Հայերեն   English   Русский  

Թուրքիայում արգելափակվել է «Վիքիլիքսը»՝ հրապարակված գաղտնի նամակների պատճառով


  
դիտումներ: 435

Թուրքիան արգելափակել է պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպության՝ «Վիքիլիքսի» մուտքը երկրի տարածքում այն բանից հետ, ինչ կայքը հրապարակեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը պատկանող մոտ 300 հազար գաղտնի նամակներ ու փաստաթղթեր: Այս մասին ասվում է «Վիքիլիքսի» թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի քան 293 հզ. էլեկտրոնային նամակները հրապարակվել են ի պատասխան հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինվորականության շրջանում սանձազերծված նոր զտումների: Կայքի ղեկավարությունը պնդում է, որ դա արվել է ոչ թե ընդդեմ Թուրքիայի կառավարության, այլ «ճշմարտությանը ծառայելու» նպատակով և հրապարակված փաստաթղթերը միայն մի մասն են, շուտով կլինեն նոր հրապարակումներ:

Նամակներից մեկն, օրինակ, պարունակում է իշխող ԱԶԿ-ի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները:

«Ընդդիմությունը պետք է ձայն ունենա և տեղեկատվության տարածումը պետք է խրախուսվի: 300 հազար նամակ և 500 հազար փաստաթուղթ հրապարակելու մեր հայտարարություններից հետո Վիքիլիքսը ենթարկվել է DDoS հարձակումների: Կասկած ունենք, որ Թուրքիայի կառավարությունը կփորձի գրաքննության ենթարկել Վիքիլիքսի տարածած ցանկացած տեղեկատվություն»,-ասվում է տարածված հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: