Հայերեն   English   Русский  

Հասկացա` սա իմ երկրորդ հայրենիքն է. լեհ օպերատորը մասնակցել է 90-ականների մասին ֆիլմի ստեղծմանը


  
դիտումներ: 19962

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այս տարի մի քանի պրեմիերաներ տեղի ունեցան:

Դրանցից մեկը Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմն է, որ պատմում է 90-ականների Հայաստանի մասին:

Նկարահանումները տեղի են ունեցել Հրազդանում այդ տարիների ոգուն ավելի հարազատ մնալու համար:

Ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ դերասանական գրեթե ողջ կազմը նախկինում երբեք այդ գործով չեն զբաղվել, այդ թվում` գլխավոր հերոսներին մարմնավորողները` 9-ամյա Արայիկ Դարբինյանը և մասնագիտությամբ ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Խոսելով բովանադակության մասին Արևշատյանը նշեց, որ ֆիլմը 90-ականների մասին չէ: Այն մեր առօրյան է: Հեղինակաները փորձել են պատասխաններ գտնել սերնդակիցների հիշողություններում:

«Մինչև ֆիլմը ստեղծելը շատ մարդկանց հետ եմ շփվել, որոնք հարցնում էին, ինչու ես 90-ականների մասին ֆիլմ նկարում, մեզ համար ծանր է հիշել այն ամենը, ինչի միջով անցել ենք: Կարծում եմ` չի կարելի մոռանալ անցյալը: Այն պետք է հիշել` դասեր քաղելով և գնալով առաջ: 90-ականները մեր կյանքի կարևորագույն փուլերից էին»:,- նշեց ռeժիսորը ` նկատելով, որ մարդիկ թեև հոգնել են ծանր հիշողություններից, պետք է փորձեն ուրիշ հայացքով դրան նայել:

Ռեժիսորի հրավերով ֆիլմում աշխատել է ազգությամբ լեհ օպերատոր

Պավել Դիլլուսը: Նա խոստովանեց, որ երբ փառատոնի նպատակով գալիս էր Հայաստանում ու ոտք դրեց օդանավակայանում աչքերը արցունքներով լցվեցին. «Երկու շաբաթ էի դեռ աշխատել Հայաստանում, երբ հասկացա` սա իմ երկրորդ հայրենիքն է»:

Օպերատորը իր համաձայնությունը տվել է աշխատելու Աննայի հետ սցենարը կարդալուց հետո անմիջապես. «Պատմությունը շատ հարազատ էր ինձ: Լեհաստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն: Երկար Դարեր Լեհաստանը պայքարել է անկախության և ազատության համար: Բացի այդ, 90-ականները նույնպես մեր երկրի համար դժվար էին: Տնտեսական պայմանների պատճառով շատերը արտագաղթում են: Վերջին տարիներին 500 հազար լեհ արտագաղթել է Մեծ Բրիտանիա: Ես Հայաստանում հանդիպել եմ շատ երիտասարդների, որոնք նման են այս ֆիլմի հերոսին. ունեն մեծ սիրտ, ծանր ապրումների միջով են անցել, սակայն պայքարում են հասկանալու համար,թե ինչ պետք է անեն հետո: Լեհաստանում նույն իրավիճակն է»,- նշեց Պավել Դիլլուսը:

Նշենք, որ հեղինակները որոշել են ձևափոխել ֆիլմը հանդիսատեսի ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու և ուղերձը, գաղափարը այդ կերպ ներկայացնելու համար:

Ֆիլմի մասին. Երբեմն ամենակարևոր պատասխաններն այնտեղ են, որտեղ մանկական հիշողությունները բախվում են ինքդ քեզ բացահայտելու և ընդունելու հետ: Խճճվելով ինքն իր մեջ՝ Արշակը պատասխաններ է փնտրում մանկության հուշերում: Նա այնքան մոտ է ինքն իրեն ընդունելուն, որքան մոտ է շրջապտույտներով վազքին: Ի՞նչ կընտրի նա, և ինչպե՞ս պիտի 90-ականների մասին հիշողությունները սահմանեն նրա կյանքը: Պատմությունը լրագրողի մասին է, որը մասնագիտական հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության հնազանդ և ստրկացած վարչակազմի հետ, որտեղ աշխատում է: Կորցնելով աշխատանքը՝ նա համակվում է անկարողության և մեղքի զգացումով իր ընտանիքի առջև: Կինն անդադար փորձում է համոզել, որ արտագաղթեն, ինչը նրան ստիպում է վերջնական որոշում կայացնել: Սա հեշտ որոշում չէ, այնպես որ նա պետք է հակադրվի սեփական ես-ին. այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ամբողջ կյանքում, փլվել են, իսկ ապագան անորոշ և մշուշոտ է: Հորը տեսնելու սուր ցանկությունը նրան տանում է սահմանային այն գյուղը, որտեղ ապրում է հայրը: Ծնողների տան ճանապարհին երևան են գալիս նրա մանկության հուշերը 90-ականների դժվարին ժամանակների մասին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր: Առերեսումը սեփական անցյալի հետ օգնում է նրան վերագտնել իրեն և ճիշտ որոշում կայացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: