Հայերեն   English   Русский  

​ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 4747

Մ.թ.ա. 200 թ. Երվանդունյաց տոհմի կրտսեր ճյուղից ոմն Արտաշես սելևկյան բանակով մտավ Հայաստան, սպանեց հայոց Երվանդ Դ արքային, երկիրը դարձրեց օտարահպատակ և դարձավ Մեծ Հայքի սելևկյան կառավարիչ: Հակապետական ու ապազգային քայլ, որ կարելի է դավաճանություն համարել: Սակայն, 10 տարի անց նույն Արտաշեսն ապստամբեց սելևկյանների դեմ, Մեծ Հայքի անկախությունը հռչակեց և ամուր պետություն հիմնեց: Չնայած նա Երվանդունյաց արքայատոհմից էր, նրան հաջորդած գահակալները նրա անվամբ կոչվեցին Արտաշեսյան: Եվ Արտաշեսյանները (մ.թ.ա. 189-1) հայոց պատմության ամենափառահեղ էջերը գրեցին:

Մ.թ.ա. 189 թ., հռչակելով հայոց անկախությունը և գահ բարձրանալով, Արտաշես Ա միավորեց Հայաստանից անջատված ծայրագավառները: Հույն պատմիչ Ստրաբոնը հաղորդում է, որ Արտաշեսին հաջողվել է իր իշխանության տակ միավորել հայախոս բոլոր երկրամասերը, բացառությամբ Ծոփքի, որտեղ մ.թ.ա. 189 թ. գահ բարձրացավ դարձյալ Երվանդունիների տոհմից, Արտաշեսի զինակից Զարեհն ու անկախ թագավորություն հիմնեց:

Իր 30-ամյա թագավորության շրջանում Արտաշես Ա մեծամեծ գործեր կատարեց: Նա հայոց երկրի սահմաններն ընդլայնեց երկրի չորս կողմերով, անգամ ջարդելով սելևկյան հզոր պետությունը՝ Մեծ Հայքին միացրեց Հյուսիսային Միջագետքի Տմորիք երկրամասը: Նա երկրում վարչական բարեփոխումներ իրականացրեց, աշխարհների, գավառների ու համայնքների միջև նոր հողաբաժանում անցկացրեց, սահմանաքարեր հաստատեց, Արաքսի ու Մեծամորի միախառնման տեղում Արտաշատ մայրաքաղաքը կառուցեց:

Նոր մայրաքաղաքի կառուցման գործում նրա խորհրդականը Կարթագենի զորավար Հաննիբալն էր, որ պարտվելով Հռոմից՝ ապաստանել էր Արտաշեսի արքունիքում: Ի դեպ, Արտաշատն աշխարհում առաջին եռաքաղաք ձևաչափով կառուցված բնակավայրն էր, առաջին քաղաքը, որ ուներ կայուն, հաստատված հատակագիծ: Հայոց արքան իր մայրաքաղաքը կառուցեց Սաթենիկ թագուհու աչքի նմանությամբ: Քերթողահայրը, խոսելով Արտաշեսյան Հայաստանի շենության և հարստության մասին, նշում է, որ Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքին ոսկե անձրև էր տեղում:

Արտաշես Ա բացի Արտաշատից, այլ քաղաքներ ևս կառուցեց, որոնք, ի պատիվ իր հոր, անվանակոչեց Զարեհավան, Զարիշատ:

Նա նաև մի կարևոր ավանդույթի հիմք դրեց. իր զավակներին ընդգրկելով պետական կառավարման գործում՝ վստահեց կարևորագույն պետական պաշտոններ՝ գործակալություններ, զորավարություններ, դրանով իսկ ամրապնդեց իր տոհմի իշխանությունը երկրում:

Արտաշեսը հայության սիրելին էր ու կրեց Բարի, Բարեպաշտ տիտղոսները: Երբ օր ծերության մահացավ հայոց արքան, հայոց աշխարհը սգաց: Քերթողահայր Խորենացու հաղորդման համաձայն՝ շատերը վշտից ինքնասպան եղան:

Արտաշեսին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա (մ.թ.ա. 160-115): Արտավազդը խիստ, երբեմն դաժան, բայց արդարադատ գահակալ էր: Իր երկարատև տիրակալության ընթացքում նա պահպանեց հայոց աշխարհի շենությունն ու ընդարձակությունը: Հայ բանահյուսությունը ասք է հյուսել Արտավազդի մասին, թե նա Մասյաց լանջերին որսի ժամանակ ընկել է Մասյաց վիհն ու գերվել չարքերի կողմից: Եվ նա պետք է կարողանա խորտակել իրեն ժայռին գամած շղթաներն ու երկրում արդարություն հաստատել: Հայությունն իր սիրելի արքային նույնացրել է հայոց դիցարանի արդարադատության աստված Միհրի հետ:

Անժառանգ Արտավազդի մահից հետո հայոց գահն անցել է նրա եղբորը՝ Տիգրան Առաջինին (մ.թ.ա. 115-95): Տիգրանի կառավարման տարիներին Հայաստանի հարավում հզորացավ Պարթևաց թագավորությունը: Պարթևները հարձակվում են Հայաստանի վրա, վճռական ճակատամարտում հաղթանակ տանում և որպես պատանդ իրենց արքունիք տանում հայոց Տիգրան արքայորդուն: Տիգրան Ա հանկարծամահ եղավ ճամփորդության ժամանակ:

Մ.թ.ա. 95 թ. Տիգրան արքայազնը, վերադառնալով գերությունից, ժառանգեց հայոց գահը (մ.թ.ա. 95-55): Տիգրան Մեծը եղավ հզորագույնը հայ գահակալներից: Հայոց արքան իր թիկունքն ապահովելու համար մ.թ.ա. 94 թ. բարեկամության և ռազմական փոխօգնության դաշինք կնքեց Հայքի հյուսիսային հարևանի՝ Պոնտոսի զորեղ թագավորության հետ: Նա, ընկճելով պարթևական թագավորությունը, նրանցից խլեց արքայից արքա տիտղոսը, նվաճումներ կատարեց Առաջավոր Ասիայում՝ հայոց երկրի սահմանները հասցնելով Արաբական թերակղզի և Եգիպտոս, Միջին Ասիայի խորքերը, Կովկասյան լեռները, Անատոլիական բարձրավանդակի խորքերը: Փառահեղ տիրակալի ժամանակ Մեծ Հայքն աշխարհի հզորագույն երկիրն էր: Նա նվաճեց նաև Սելևկյան պետությունը: Տիգրանյան Հայաստանի սահմաններն այնքան ընդարձակ էին, որ երկիրը միաժամանակ երեք մայրաքաղաք ուներ: Գլխավորը հայոց զորեղ արքայի կառուցած Տիգրանակերտն էր, հյուսիսում՝ Արտաշատը, հարավում՝ Անտիոքը:

Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանն Առաջավոր Ասիայի զորեղագույն տերությունն էր: Հայոց նավատորմը նավարկում էր Միջերկրական ծովում, հայոց երկրի համբավը, հզորությունը հեռուներն էր հասել: Մ.թ.ա. 69 թ. հզորացած Հռոմեական Հանրապետությունը պատերազմ հայտարարեց Մեծ Հայքին: Տիգրան Մեծը պարտվեց պատերազմում: Մ.թ.ա. 66 թ. Արտաշատում կնքված պայմանագրով նա կորցրեց իր գրեթե բոլոր նվաճումները, բայց Մեծ Հայքի ամբողջությունը չխաթարվեց:

Տիգրան Մեծը խոր հետք է թողել նաև համաշխարհային մշակույթի վրա: Բավական է նշել, որ աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնցում Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ երգահաններից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

Տիգրան Մեծին հայոց գահին հաջորդեց նրա արժանավոր զավակը՝ Արտավազդ Բ հայոց արքան (մ.թ.ա. 55-34): Նա ոչ միայն հմուտ դիվանագետ էր, ռազմական քաջարի գործիչ, այլև հին աշխարհի ամենաուսյալ, ամենակիրթ այրերից: Հույն և հռոմեացի պատմիչների հավաստմամբ՝ Արտավազդ Բ հայոց արքան թատերական գործերի՝ ողբերգությունների հեղինակ էր: Հայոց այս արքայի կյանքն էլ իրավ մեծ ողբերգություն էր:

Որպես Հռոմի դաշնակից՝ նա մ.թ.ա. 54 թ. պարտավոր էր միանալ հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի արկածախնդրությանը: Բայց հայոց խոհեմ արքան, նուրբ դիվանագիտություն դրսևորելով, ոչ միայն չմիացավ Հռոմի ռազմակառքին, այլև դաշնակցելով պարթևների հետ՝ պատերազմ հայտարարեց Հռոմին:

Մ.թ.ա. 53 թ., երբ հայոց մայրաքաղաք Արտաշատում հայոց և պարթևաց արքաները հարսանեկան արարողություն էին կատարում՝ տոնելով պարթևաց արքայազն Բակուրի և հայոց արքայադստեր՝ Արտավազդի քույր Տիգրանուհու հարսանիքը և թատրոնում դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» պիեսը, հույն դերասանը պարկից հանում է գլխատված Կրասոսի գլուխն ու նետում երկու արքաների ոտքերի տակ:

Խառանի ճակատամարտում հայոց և պարթևաց միացյալ գնդերն այնպիսի սոսկալի ջարդ էին տվել Հռոմին, որ դա մինչ օրս համարվում է երբևէ Հռոմի կրած ամենախայտառակ պարտությունը:

Հետագայում, ցավոք, Արտավազդի և պարթևների միջև դաշինքը խզվեց: Հայոց արքան փրկեց հռոմի զորավար Մարկոս Անտոնիոսի կյանքը, որը, պարտված ու ջախջախված պարթևական արշավանքից, փախուստի դիմեց ու ապաստանեց Հայաստանում:

Երախտամոռ Անտոնիոսը, որպեսզի քողարկի իր խայտառակ պարտությունն Արևելքում, ծուղակ սարքեց հայոց արքայի համար և նրան ընտանիքով հանդերձ գերելով՝ Եգիպտոս տարավ մ.թ.ա. 34 թ.: Նա հայոց արքային կյանք խոստացավ, եթե գլուխ խոնարհեր եգիպտական թագուհի Կլեոպատրայի առաջ: Արտավազդի պատասխանը խրոխտ էր՝ իր արժանապատվությունը թույլ չի տա խոնարհվել եգիպտական լրբի առաջ: Անտոնիոսի հրամանով Արտավազդը գլխատվեց: Անգամ հռոմեացի պատմիչներն են պարսավանքով խոսում Անտոնիոսի այդ նենգ արարքի մասին՝ միաժամանակ հիանալով հայոց արքայի վեհությամբ:

Արտաշեսին փոխարինեց նրա ոչ պակաս հայրենանվեր զավակը՝ Արտաշես Բ (մ.թ.ա. 34-20): Գահ բարձրանալով՝ Արտաշես Բ արքան հոր վրեժը լուծելու համար սրակոտոր արեց 30 հազար հռոմեացիների: Արտաշես Բ պատրաստվում էր խորտակիչ հարված հասցնել Հռոմի արևելյան տիրույթներին, բայց դավադրաբար սպանվեց Օգոստոս կայսեր նախաձեռնությամբ:

Արտաշես Բ անժառանգ էր, և Հռոմը որպես իր հարմար թեկնածու հայոց գահին բազմեցնում է նրա եղբորը՝ Տիգրան Երրորդին (20-8): Վերջինս, սակայն, հուսախաբ արեց Հռոմին: Հաստատվելով հայոց գահին, արհամարհելով հռոմեական շահը՝ վարեց լրիվ ինքնուրույն ու անկախ քաղաքականություն:

Տիգրան Երրորդին հաջորդեցին նրա զավակները՝ Տիգրան Չորրորդը և նրա քույր Էրատո թագուհին: Քույր ու եղբայր դարձյալ լիիրավ անկախ քաղաքականություն էին վարում Հայաստանում: Դա անհանգստացրեց Հռոմին, և հռոմեական զորքերը, մտնելով Հայաստան, գահընկեց արեցին Տիգրանին ու գահ բարձրացրին Արտավազդ Բ մյուս որդուն՝ Արտավազդ Գ-ին: Սակայն հայությունը չհանդուրժեց ազգային արժեքներից խորթացած հռոմեական դրածոյին հայոց գահին, և հայոց ավագանին ապստամբելով գահազուրկ արեց Արտավազդին, իսկ հռոմեական բանակներն արտաքսվեցին Մեծ Հայքից: Արտավազդ Երրորդը հռոմեական զորքերի հետ փախուստի դիմեց Հայաստանից և մահացավ ճանապարհին:

Սակայն Տիգրան Դ արքան զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում, իսկ Էրատո թագուհին հրաժարվեց գահից: Հետագայում՝ 11 թ., Էրատոն դարձյալ կարճ ժամանակով գահ բարձրացավ: Բայց նրա գահակալությունը երկար չտևեց, և Արտաշեսյանների փառահեղ թագավորությունը մարեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: