ»:

Սա Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց ժառանգ Առնո Խայաջանյանի ճակատագիրն է:

Երիտասարդ ռեժիսորը 20 տարեկանում է հայտնաբերել, որ իր նախատատը մեծացել է թուրքերի ընտանիքում, իսկ նախապապին փրկել է քուրդ գյուղացի: Այդ տեղեկությունը դրդել է ֆրանսահային նախաձեռնել երկարատև ճամփորդություն դեպի Երզնկա` իր նախապապի հայրենիք:

Ինքնության որոնումների ոչ դյուրին ընթացքը ներկայացվում է Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմում, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում:

Հեղինակի խոսքով` այս ֆիլմը տարբերվում է Ցեղասպանության մասին նկարահանված այլ կինոնկարներից մի տարրի շնորհիվ. նա փորձել է կենտրոնանալ այն մարդկանց վրա, որոնք չնայած ծանր իրավիճակին, իրենց խղճին դեմ չեն գնացել և փրկել են հայերին. «Պատահական գրքերում տեղեկատվություն կա նման մարդկանց մասին, բայց ոչ մանրամասն: Ես վավերագրական շատ ֆիլմեր եմ դիտել, որտեղ ռեժիսորները ունեցել են ագրեսիվ վերաբերմունք թուրքերի հանդեպ: Փորձել եմ կենտրոնանալ լավ կողմերի վրա, ինչը հնարավորություն կտա հիմք ունենալ թուրքերի և հայերի երկխոսության համար»,- ասաց ռեժիսորը:

Առնո Խայաջանյանը երկու տարի հետազոտական աշխատանքներ է իրականացրել, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների անդամներին. « Ես հասկացա, որ յուրաքանչյուր վերապրողի պատմության մեջ մի ընդհանուր գիծ կա. միշտ եղել է մեկը, ով փրկել է ընտանիքի անդամներից որևէ մեկին»:

Ի դեպ, ֆրանսահայ ռեժիսորը երկու օր հետո իր ֆիլմը կներկայացնի արցախաբնակ կինոսերներին: Նա պատմեց, որ շատ է եհտաքրքրված Արցախի թեմայով և պատրաստվում է այդ շրջանի խնդիրների մասին ֆիլմ նկարահանել. «Ղարաբաղյան թեման շատ չի արծարծվում կինեամոտգրաֆիայում: Զարմանում եմ, թե ինչու շատ ֆիլմերում չեն անդրադառնում այս թեմային: Ընկերներիցս մեկը իր դիպլոմային աշխատանք է գրել հենց ղարաբաղյան հակամարտության թեմայով: Այժմ հետազոտում եմ Ղարաբաղում իրավիճակը, ղարաբաղյան պատերազմը, որպեսզի հաջորդ ֆիլմս նկարեմ հենց ղարաբաղյան պատերազմի մասին: Երկու ամսից վերադառնալու եմ Լեռնային Ղարաբաղ՝ շարունակելու իմ աշխատանքները»,- նշեց Խայաջանյանը:

«Քարքարոտ ճամփաներ» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի հուլիսի 13-ին

Ֆիլմի մասին. Ֆիլմն Անատոլիայում կատարած մի շրջագայության պատմություն է: Առնո Խայաջանյանը սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ նա բացահայտում է բարեպաշտների՝ այն բոլոր անհայտ մարդկանց սակավածանոթ գործերը, որոնք կյանքեր են փրկել 1915-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: