Հայերեն   English   Русский  

​«Հայաստանում քեզ երբեք դրսում չեն թողնի». ֆրանսահայ հայրենադարձ


  
դիտումներ: 10556

Անաիս Սանսոնետին երիտասարդ հայ ճարտարապետ է, որն արդեն մեկ տարի է՝ ապրում և աշխատում է Հայաստանում ու իրեն համարում է հայրենադարձ հայ: Նա ծնվել է Փարիզում 1985 թ.: Մայրը պարսկահայ է, որի նախնիները Պարսկաստանի հին հայկական ընտանիքներից էին: Հայրը մոր կողմից հայ է, հոր կողմից՝ կորսիկացի: Ծանոթացել են ուսանողական տարիներին, Լոնդոնում, որտեղ հաճախում էին «Հայ տուն» հայկական կազմակերպություն: Նրանք ամուսնանում են ու տեղափոխվում Փարիզ:

Հետաքրքիրն այն է, որ հատկապես հայրը մեծ կարևորություն էր տալիս երեխաների հայկական կրթություն ստանալուն, և քանի որ ինքը լավ հայերեն չգիտեր, ուզում էր, որ գոնե երեխաները լիարժեք հայերեն սովորեն: Ուստի, բնակարան են գնում հենց հայկական դպրոցի մոտ, որտեղ էլ Անաիսը սովորում է մինչև 14 տարեկանը (այն ժամանակ այդ դպրոցում կրթությունը մինչև այդ տարիքն էր):

Առաջին անգամ Անաիսն ընտանիքի հետ Հայաստան է գալիս 1996 թ., երբ ընդամենը 9 տարեկան էր: Հիշում է՝ իջևանել էին ներկայիս Հյուսիսային պողոտայի տարածքում, որտեղ այն ժամանակ դեռ սեփական տներ էին: Հետաքրքիր է, որ հենց առաջին այցի ժամանակ նրանք նաև Արցախ են մեկնում, ուր պատերազմի հիշողությունը դեռ շատ թարմ էր: Առհասարակ այն ժամանակ Արցախում արտառոց էր Եվրոպայից հյուրեր ընդունելը: Անաիսը հիշում է, որ ապրում էին պատահական մարդկանց տանը, որոնք ուրախությամբ հյուրընկալել էին իրենց ու կիսում էին մեծ դժվարությամբ հայթայթած մի կտոր հացը: Հիշում է՝ ապրիլ ամիսն էր, սարերում դեռ ձյուն կար, մի օր էլ մեքենան փչանում է ու մնում կես ճանապարհին, և իրենք գիշերն անց են կացնում զինվորների հետ: Այդուհանդերձ, առաջին այցն Արցախ ամենատպավորիչն էր նրա կյանքում: «Հայաստանը հենց դրանով է տարբերվում, որ մարդիկ շատ հյուրընկալ են, քեզ երբեք դրսում չեն թողնի, դա անկարելի է: Մենք մնում էինք անծանոթ մարդկանց տանը, որոնք մեզ համար ասես հարազատ լինեին»:

Անաիսն Արցախը շատ է սիրում և հաճախ է գնում այնտեղ: Միայն շատ է զարմանում, երբ Հայաստանում հանդիպում է մարդկանց, որոնք երբևէ չեն եղել Արցախում: «Դա ինձ համար ամենամեծ շոկն է: Ես միանգամից այդ մարդկանց խոսք եմ տալիս, որ անպայման տանելու եմ: Ո՞նց կարելի է ապրել Հայաստանում ու չտեսնել Արցախը, որի համար այդքան պայքար է եղել»:

Փարիզում հայկական դպրոցն ավարտելուց հետո Անաիսն ընդունվում է միջազգային դպրոց, ապա բժշկական համալսարան: Սկզբում հետաքրքրված էր բժշկությամբ, սակայն որոշ ժամանակ անց հասկանում է, որ դա իրենը չէ, և ուսումը կիսատ թողնելով՝ ընդունվում է Լուվրի արվեստի դպրոց, ապա ճարտարապետական համալսարան:

Ստանալով լուրջ կրթություն՝ նա աշխատանքի է անցնում նախ Փարիզի ճարտարապետական ընկերություններից մեկում, ապա աշխատանքային հրավեր է ստանում Քաթարից: 2011-2015 թթ. Անաիսն ապրում ու աշխատում է Քաթարում: Հենց այնտեղ էլ ծանոթանում է Ճարտարապետների համահայկական ընկերակցության համահիմնադիրներ Վահե և Գոհար Թութունջյանների հետ: Նրանք Քաթարում հիմնել էին ճարտարապետական ընկերություն, և Անաիսը վերջին մեկ տարում աշխատում է նրանց մոտ:

2015 թ. հոկտեմբերին Թութունջյանները պետք է գային Հայաստան, այստեղ ամեն տարի համահայկական ճարտարապետական գիտաժողով էին կազմակերպում: Անաիսը նրանց հետ գալիս է Հայաստան, որպեսզի ծանոթանա հայկական ճարտարապետական հանրության հետ և հնարավորության դեպքում աշխատանք գտնի ու մնա: Այդ ժամանակ նա Հայաստանում իր համար բացահայտում է «Թումոն» և այնքան է հավանում, որ դիմում է` թեկուզ ժամանակավոր աշխատանք կատարելու համար: Նա կրթական ծրագիր է ներկայացնում կենտրոն հաճախող պատանիների համար, որը հավանության է արժանանում, և նա մեկուկես ամիս մնում է Հայաստանում՝ ծրագիրն ամփոփելով հետաքրքիր ցուցահանդեսով: Ծրագիրն ավարտելուց հետո վերադառնում է Ֆրանսիա, ծնողների մոտ, որոնցից արդեն 5 տարի կտրված էր: Սակայն 2 շաբաթ էլ չէր անցել, ինչ Փարիզում էր, երբ նրան «Թումոյից» մշտական աշխատանք են առաջարկում: Անաիսը մեծ ուրախությամբ վերադառնում է Հայաստան` այս անգամ արդեն այստեղ ապրելու հաստատ մտադրությամբ:

Անաիս

Ապրելով Ֆրանսիայում, Քաթարում, ԱՄՆ-ում և հիմա արդեն Հայաստանում՝ նա կարողանում է համեմատություններ անել իրարից խիստ տարբեր այս երկրների միջև ու մշտապես ապրելու նախընտրությունը տալ Հայաստանին: Հայաստանը նրա համար հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ կողք- կողքի ապրում են հայեր աշխարհի տարբեր երկրներից՝ յուրաքանչյուրն իր յուրահատկությամբ ու արժեքներով:

Իսկ Երևանն անգնահատելի քաղաք է համարում նախևառաջ քաղաքաշինական տեսանկյունից, իր հարմարավետությամբ ու հասանելիությամբ: Նրան դուր է գալիս, երբ փողոցում ամեն քայլափոխի կարելի է ծանոթներ տեսնել, ողջունել, քայլելով հասնել ամեն տեղ: Առհասարակ, նա այստեղ բարձր է գնահատում քայլելու մշակույթը, ինչը տեսել է միայն Իսպանիայում:

Իսկ ապահովության տեսանկյունից Անաիսի համար Հայաստանն ամենալավ տեղն է: Նա առավելություն է համարում նաև այն, որ աշխատանքից հետո մարդիկ հասցնում են դուրս գալ, հանդիպել ընկերների հետ, սրճարան գնալ, իսկ Եվրոպայում դա քչերին է հասանելի. նախ՝ կյանքն ավելի լարված է, մարդիկ ժամանակ չունեն, բացի այդ, նման բաներն այնտեղ ավելի թանկ հաճույք են: «Եթե ես հիմա Եվրոպայում աշխատեի, իմ աշխատավարձով անգամ չէի կարողանա առանձին բնակարան վարձել, հոգալ ուտելիքի, տրանսպորտի, ինտերնետի և մյուս բոլոր ծախսերը»,-խոստովանում է նա:

Իսկ ամենամեծ առավելությունը Հայաստանում, ըստ նրա, ընտանեկան արժեհամակարգն է, որը Եվրոպայում օրըստօրե վերանում է: «Ես այստեղ ընտանիքիս հետ չեմ, մենակ եմ, բայց երբեք ինձ մենակ չեմ զգացել: Ապահով եմ, գիտեմ, որ եթե մի բան լինի` ինձ հաստատ կօգնեն, մենակ չեն թողնի: Այստեղ կարծես բոլորը քո հարազատներն են. Եվրոպայում նման բան չկա»:

Խոսելով Հայաստանի խնդիրների մասին՝ միայն նշում է, որ երբեմն դրսից եկածից փորձում են ամեն կերպ ավելի շատ փող պոկել՝ մտածելով, թե «նրա փողը օդից է գալիս»: «Ինձ համար դա անընդունելի է, որովհետև ես 20 տարի առաջ Հայաստանում նման բան չեմ տեսել: Մարդիկ մեզ պահում էին իրենց տանը, կերակրում, երբ իրենք էլ չունեին, բայց դրա համար փող չէին ուզում: Դե հասկանալի է, 20 տարվա ընթացքում որոշ մարդիկ էստեղ շատ հարստացել են, մյուսները՝ մնացել աղքատ, և ամեն մեկը փորձում է տորթի մի մասն իր կողմը քաշել: Բայց մեկ է, ես գիտեմ, որ հայն էդպիսին չէ, իսկական հային ես տեսել եմ դեռ 20 տարի առաջ»:

Անաիսի ընտանիքն անցյալ տարի Երևանում բնակարան է գնել, որն էլ ավելի կսերտացնի ընտանիքի կապը հայրենիքի հետ: Ծնողներն ուրախ են, որ նա Հայաստանում է: Ասում է, որ քույրը նույնպես շատ է սիրում Հայաստանը և ուզում է տեղափոխվել, իսկ ծնողները բնակարան գնելուց հետո գոնե տարվա մի մասը կապրեն այստեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: