Հայերեն   English   Русский  

​Պատանի ըմբիշները փայլեցին Եվրոպայում


  
դիտումներ: 1256

Հուլիսի 20-24-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացավ ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ փայլուն հանդես եկան և մեդալներ նվաճեցին հունահռոմեական և ազատ ոճային ըմբիշները:

Մարզաձևի զարգացումն ու տարածումը խթանելու նպատակով Ըմբշամարտի համաշխարհային միությունը թույլ է տալիս պատանեկան առաջնություններում ընդգրկել 2-ական մարզիկ յուրաքանչյուր քաշային կարգում: Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացավ 32 մարզիկով:

Ստոկհոլմում ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը հանդես եկավ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ: Հայաստանը ներկայացնում էր 19 մարզիկ:

Մարզիչներն իրենց սաներին հաղթանակների էին տրամադրել: Պատանի ըմբիշները, մեծ ոգևորությամբ հանդես գալով, հաճելի ակնթարթներ պարգևեցին մարզաձևի երկրպագուներին: Հայաստանի պատվիրակները նվաճեցին 6 մեդալ (1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե): Ոսկե մեդալի արժանացավ 63 կգ քաշային Արման Անդրեասյանը:

Նվաճած 6 մեդալով Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով համապատասխան գավաթի:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը մրցագորգ դուրս եկավ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Երկօրյա պայքարում հունահռոմեական ոճի ըմբիշները վիճարկեցին ստուգատեսի 40 մեդալները: Հայաստանից մրցաշարին մասնակցեց 13 ըմբիշ, որոնցից 5-ին հաջողվեց մրցանակակիր դառնալ (2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ):

Մրցումային առաջին օրը 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային կարգերում խաղարկված 20 մեդալներից 4-ը նվաճեցին հայ պատանի ըմբիշները:

Մրցաշարում փայլուն հանդես եկավ ու համոզիչ հաղթանակներ տոնեց նաև հանրահայտ ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին՝ Մալխաս Ամոյանը: Պատանի մարզիկը հավասարը չունեցավ 69 կգ քաշային կարգում և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նշենք, որ 69 կգ քաշային կարգի եզրափակիչը «հայկական» էր: Ոսկե մեդալը վիճարկեցին Մալխաս Ամոյանը և Ալբերտ Եղիկյանը: 9:0 հաշվով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը:

Մինչ եզրափակիչ փուլ հասնելն Ամոյանը հաղթել էր գերմանացի, ռուս, թուրք և ադրբեջանցի մարզիկներին՝ ոչ մի միավոր չտալով նրանց (30:0):

Մրցումային երկրորդ օրը 54 կգ քաշային կարգի 30 ըմբիշների մրցապայքարին մասնակցած Շանթ Խաչատրյանը մեկը մյուսի հետևից վստահ հաղթանակներ տոնեց Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Թուրքիայի պատվիրակների նկատմամբ: Շանթը եզրափակիչ վճռորոշ գոտեմարտում համոզիչ առավելությամբ՝ 7:0 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ձիմիստարիշվիլուն՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Խաչատրյանն իր վերջին 3 գոտեմարտերում՝ քառորդ եզրափակչում, կիսաեզրափակչում և եզրափակչում, ընդհանուր առմամբ վաստակեց 24 միավոր՝ մրցակիցներին միավորներ վաստակելու հնարավորություն չտալով:

Մեդալների հաշվարկով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 33 երկրների ընտրանիների պայքարում հետ մնաց միայն Ռուսաստանի հավաքականից: Ռուսաստանի պատվիրակները նվաճեցին 11 մեդալ (3 ոսկե, 3 արծաթե, 5 բրոնզե): Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Շվեդիայում անցկացված ըմբշամարտի 2016 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 2 մրցաձևերից հայ մարզիկներին հաջողվեց նվաճել 11 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 3 բրոնզե, ինչը հնարավորություն է տալիս հավատալու մարզաձևի վաղվա օրվան և մեր մարզիկների գալիք հաղթական ելույթներին:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: