Հայերեն   English   Русский  

​Մենք ստիպված ենք լինել բանակ-պետություն, դա մեր ընտրությունը չէ, այլ մեր ճակատագիրը. Ռուբեն Հակոբյան


  
դիտումներ: 6095

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԳԽ, 1-ին և 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք:

- Ինձ համար և՛ հեշտ է, և՛ դժվար է խոսել այդ մասին: Հիշում եմ Շարժումը, այնուհետև Գերագույն խորհուրդը, այն ոգևորությունը, համազգային համախմբումը և անկախության հետ կապված սպասումները, որ ունեինք: Այդ ամենից, ցավոք, շատ տարբեր է այսօրվա փաստացի վիճակը:

Համենայն դեպս, ես ինձ հպարտ եմ զգում, որ եղել եմ այդ օրերի մասնակիցներից մեկը, որ մասնակցել եմ անկախության հանրաքվեին, որ եղել եմ Գերագույն խորհրդի անդամ: Հատկապես առաջին երկու-երեք տարիներն ապրում էինք այդ ոգևորության մեջ, ապրում էինք այն գիտակցությամբ, որ շատ կարևոր գործ ենք անում, նորի սկիզբ ենք դնում, և այդ նորի սկիզբ դնողները ոչ թե անհատներ են, այլ մի ամբողջ ժողովուրդ, ազգ, հասարակություն:

Հընթացս մտանք Գերագույն խորհուրդ և քաղաքականություն, քաղաքական և պետական գործչի դպրոց չէինք անցել. մեկը լավ գիտնական էր, մյուսը հայտնի արվեստագետ, ժուռնալիստ կամ գրող, հայտնի մարդիկ էինք, մինչև անկախությունն ամեն մեկն իր ոլորտում արդեն որոշակի ստորագրություն ուներ, և այդ կարևոր պահին կարողացանք ստանձնել պատասխանատվությունը ժողովրդի հետ միասին, կարողացանք և՛ անկախություն հռչակել, և՛ անկախության ձևավորման հիմքերը դնել:

Եթե 1990-92 թվականներին բոլորս` թե՛ նախարար, թե՛ պատգամավոր, նույն վիճակում էինք. հերթ էինք կանգնում կտրոններով մեր հացը ստանալու, ինչ-որ մի ժամի էինք միայն հոսանք ունենում, հետո կամաց-կամաց շերտավորում սկսվեց, կուսակցական կոնյունկտուրան սկսեց ավելի առաջին պլան մղվել, ու աստիճանաբար հեռացանք այդ ծրագրերի իրականացման ուղուց:

Ամենամեծ ջրբաժանը եղավ առաջին կեղծված ընտրությունը, երբ կեղծվեցին այն մարդկանց ձայները, որոնք շատ մեծ ոգևորությամբ ձևավորել էին իշխանություն, որոնք մեծ հույսեր էին կապում այդ իշխանության հետ` հուսալով, որ այդ իշխանությունը նախ և առաջ կլսի իրենց ձայնը և կիրականացնի այն կարգախոսները, որոնք օգտագործվեցին իշխանության գալու ժամանակ:

Երբ 1995 թվականին, ապա 96-ին շատ բացահայտ, շատ արհամարհանքով, շատ ինքնավստահ կեղծվեցին ընտրությունները, մեր պետության համար բոլորովին նոր փուլ սկսվեց` դեգրադացիայի, կորուստների, իշխանության շահը ազգային շահից բարձր դասելու փուլը: Եվ սկսվեց մի շրջան, որի հետևանքով հասանք այս օրվան:

- Ասացիք, որ այն ժամանակվա ակնկալիքներն ու ներկայիս իրողությունը տարբեր են: Հետաքրքիր է, թե անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն է եղել անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:

- Նախ ասեմ, որ այդ ոգևորությունը, ճիշտ է, կար, բայց անկախությունը, որպես հավաքական ընկալում, չկար: Զգացմունքային ձևակերպումներ կային, որտեղ առաջին պլան էր մղված Ղարաբաղը, բայց մյուս կողմից հիմնականում երկրորդ պլան էին մղված պետականության և քաղաքացիական հասարակության ձևավորման մեխանիզմները, եթե անգամ թղթի վրա գրված էր, ապա պատրաստ չէինք դա իրականացնելուն:

Պատահական չէ, որ հետխորհրդային երկրների շարժումներից ամենից հեշտ քայքայվեց «Ղարաբաղ» կոմիտեն. տարբեր արժեքներ ունեցող մարդիկ էին հավաքվել ու տարբեր շարունակություն ունեցան, և ցավոք, իշխանությունում մնացին այն մարդիկ, որոնք կուսակցական կոնյունկտուրան ավելի բարձր դասեցին, քան ազգի, պետության շահը:

Մեր ուզած Հայաստանը ո՞րն էր. մեզ հնարավորություն էր տրված անկախանալ, բնականաբար գիտակցում էինք, որ մենք ազգ ենք, որն ունի լուրջ մշակույթ, քաղաքակրթական լուրջ արժեքներ, և մտածում էինք, որ այս հնարավորությունը մեր ինտելեկտուալ և աշխարհասփյուռ հայության հնարավորությունների համադրմամբ կօգտագործենք ու կկարողանանք հզոր պետություն ձևավորել: Ամենակարևորը՝ դրա համար ռեալ հիմքեր կային, բայց…

Մի օրինակ բերեմ. 1990 թվականին ձևավորված Գերագույն խորհուրդը, որը հընթացս ձևավորվեց ՀԽՍՀ սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով, շատ ավելի բարձր էր իր հավաքական քաղաքական կերպարով և բարոյական սկզբունքներով, քան իրեն հաջորդած բոլոր խորհրդարանները, որոնք ձևավորվեցին անկախ Հայաստանի նոր օրենսդրությամբ ու սահմանադրությամբ:

Այն ակնկալիքները. որ ունեինք, ինքներս մեզանից հեռացրինք, չեմ կարծում, որ անկախության ճանապարհով այսպես պետք է անցնեինք: Չնայած ուշ չէ, երևի խելքի կգանք, և Հայաստանն այսպես չի մնա: Բայց ցավում եմ, որ այս 26 տարին չօգտագործեցինք հզոր, կայացած պետություն ունենալու համար:

- Երբեմն անկախության տարիների սխալները մեկնաբանելիս ասվում է, որ հայությունը 1991-ին պարզապես պատրաստ չէր անկախությանը: Ձեր կարծիքով` մենք որքանո՞վ էինք պատրաստ անկախությանը:

- Դրա մեջ ճշմարտություն կա: Մենք պատերազմի դաշտում պատրաստ էինք պայքարել թշնամու դեմ և փաստացի անկախացնել Ղարաբաղը: Այդ հարթության վրա մենք պատրաստ էինք, քաղաքական և քաղաքացիական կյանքում պարզվեց` ոչ:

Ժողովրդին առաջնորդում է իշխանությունը, որը ժողովրդի մի մասն է. չի կարող լինել շատ լավ ժողովուրդ և վատ իշխանություն կամ հակառակը: Ժողովուրդն իր վերահսկողությունից դուրս թողեց օրվա իշխանություններին, ավելին, իշխանությանը հնարավորություն տվեց անել այն, ինչ իրեն է ձեռնտու: Այդ պատճառով մենք հասանք այստեղ: Ժողովուրդն ինքը պետք է ընկալի անկախությունը որպես արժեք, և իմանա, որ այդ անկախության համար կռիվ տվողը ոչ միայն իշխանությունն է կամ ընդդիմությունը և ինչ-որ անհատներ, այլ բոլորը միասին:

Ճիշտ է, մենք համախմբված էինք Ազատության հրապարակում, նույն կարգախոսներով էինք առաջնորդվում, հերոսություն ցուցաբերեցինք ու հաղթանակներ արձանագրեցինք Արցախի ճակատում, բայց երբ եկավ դետալներով պետություն կառուցելու պահը, պարզվեց, որ անհրաժեշտ մեծամասնությունը, որը պետք է գիտակցի՝ իրենից է կախված, թե ինչպիսի պետություն ենք ունենալու, պատրաստ չէ:

- Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Կարծում եմ, որ 1994-ի մայիսի զինադադարի պայմանագիրը ամենասխալ պայմանագիրն է եղել, քանի որ հաղթած վիճակում ստորագրել ենք պայմանագիր, որն ընդամենը հայտարարում է, որ պատերազմը հիմա ընդմիջում ենք, մինչև Ադրբեջանը կուժեղանա, հետո կշարունակենք: Նախադեպը չունեցող պայմանագիր է: Չէր կարող հաղթող պետությունն, ըստ էության, կապիտուլյացիոն պայմանագիր կնքել: Չեմ կարծում, որ մեծ մտավոր կարողություն էր պետք հասկանալու համար, որ ժամանակը գործելու է Ադրբեջանի օգտին, մանավանդ որ նրա ընդերքի, աշխարհագրական դիրքի հնարավորություններն ավելի մեծ էին, ու թիկունքում ուներ Թուրքիայի պես հզոր և հավատարիմ դաշնակից: Դա մեր դիվանագիտական ճակատի թերևս ամենակոպիտ սխալն է եղել:

Եվ երկրորդը, երբ սկսեցին կեղծվել ընտրությունները: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 1995-ի ընտրությունների ժամանակ: Կեղծիքն աննախադեպ էր. օրենքի խախտումով երկու ժամով հանրաքվեի ժամանակը երկարացրին: 1996-ի նախագահական ընտրություններն առավել աննախադեպ էին կեղծիքներով: Մեր պետությանն ոչինչ այնքան չի վնասել, այնքան կործանարար չի եղել, որքան ընտրությունները կեղծելը:

Ավանդույթը, որ իրենք ստեղծեցին, շարունակեցին հաջորդ իշխանությունները: Դրանով սկիզբ դրեցինք ընտրությունները կեղծելով իշխանությունների վերարտադրմանը: Այսօրվա շատ-շատ թերություններ պայմանավորում եմ հենց դրանով: Այսօրվա հոռի բարքերը, կոռուպցիան, արտագաղթը նաև պայմանավորված են ընտրությունների կեղծմամբ:

- Իսկ ներկայումս մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը ո՞րն եք համարում:

- Գիտեք, փոխկապակցված են: Մենք այսօր ունենք երկու հարց, մեկը Արցախի հարցն է, քանի դեռ այն իր վերջնական լուծումը չի ունեցել, մենք կունենանք որոշակի հիմնահարցեր: Այսքանից հետո, եթե պարտվենք Արցախի հարցում, չգիտեմ ինչ ապագա ենք ունենալու: Խոսքը միայն Արցախին չի վերաբերում, նաև Հայաստանին. Հայաստանն ու Արցախը մեկ միասնություն են:

Մյուսը՝ պետության ներսում կարողանալ վիճակ փոխել. բառերով չէ, այլ արմատապես: Ապրիլյան պատերազմից հետո շատ կոչեր հնչեցին, բայց գործնականում պատրաստ չենք համարժեք քայլեր անելու, պատրաստ չենք գիտակցելու, որ վնասը բոլորիս է հասնելու, պատրաստ չենք գիտակցելու, որ ՀՀՇ-ի որդեգրած «պոլի փետ լինի՝ մեզանից լինի» սկզբունքը պահելով՝ մենք պետություն ենք կորցնում:

Մենք ստիպված ենք լինել բանակ-պետություն, դա մեր ընտրությունը չէ, այլ մեր ճակատագիրը: Ունենալով հարևաններ, որոնք չեն թաքցնում՝ նպատակ ունեն քեզ վերացնել, պարտավոր ես գիտակցել այս պարզ ճշմարտությունը և կարողանաս դառնալ բանակ-պետություն: Որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել, եթե վաղը կորցնես քո անկախությունը կամ Արցախը: Ամեն ինչ արդյունքով է չափվում:

- Ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր պետության համար: Ձեր գնահատմամբ` ինչպե՞ս կարողացանք հաղթահարել այդ փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք և ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

- Մեր զինվորը ցույց տվեց, որ իսկապես հերոս է և պարտադրված է հերոս լինել: Մենք կարողացանք մեր զինվորի հերոսության շնորհիվ փրկվել և շատ-շատ բանից խուսափել: Մենք ունենք բանակ, զինվոր, որը իսկապես հերոսության օրինակներ է ցույց տալիս, կարողանում է պահել մեր սահմանը և արժանապատվությունը, բայց անհրաժեշտ է, որ թիկունքում մենք կարողանանք ապահովել և պաշտպանել զինվորին, որ նա իր թիկունքում զգա մեր ժողովրդի հզոր շունչը:

Պատերազմն առիթ դարձավ, որ հասկանանք՝ ահագին բացթողումներ ունենք այդտեղ: Մենք պատրաստ չէինք լայնամասշտաբ հարձակումների: Բայց դրականն այն էր, որ հասկացանք, թե վտանգն ինչպես միանգամից կարող է գալ: Եվ մեր այսօրվա սահմանն այլևս ապրիլի 2-ի սահմանը չէ իր պատրաստվածությամբ և ժամանակակից տեխնիկայով:

Մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է ունենալ լավ դաշնակիցներ, բայց հույսը մեզ վրա դնենք: Օգնում են ուժեղին, իսկ թույլին կարող են ընդամենը խղճալ: Ռազմավարական դաշնակից և ռազմավարական վասալ հասկացությունները պետք է տարբերել, հարաբերությունների մեջ միայն շահերն են, որ կողմերին դարձնում են դաշնակից, ռեալ պոլիտիկի դրքերից այդպես է: Մենք պետք է գիտակցենք, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մեջ ոչ պակաս շահում է նաև Ռուսաստանը: Դա պետք է կարողանանք ըստ արժանվույն ներկայացնել որպես գործընկեր: Այս հարթության վրա կարծում եմ, որ մենք լուրջ բացթողումներ ենք ունեցել:

Կարծում եմ, այս 25 տարիների ընթացքում լրջորեն չզբաղվեցինք մեր անվտանգության, ինքնապաշտպանության, ռազմական արդյունաբերության հարցերով: Իսրայելի օրինակը պետք է դաս լինի, որը կարճ ժամանակում կարողացավ ապահովել իր անվտանգությունն իր իսկ արտադրած ռազմական տեխնիկայով և դառնալ աշխարհում ժամանակակից զենքի արտահանողնողներից մեկը: Եվ այսօր նրա հետ հաշվի են նստում աշխարհի հզորագույնները:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

- Լավ: Ոչ թե ռոմանտիկ լավատեսության մասին է խոսքը, այլ վստահ եմ, որ լավ է լինելու: Մեր պատմությունը հուշում է` պահ է գալիս, որ աներևակայելին ենք անում, ցավում եմ, որ միայն կրիտիկական պահին ենք համախմբվում:

Վստահ եմ, որ ի վերջո կունենանք հաջողություններ, կունենանք մեր երազած Հայաստանը` հայրենիքը, այլ հարց է, որ դանդաղ ենք գնում դեպի այդ հանգրվանը: Դրան մենք կարող ենք հասնել մեր բոլորի հավաքական գիտակցմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: