Հայերեն   English   Русский  

Իմ ձեռքերը նման չեն հորս ձեռքերին. բասկ ռեժիսորը ֆիլմում ներկայացրել է իր մանկության գյուղը


  
դիտումներ: 20048

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնն հայ կինոսերներին լայնորեն ներկայացվեց բասկյան ֆիլմարտադրությունը:

Բացի արտամրցութային ծրագրից, խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացվել է բասկ ռեժիսոր Ասիեր Ալտունայի «Ամամա» ֆիլմը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց` շատ հպարտ է, որ բասկերի լեզվով ֆիլմեր են ներկայացվում Հայաստանում. «10 տարի է, ինչ ֆիլմեր ենք նկարահանում բասկերի լեզվով: Այդ տարիների ընթացքում 3-4 ֆիլմ է նկարահանվել խաղարկային ժանրում: Մենք դրանցում շատ ֆինանսներ չենք կարողանում ներդնել, սակայն մեր սիրտը, հոգին են նվիրել այդ ֆիլմերին: Շատ ենք աշխատել դրանք ավելի լավը դարձնելու ուղղությամբ: Փոխվել է նաև Մադրիդի վերաբերմունքը այդ հարցում»,- ասաց ռեժիսորը:

Ամամա

Անդրադառնալով ֆիլմին` Ասիեր Ալտունան նշեց, որ իր համար այն յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ պատմում է գյուղական կյանքի մասին. «Ես ծնվել և մեծացել եմ գյուղում, սակայն հետո տեղափոխվել եմ քաղաք: Այս պատմությունը շատ մարդկանց համար է ընդհանուր: Այսօր մենք ավելի շատ գերադասում ենք ապրել քաղաքներում: Այս ֆիլմում փորձել եմ վերստեղծել այն գյուղը, որտեղ ապրել եմ` դրա ավանդույթները և բարքերը»:

Ըստ ռեժիսորի` այսօր Բասկոնիայում մարդիկ կորցրել են կապը գյուղի հետ. «Իմ ձեռքերը նման չեն հորս ձեռքերին: Այս ֆիլմում փորձել ենք ներկայացնել հորս ձեռքերը, նրա դիմագծերը: Ֆիլմը պարունակում է հիշողություններ իմ մանկությունից և շատ յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար»,- նշեց բասկ ռեժիսորը:

Ի դեպ, ֆիլմ արդեն իսկ հասցրել մի շարք հեղինակավոր փառատոնների մրցանակաների արժանանալ:

Ֆիլմի մասին. Ավանդական քարե դաստակերտ՝ բասկերի գյուղական կյանքի ամրոց, որն իր հին պատերի ներսում պահպանում է խորհրդավոր ու հնագույն իմաստություններ: Ժամանակակից աշխարհի համար նման վայրում ապրելը մեկուսի և դաժան է թվում: Տան բնակիչները հաճախ իրենց զգում են մի ճակատագրի թակարդում, որտեղ հայտնվել են ծնված օրից: Թոմասի և Իշաբելի երեք զավակներից յուրաքանչյուրն իր ձևով է պայքարում այս իրականության դեմ՝ թաքնվելով հումորի հետևում, փախուստ գտնելով ճամփորդության մեջ կամ, ինչպես Ամայան, փորձելով ելք գտնել արվեստի գործերի միջոցով: Ամայան փորձում է չխզել կապերն իր ժառանգությունից, բայց Թոմասը, որ մեծացել է երկաթյա ավանդույթի համաձայն, անկարող է Ամայայի կյանքն այլ կերպ հասկանալ, քան որպես վերջնական հեռացում այն տնից, որտեղ ապրել են իր ընտանիքի բազմաթիվ սերունդներ: Ամայան հուսահատորեն փորձում է գեղարվեստական գործունեությունը համադրել նախնիների ժառանգության հետ՝ նույնիսկ ընդդիմանալով հոր համառ անհամաձայնությանը: Իսկ տատը՝ Ամաման, լուռ հետևում է, թե ինչպես է ծավալվում ընտանիքի ճակատագիրը, նույնիսկ երբ աշխարհը սկսում է խամրել աչքի առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: