Հայերեն   English   Русский  

​«Օլիմպիական յուրաքանչյուր մեդալ պատվաբեր կլինի բոլորիս համար».Դավիթ Խիթարյան


  
դիտումներ: 1840

Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ձյուդո մարզաձևում կներկայացնի 2016 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Գյումրեցի մարզիկն արդեն երրորդ անգամ է հանդես գալու օլիմպիական խաղերում:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը պատմում է մարզաձևում օլիմպիական ուղեգիր նվաճելու ընթացակարգի, Ռիո 2016-ում Հովհաննես Դավթյանի հնարավորությունների, ֆեդերացիայի կատարած աշխատանքների մասին:

- Ձյուդոյում օլիմպիական ուղեգիր ձեռք բերելը բավական դժվար է: Վարկանիշային միավորներ մարզիկները հավաքում են ողջ օլիմպիական ցիկլի ընթացքում՝ տասնյակ խոշորագույն մրցաշարերի մասնակցելով: Այդ մրցաշարերին մասնակցում են բոլոր հավակնորդ մարզիկները, որպեսզի իրենց վարկանիշային միավորներն ավելացնեն և հայտնվեն լավագույնների շարքում: Օլիմպիական ուղեգիր հասնում է վարկանիշային աղյուսակի լավագույն 22 ձյուդոյիստին: Հովհաննես Դավթյանը ուժեղագույն 22-ի մեջ 10-րդն է:

Կազանում կայացած Եվրոպայի առաջնությունում Հովհաննեսը բավական հաջող հանդես եկավ՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Նշեմ, որ տասնյակում տեղ զբաղեցնելը բավական լուրջ հայտ է օլիմպիական մեդալ ձեռք բերելու համար: Այդ առումով թե՛ Հովհաննեսի, թե՛ ֆեդերացիայի տրամադրվածությունը դրական է: Օլիմպիադայում լավագույն մարզավիճակով ներկայանալու համար տարվում են կանոնավոր աշխատանքներ: Առաջնորդվում ենք նախապատրաստական պլանով:

- Տարեսկզբին խոսվում էր նաև հավաքականի մյուս անդամների՝ Ֆերդինանտ Կարապետյանի ու ժաննա Ստանկևիչի՝ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունների մասին: Բայցևայնպես, նրանց չհաջողվեց բավարար միավորներ վաստակել:

- Ֆերդինանտ Կարապետյանի քաղաքացիության հարցը փոքր-ինչ ուշ լուծվեց: Եթե նա ավելի շատ մրցաշարերի մասնակցելու հնարավորություն ունենար, ապա անպայման կնվաճեր օլիմպիական ուղեգիր և տեղ կզբաղեցներ 22 մարզիկների շարքում:

Մեր մարզիկը պայքարելու համար ընդամենը մեկ տարի հնարավորություն ունեցավ՝ զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը: Արդյունքը բավական բարձր էր, պարզապես ժամանակը չբավականացրեց: Ֆերդինանտին խանգարեց նաև այն, որ ծանրաբեռնվածությունն էր շատ մեծ. մրցումների գրաֆիկը բավական խիտ էր: Այդ պատճառով էլ եղան մրցումներ, որոնք այնքան էլ հաջող չդասավորվեցին: Թեև տարբեր մրցաշարերի ընթացքում Ֆերդինանտին հաջողվեց հաղթել մի շարք բարձրակարգ մարզիկների: Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նա շատ հաջող հանդես եկավ՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Ժաննա Ստանկևիչը փորձառու մարզուհի է: Նա ամեն ինչ արեց ուղեգիր ձեռք բերելու համար: Ֆեդերացիան, մարզիչներն ու հովանավորներն անձնվիրաբար աշխատեցին նրա հետ: Կարծում եմ, որ Ժաննան աշխատեց իր հնարավորությունների սահմաններում:

- Նշեցիք, որ ձյուդոյում մարզիկները վարկանիշ են ձեռք բերում ողջ օլիմպիական ցիկլի ընթացքում: Կա՞ն մարզիկներ, որոնք արդեն իսկ 2020 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու տեսանելի հնարավորություններ ունեն:

- Բազմափորձ Հովհաննես Դավթյանի համար այս օլիմպիական խաղերը հավանաբար վերջինը կլինեն: Ցավոք, Հովհաննեսի պես բարձրակարգ մարզիկներ և նրան արժանի փոխարինողներ հավաքականում այս պահի դրությամբ դեռևս չկան:

Բավական դժվար և բարդ ճանապարհ է սպասելու մեզ և մարզիկներին: Բայց մենք չենք հուսալքվում, շարունակելու ենք աշխատել, նորանոր ձեռքբերումներ ունենալ: Հաճախ պատահում է, որ երիտասարդ մարզիկները շրջադարձային անցում են կատարում և սկսում են շատ հաջող հանդես գալ մեծահասակների պայքարում:

- Օլիմպիադայից առաջ մրցաշարերի անցկացման առումով սպորտում համեմատաբար պասիվ շրջան է: Մարզիկները, ըստ նախատեսված պլանի, շարունակո՞ւմ են մարզումները:

- Հովհաննես Դավթյանը օլիմպիադայից առաջ Սոչիում մասնակցեց վերջին ուսումնամարզական հավաքին: Այժմ նա նախապատրաստվում է հայրենիքում: Օգոստոսի 3-ին կմեկնի Ռիո:

Երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաքի է մասնակցում Բուդապեշտում: Պատրաստվում ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Պատանիները վերջերս են վերադարձել Թուրքիայից: Հուլիսի 11-18-ը Տրապիզոն քաղաքում կայացավ դպրոցականների 16-րդ համաշխարհային գիմնազիադան, որը դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսն է: Գիմնազիադային մասնակցել է 30 երկրների 2500 դպրոցական: Շատ լավ մասնակցեցին մեր մարզիկները: Ձյուդոյից 2 մեդալ ունեցանք՝ ոսկի և բրոնզ:

Բոլոր տարիքային հավաքականները, ըստ պլանի, մարզվում են, մասնակցում ուսումնամարզական հավաքների և մրցաշարերի:

- Ամառային օլիմպիական 31-րդ խաղերի պայքարում առաջիններից մեկը կներգրավվեն ձյուդոյիստները: Ինչպե՞ս կգնահատեք Հովհաննես Դավթյանի հնարավորություններն օլիմպիական խաղերում:

- Հովհաննեսը կամային բարձր որակներով օժտված փորձառու մարզիկ է, բազմաթիվ մրցաշարերի հաղթող և մրցանակակիր: Նա շատ հաջող հանդես եկավ Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում և մեդալ նվաճելու իրական հնարավորություններ ունի: Ցանկանում եմ, որ Ռիոյում էլ հաջողությունն ուղեկցի Հովհաննեսին և մեր բազամփորձ մարզիկը տուն վերադառնա հաղթանակով: Մեդալն ուրախալի և պատվաբեր կլինի ոչ միայն նրա, այլև ձյուդոյի ֆեդերացիայի և մարզասերների համար: Պատմական իրադարձություն կլինի, քանի որ ձյուդոյից Հայաստանը օլիմպիական մեդալ դեռևս չի ունեցել: Հուսանք, որ Հովհաննեսն առաջինը կլինի:

Ուրախալի փաստ է և մեծ ձեռքբերում, որ նման մեծ թիմով ենք մասնակցելու Ռիո 2016-ին: Օլիմպիական ողջ թիմին, բոլոր մարզիկներին հաջողություն եմ մաղթում: Ցանկալի է, որ նաև մեդալների քանակն ավելանա: Անկախ մարզաձևից, յուրաքանչյուր մեդալ շատ սպասված և պատվաբեր կլինի բոլորիս համար:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: