Հայերեն   English   Русский  

Զարգացման նոր ծրագրեր նյարդավիրաբուժության ոլորտում


  
դիտումներ: 1617

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԱՄՆ Ջորջիա նահանգի նյարդավիրաբուժական ինստիտուտի (Մեյկոն) անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ջոես Ռոբինսոնին և ԱՄՆ-ում բնակվող, պահանջված նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանին:

Ջոես Ռոբինսոնը Հայաստան է ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնին իր փորձը հաղորդելու, դասախոսությամբ հանդես գալու, ինչպես նաև գիտակորդինացիոն խորհրդի նիստին մասնակցելու համար:

Նախարարը շնորհակալություն հայտնեց անվանի բժիշկներին Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

«Շատ շնորհակալ եմ, որ չնայած ձեր կարճաժամկետ այցին, ժամանակ գտաք հանդիպելու: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն հիվանդների անունից, ովքեր ձեր ջանքերի շնորհիվ այսօր ապրում են և աշխատում»,-ասաց Արմեն Մուրադյանն` ընդգծելով, որ անգնահատելի է այս մասնագետների կողմից մեր երկրում նյարդավիրաբուժության զարգացմանն ուղղված հսկայական աշխատանքը:

«Շատ տպավորված եմ Հայաստանից: Մեր ինստիտուտը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ինչ-որ բան փոխել դեպի լավը»,- ասաց պրոֆեսորը, ով Հայաստանում է արդեն երկրոդ անգամ:

Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, ներկայացնելով ԵՊԲՀ-ի հովանու ներքո գտնվող բացառիկ կլինիկայի գործունեությունը` շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանին ուղղված շարունակական, անշահախնդիր աջակցության համար: Նա նշեց, որ երկկողմ համագործակցությունն արդեն տասը տարվա պատմություն ունի:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժը շեշտեց, որ պրոֆեսոր Ռոբինսոնը տասը տարիների ընթացքում Հայաստանին անձնապես օգնել է թե՛ մասնագետների վերապատրաստման, թե՛ սարքավորումներով համալրման և թե՛ կազմակերպական շատ այլ հարցերում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նյարդավիրաբուժության զարգացմանն ուղղված առաջիկա համատեղ ծրագրերը: Կարևորվեց հատկապես մարզերում նյարդավիրաբուժության ծառայության զարգացմանը, սարքավորումներով համալրմանը միտված քայլերի անհրաժեշտությունը:

Արմեն Մուրադյանն առաջարկեց մշակել ազգային ծրագիր` ուղղված գլխուղեղի կաթվածների դեմ պայքարին: Ծրագիրը հստակ կսահմանի ֆինանսավորման մեխանիզմները, կնպաստի ռիսկի խմբերի հայտնաբերմանը, գլխուղեղի կաթվածի հետևանքով մահացության և հաշմանդամության ցուցանիշների նվազեցմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: