Հայերեն   English   Русский  

​ Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն


  
դիտումներ: 647

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ ազատ ոճային ըմբիշները:

Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 63 կգ քաշային Արման Անդրեասյանը, ով ինչպես այստեղ անցկացրած իր նախորդ 3 գոտեմարտերում, այնպես էլ եզրափակչում, վճռորոշ պահին փայլուն գործեց ու համառ ջանքերի գնով 4:3 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի պատվիրակ Ինալ Ժոպուայի նկատմամբ՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:


46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը եզրափակչում 0:6 հաշվով զիջեց ռուս Ալիկ Խադարցևին և բավարարվեց արծաթե մեդալով: 2015 թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ով այս տարի ներկայացնում էր 54 կգ քաշային կարգը, եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց հույն մրցակցին և դարձավ արծաթե մեդալակիր:

Բրոնզե մեդալներին մոտ էին Արման Ավագյանը (76 կգ) և Աշոտ Ռուշանյանը (100 կգ), ովքեր պարտվեցին մրցանակային երրորդ տեղի համար պայքարում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի 2016 թ. առաջնությունում նվաճեց 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները մեդալներ կխաղարկեն հուլիսի 23-ին և 24-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: