Հայերեն   English   Русский  

«Վերջին բնակիչը» ֆիլմը բարեկամության, ընկերության կանչ չէ. ռեժիսոր


​«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:


  
դիտումներ: 1566

Ինչպես ռեժիսորի նախորդ գործը` «Թևանիկը», սա նույնպես անդրադառնում է Արցախյան հակամարտության` մարդկային ճակատագրերի վրա թողած հետևանքներին:

Ֆիլմի մասին. Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:

Ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի հեղինակած պատմվածքի հիման վրա: Գլխավոր հերոսներին մարմնավորել են Ալեքսանդր Խաչատրյանը, Հոմայուն Էրշադին, Սանդրա Դաուկսայտե Պետրուլենը, Սոս Ջանիբեկյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Ավետիսյանը պատմեց, որ դերասանների հետ բավականին երկար են աշխատել ֆիլմի գաղափարը նրանց ևս հարազատ դարձնելու համար. «Սանդրան մինչև նկարահանումները 3 անգամ եղել է Արցախում, շփվել հասարակ մարդկանց հետ: Պատմությունը փորձել ենք ներկայացնել հոդվածների, աշխատությունների միջոցով: Անկեղծ ասած` դերասաններին ներկայացրել ենք թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական աղբյուրների նյութերը: Այնպես որ պրոպագանդայի արդյունքում չէ, որ նրանք որոշել են նկարահանվել»,-ընդգծեց ռեժիսորը:

Ավետիսյանը վստահ է, որ ադրբեջանական կողմից արձագանքներ կլինեն, ինչպես Թևանիկի դեպքում, որ մասին հարևան պետության ներկայացուցիչները նշել էին` պարտվել են նաև հայկական կինեմատոգրաֆին:

«Ես որպես մարդ ունեմ իմ դիրքորոշումը, բայց աշխարհին ներկայացնելու համար ընտրել եմ այս ճանապարհը. պատմել մարդու մասին անկախ սեռից, ազգությունից, կրոնական պատկանելիությունից: Մասնավորապես, այս դեպքում մենք պատմում ենք հայի մասին` մարդկային տեսանկյունից: Ասելիքը այն է, որ պատերազմ է ծավալվում, մարդիկ հայտնվում են եզրագծում և փորձում են մարդ մնալ: Շատ կարևոր է աշխարհին մատուցել ֆիլմ նման ենթատեքստով «Վերջին բնակիչը» անվանումով, որը սիմվոլիկ առումով նշանակում է Երկիր մոլորակի վերջին բնակիչը»,- ասաց Ավետիսյանը:

Ռեժիսորը շեշտեց` եթե գեթ մեկ մարդ այս ֆիլմի շնորհիվ կարողանա փոխվել, արդեն հաջողություն է` մեկ հոգի, անկախ ազգությունից. «Մարդկայնություն քարոզելը չի նշանակում, որ ես որպես զինվոր, որը ծառայել է առաջնագծում, չեմ փորձի լավագույնը լինել: Մենք յուրաքանչյուրս այսօր կագնած ենք սահմանին: Պարզապես թույլ տվեք, որ այսօր ես սահմանը պահեմ մեկ այլ հարթությունում: Ֆիլմը բարեկամության, ընկերության կանչ չէ: Ես աշխարհի ցանկացած անկյունում հպարտ եմ ինձ զգում, որովհետև գոյություն ունի հայկական երկրորդ հանրապետությունը: Սա ինձ ուժ է տալիս սեր քարոզել: Սակայն ես իմ ամբողջ մանկությունը անց եմ կացրել նկուղում: Կան ձմեռներ, որ չեմ հիշում ձյան տեսքով: Այդ ձմեռները ուրիշ էին»,- նշեց Ջիվան Ավետիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: