Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի. Մատաղված երջանկության ասպետը


  
դիտումներ: 10912

«Գրքի հրատարակման գործում ինձ շատ է օգնել Էլմիրա Մարտիրոսյանի «Մատաղված երջանկություն» երկսերիանոց ֆիլմը, էլի շատ կինոնկարներ»,- կարդացի գրքի վերջին նախադասությունը և ծնվեց այս վերնագիրը, , քանզի հենց այսպես ինձ ներկայացավ ազատամարտիկ, ըմբշամարտիկ, ժամանակին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահան Զատիկյանը: Ներկայացավ հավերժ 43 տարեկան, ներկայացավ իր հայրենի Ջավախքի Աբուլ սարի նման բարձր ու ջլապինդ, զորեղ ու համարձակ, բարի և խղճով, օրինապաշտ ու պահանջկոտ:

Ընդամենը 43 տարվա երկրային կյանք ապրեց նաև իմ բարեկամ ու ընկեր, Թումանյանի շրջխորհրդի պատգամավոր, ազատամարտիկ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Վահան Մելիքսեթյանը, որից էլ լսել էի գովեստի առաջին խոսքերը Վահան Զատիկյանի մասին:

Ուզում եմ շնորհակալ լինել հարգարժան ջավախեցի, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհանես Այվազյանին, որից էլ որպես անակնկալ նվեր ստացա Մելս Հարությունյանի «Վահան Զատիկյան. փոխհատուցում ցավով կամ մոռացությամբ» գիրքը: Գիրք-հուշարձան, որ հարազատի մտերմությամբ (Մելս Հարությունյանը Վահան Զատիկյանի քեռին է) ու ականատեսի (ես կասեի՝ մասնակցի) վկայությամբ մեզ է ներկայացնում Վահան Զատիկյանի առաջին աչքաբացը 1956 թվականի հոկտեմբերի 28-ին և նրա կյանքի բոլոր 43 գարունները, մեզ ուղղորդում դպրոց, մարզադպրոց, խորհրդային բանակ, ազատամարտ: Հետո գալիս են հույսի, հավատի, ազգին ծառայելու տարիները: Չկարողացա դիմանալ գայթակղությանն ու մեջ եմ բերում լոռեցի, քաղաքագետ-մեկնաբան Արծրուն Պեպանյանի խոսքը. «Վահանը մեծ գործեր չհասցրեց անել, բայց արեց անչափ մեծ մի գործ, որ ուրիշ ոչ մեկը դեռ չէր արել: Նա իր կյանքով ցույց տվեց, թե ինչ է նշանակում արժանապատիվ տղամարդ, ցույց տվեց, որ կարելի է ապրել խառնաշփոթ քաոսի մեջ ու մնալ պարկեշտ, որ կարելի է անցնել գայթակղության ճահճի միջով, բայց մնալ մաքուր: Նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի երկրի իսկական քաղաքացին ու իսկական հայը: Նա հայի այն տիպն էր, որի կարիքն այս երկիրը շատ է զգում և վաղուց: Վահանը փիլիսոփա չէր, բայց իր կյանքը փիլիսոփայի կյանք էր: Նա ապացուցեց, որ նյութի և ոգու կռվի մեջ կարելի է հաղթել նյութին, եթե ուժեղ ես»:

Մեկ այլ լոռեցի՝ ճանաչված մանկագիր Սուրեն Մուրադյանն էլ բանաստեղծում է.

Դու Ջավախքի խիզախ զավակ,

Մարդկանց համար այրվող բոց ,

Դու մաքառող հույսի նավակ՝

Օվկիանոսում ալեկոծ:

Սրանք տասնյակներով հաշվվող այն սրտաբուխ խոսքերից են, որոնք տեղ են գտել գրքի էջերում: Իր ուսուցիչներից մեկի հավաստմամբ՝ 150-ից ավելի բանաստեղծություններ, 20-ից ավելի երգեր են գրվել Վահան Զատիկյանի հիշատակին:

…Խոնավացած աչքերով, բայց մեկ շնչով կարդացի գրքի երկրորդ մասը՝ «Վահան Զատիկյան. վարձահատույց լացով կամ մոռացությամբ» գեղարվեստական պատումը և որոշեցի հոկտեմբերի 28-ին՝ Վահան Զատիկյանի 60-ամյա տարելիցին կամ դրան հաջորդող հանգստյան օրերին այցելել Եռաբլուր, ուր ժամանակին ոռոգման ջուր է հասել լուսահոգի Վահան Զատիկյանի ջանքերով ու փրկել հիշատակի ծառուղին: Հետո կգնամ հոգիս թեթևացնելու նրա անունը կրող զբոսայգում, հույսով, որ նրա կիսանդրին առանց պարբերաբար թարմացվող ծաղիկների չի լինում: Վերջում էլ մոմ կվառեմ մոտակա եկեղեցում՝ խնկարկելով նրա պայծառ հիշատակը:

Մի ուրիշ առիթով էլ կուզենամ այցելել նրա անվան դպրոց և իմ անձնական գրադարանից մի քանի գիրք նվիրել նրա գործը շարունակողներին:

Վաղարշակ Ղորխսմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: