Հայերեն   English   Русский  

​Բաքվի ոճային եւ եզրաբանական փոփոխությունները


  
դիտումներ: 1644

Արցախյան հարցի ուղղությամբ Ադրբեջանի նախագահի ելույթը իր երկրի կառավարության նիստում, շատարագհայացքով մի քանի մտքերէուրվագծում: Բայց նախ` Ալիեւի ամփոփած բանաձեւը, ուր պետք է հատուկ ուշադրություն կենտրոնացնել բովանդակայինին առընթեր ոճին եւ օգտագործված քաղաքական եզրաբանությանը:

«Հակամարտությունը պետք է կարգավորվի կարճ ժամանակում, ստատուս քվոն պետք է փոխվի: Հակամարտության կարգավորման միակ տարբերակը փուլային տարբերակն է»:

Շարունակելով մնալ իր առավելապաշտական պահանջների ծիրում Ալիեւի հռետորաբանությունը նման քաղաքական եզրաբանությամբ չէր հատկանշվել. մանավանդ, որ Ադրբեջանի նախագահը ներքին լսարանիհամար միշտ օգտագործել էր ռազմատենչ հռետորաբանություն, շեշտակի հայատյացություն սերմանելով իր անմիջական շրջապատումեւ անընդհատ հիշեցնելով, որ պատերազմի ընտրանքով Բաքուն պատրաստ է «վերատիրանալու իր կորցրած տարածքներին»:

Թվում էր, որ ոճի եւ բառապաշարի առումով դերերի բաշխում կար իր եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի միջեւ. Ալիեւը սպառում էր իր արտադրանքը ներքին լսարանի համար, մինչ Մամեդիարովը ի պաշտոնե`արտաքինի: Հիմա կա՜մ ներադրբեջանական որոշմամբ եւ կամ էլ արտաքին հուշումներով Ալիեւի օգտագործած ոճը ավելի համահունչ է միջազգայնորեն ընդունված բառապաշարային օրինաչափությանը: Այստեղ հայկական ուժերի հեռացում, զավթում, վերատիրացում, պատերազմական գործողությունների դիմելու ակնարկներ եւ նշումներ չկան: Ըստ էության սակայն, ադրբեջանական բանակցային հայեցակարգն է, որը բանաձեւվել է Ալիեւի կողմից։

Այսպես. ստատուս քվոն պետք է փոխվի ասելով Բաքուն ուզում է հասկանալ հայկական ուժերի հեռացումը ադրբեջանական տարածքներից։ Փուլային տարբերակ ասելով դարձյալ Բաքուն տարածքների հանձնում է ընկալում իբրեւ բանակցության առաջին իրականանալի կետ:

Ոճ եւ եզրաբանություն փոխելը ենթադրում է, որ արցախյան հակամարտության կարգավորման համար բանակցային հանդիպումները գերաշխույժ փուլում են եւ որոնց ընդառաջ Ալիեւը կառուցողական երեւալու ճիգ է անում, նույնիսկ ի՜ր կառավարության նիստին նման պահվածք ցուցաբերելով:

Ստատուս քվոն փոխելու պայմանականությունը հնչել էր Վարշավայից, երբ նախագահ Սարգսյանըպարզորոշ ասել էր,որ ստատուսքվոն կփոխվի միայն,երբ կհարգվի արցախահայության ինքնորոշվելու իրավունքի իրացումը: Սա,իհարկե,հայկական կողմի բանակցային ռազմավարության առաջին սկզբունքն է, որը սակարկելի չէ: Նույնիսկ ընդհանուր փաթեթայինում փուլային տրամաբանությամբ շարժվելու դեպքում առաջին փուլը արցախահայության արդեն իսկ ինքնորոշված կարգավիճակի ճանաչումն է առաջնայնորեն, որից հետո միայն մադրիդյան, հին թե նորացված կամ կազանյան սկզբունքներինկարելի է անցնել: Եւ ոչ,իհարկե, Ալիեւի ընկալած փուլային տարբերակի շուրջ բանակցել:

Սակայն, միջազգային ընտանիքը, ոճային եւ բառապաշարային փոփոխությունները նկատելով հանդերձ, պետք է ունենա իր բանակցային վարքագիծն ու մանավանդ համաձայնեցված բաղադրիչների հետեւողականություն պահելու խնդիրը: Քառօրյա պատերազմից հետո Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը պարզ ու ամփոփ բանաձեւել են.

Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները:

Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրականացումից չշեղելու անհրաժեշտությունը:

Գ. Համաձայնություն է գոյացել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատմանը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար:

Պետերբուրգը պարզորեն վերահաստատել էր Վիեննայի առաջադրանքներնառանց ուղղակի նշելու հրադադարի թվականները եւ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունը: Բայց արձանագրելէ, որ վերահաստատում է Վիեննայի ճշտած կետերը:

Որեմն, Ալիեւի պատկերացրած ստատուս քվոյի փոփոխության համար, մնալով միջազգային ընտանիքի կատարած հայտարարության մեջ տեղ գտած առաջադրանքների սահմաններում, նախ պետք է Բաքուն համաձայն լինի 94-ին կայացած հրադադարի համաձայնագրի լիակատար հարգմանըեւ դրա երաշխիքների համար անհապաղ (քանի որ Ալիեւըևսուզում է, որ հակամարտությունը կարգավորվի ամենակարճ ժամանակամիջոցում) համաձայնություն հայտնիեւ գործնապես օժանդակի, որ հետաքննության մեխանիզմները հաստատվեն շփման գծի վրա:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: