Հայերեն   English   Русский  

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի հետ


  
դիտումներ: 678

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին եւ Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգեւոր արժեքները, ինչպեւ նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Մարիոս Գարոյանի անձնական ներդրումը հայ-կիպրական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման հարցում, հատկապես Կիպրոսի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանում:

ԱԺ փոխնախագահը մեծապես կարեւորել է տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա նկատել է, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանն ունի ձեւավորված սերտ եւ բարեկամական հարաբերություններ՝ հանգամանք, որը հնարավորություն է տալիս Հայաստանին ապավինել Կիպրոսի աջակցությանը մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ կիպրական հիմնախնդիրներին՝ նկատելով, որ հիմնահարցերի շուրջ Հայաստանի եւ Կիպրոսի դիրքորոշումները միմյանց չեն հակասում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի օկուպացումն ու Հայաստանի շրջափակումը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը երախտագիտությամբ նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա Մարիոս Գարոյանին հրավիրել է մասնակցելու Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:

ԱԺ փոխնախագահը Մարիոս Գարոյանին եւ Ավերոֆ Նեոֆիտուին առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնել. կիպրական կողմը տվել է իր համաձայնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: