Հայերեն   English   Русский  

Ճգնաժամի հաղթահարման «Չորսի նախաձեռնության» առաջարկած ուղիները


  
դիտումներ: 268

"Երկիրն այսօր կանգնած է պայթյունավտանգ իրավիճակի առջև, և մենք այսօր ոչ թե ուզում ենք գնահատականներ ու քննադատություններ հնչեցնել, այլ առաջարկել իրավիճակից հնարավորինս թավշյա ձևով դուրս գալու տարբերակներ,-այսօր "Ճգնաժամի հաղթահարման ուղիները" թեմայով Չորսի նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելելով, սակայն, որ իրենց առաջարկները վերջնական դեղատոմս չեն:

Չորսի նախաձեռնողներն են Ավետիք Իշխանյանը, ԱՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:

Նախաձեռնողները հենց սկզբից նշեցին, որ իրենք ընդամենը առաջարկում են խնդրի լուծման իրենց տարբերակները՝ ակնկալելով, որ քննարկման ընթացքում դրանք կփոփոխվեն, կլրացվեն ներկաների կողմից:

Նախաձեռնողները քննարկման համար առաջարկեցին հետևյալ թեզերը.

1.Վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հրատապ քայլեր

2.Կարճաժամկետ հրատապ քայլեր:

Վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հրատապ քայլերը նրանք համարում են.

-Քաղբանտարկյալների ազատ արձակումը

-Հուլիսի 17-ից սկսած բոլոր բերման և կալանքի ենթարկվածների ազատ արձակումը

-ՊՊԾ գնդի տարածքում գտնվողների սննդի, բուժօգնության հարցի լուծումը

-Անհապաղ հրապարակային և արդյունավետ քննության իրականացումը ոստիկանական կազմակերպված բռնությունների ու ապօրինի գործողությունների վերաբերյալ

-Տարածքը լքելու պայմանների շուրջ «Սասնա ծռերի» ՊՊԾ տարածքում գտնվող անդամների հետ բանակցույթունների վերսկսումը

-Բազմակողմանի և օբյեկտիվ քննության ոստիկանության գնդապետ Ա. Վանոյանի սպանության գործով՝ ներառելով միջազգային և հասարակական անկախ փորձագետների:

Որպես կարճաժամկետ հրատապ քայլեր՝ նրանք առաջարկում են.

-Կոռուպցիայի դեմ անկած հանձնաժողովի ձևավորումը, որտեղ ներառված կլինեն հանրության վստահությունը վայելողմ կոռուպցիայի դեմ պայքարում հմտություններ և կարողություններ ունեցող լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ

-Կառավարության փոփոխություն, գործունեությունը՝ որպես ժամանակավոր կառավարություն

-Ոստիկանության, ԱԱԾ պետերի հրաժարական

-Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի վերակազմավորում՝ որպես նախարարություններ

Նախաձեռնության անդամներն առաջարկում են նոր ընտրությունների կազմավորման համար անհրաժեշտ քայլերը.

-Ընտրական նոր օրենսգրքի ընդունում

-ԿԸՀ լուծարում և հանրության վստահությունը այելող նոր կազմի ձևավորում

-ՀՌԱՀ հանձնաժողովի լուծարում և հանրության վստահությունը վայելող, լրագրության և խոսքի ազատության բնագավառներում գործունեություն ծավալած լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավում

-Արցախի հետ կապված բանակցային գործընթացի թափանցիկություն և առկա փաստաթղթերի հրապարակում:

Արթուր Սաքունցի խոսքով, իրենց կողմից առաջարկված քայլերն ունեն մեկ միտում՝ իրավիճակից դուրս գալու և հանրային օրակարգ ձևավորելու ճանապարհային քարտեզի մշակում. «Կարևոր է երկխոսության և համերաշխության ձևավորումը»,-նշեց նա:

Զարուհի Հովհաննիսյանն էլ այսօրվա իրավիճակը համարեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո համապատասխան քայլեր չանելու հետևանք՝ նշելով, որ գոնե ուշացումով այդ քայլերը պետք է սկսել այսօր:

Քննարկահը ներկա էին նաև քաղաքագետներ: Ի տարբերություն քաղաքագետ Արա Պապյանի, որը համոզված է, որ նման քննարկումներն ու փաստաթղթերը օգտակար են, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ այն կյանքի չի կոչվի, քանի դեռ իշխանությունները կտրված են իրականությունից: Ավելին, քաղաքագետը համոզված է, որ իշխանության վերին օղակներն ունեն հստակ սկզբունք այս հարցի վերաբերյալ. այն է՝ չգնալ որևէ զիջման, քանի որ դա կարող է դիտվել իբրև թուլություն և ճանապարհ հարթել նման ճանապարհով խնդիրների բարձրաձայնման համար:

Այնուամենայնիվ, քննարկան մասնակիցները փաստեցին, որ անհրաժեշտ է լայն հասարակական կոնսոլիդացիա այս իրավիճակից դուրս գալու և երկրի առջև ծառացած խնդիրների հետագա լուծման համար: Որոշվեց առաջիկայում կազմակերպել առավել լայն քննարկում՝ հասարակության ավելի լայն շերտերի մասնակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: