Հայերեն   English   Русский  

Մերոնք Ռիոյում. մասնակիցներ և սպասելիքներ


  
դիտումներ: 2843

Հայաստանի Օլիմպիական պատվիրակության անդամներն արդեն Բրազիլիայում են: Նրանք նախապատրաստվում են օլիմպիական խաղերին և ունեն լուրջ հավակնություններ:

Մեր մարզիկները մասնակցելու են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված 28 մարզաձևերից 8-ին. ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, մարմնամարզություն, ձյուդո, հրաձգություն, լող, աթլետիկա: Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցելու է աննախադեպ ներկայացուցչական կազմով՝ 33 մարզիկ, ինչպես նաև պահեստային համարվող 2 ծանրորդ:

Մարզիկներից 30-ը Ռիո դե Ժանեյրոյի խաղերին մասնակցում են անձնական ցուցանիշներով ձեռք բերված վարկանիշների շնորհիվ: Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկվել են նաև սպիտակ քարտով հադես եկող հրաձգություն (1 մարզիկ) և լող (2 մարզիկ) մարզաձևերի ներկայացուցիչներ:

Մեր երկրի օլիմպիական հավաքականը Ռիո 2016 կներկայանա հետևյալ կազմով.

հունահռոմեական ոճի ըմբշամարտ՝ Միհրան Հարությունյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ),

ազատ ոճի ըմբշամարտ՝ Գառնիկ Մնացականյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գեորգի Կետոև (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ),

սպորտային մարմնամարզություն՝ Հարություն Մերդինյան (նժույգաթափեր), Արթուր Դավթյան (բազմամարտ), Հուրի Գեբեշյան (բազմամարտ),

բռնցքամարտ՝ Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ),

աթլետիկա՝ Ամալյա Շառոյան (հեռացատկ), Դիանա Խուբեսերյան (վազք 200 մ), Գայանե Չիլոյան (վազք 200 մ), Լիլիթ Հարությունյան (արգելավազք 400 մ), Լևոն Աղասյան (եռացատկ), Գոռ Ներկարարյան (հեռացատկ),

ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան (77 կգ), Առաքել Միրզոյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ), Վանիկ Ավետիսյան՝ պահեստային (69 կգ), Նազիկ Ավդալյան (69 կգ), Քրիստինե Պետրոսյան (63 կգ), Սոնա Պողոսյան՝ պահեստային (75 կգ),

ձյուդո՝ Հովհաննես Դավթյան (66 կգ),

հրաձգություն՝ Հրաչ Բաբայան (10 մ),

լող՝ Վահան Մխիթարյան (50 և 100 մ ազատ ոճ), Մոնիկա Վասիլյան (50 և 100 մ ազատ ոճ):

Հարավային Ամերիկայում առաջին անգամ անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր շքերթում Հայաստանի դրոշը տանելու պատիվը վստահվել է լողորդ Վահան Մխիթարյանին:

Հասկանալի է, որ նման մեծ մրցաշարերից առաջ հաշվարկվում են մասնակիցների հնարավորությունները՝ ուրվագծելով նրանց հնարավորությունները: Կանխատեսումներ անել, բնականաբար, չարժե: Հիմնվելով մեր օլիմպիականների անցած ուղու, գրանցած վերջին արդյունքների վրա՝ կարող ենք որոշակի պատկերացում կազմել նրանց հնարավորությունների մասին:

Հենակետային համարվող մարզաձևերին (ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ) վերջին շրջանում գրանցած լուրջ հաջողություններին ավելացավ նաև սպորտային մարմնամարզությունը: Այս մարզաձևերում հանդես եկող մարզիկներից շատերը հաջող հանդես գալու և մեդալ նվաճելու լուրջ նախադրյալներ ունեն: Աշխատելով փորձառու և հմուտ մասնագետների հետ, տարբեր վայրերում անցկացնելով ուսումնամարզական հագեցած հավաքներ՝ օլիմպիական թիմի անդամները ֆիզիկական փայլուն պատրաստվածությամբ և բարձր տրամադրությամբ են մոտեցել օլիմպիական խաղերին: Հանգամանքների հաջող դասավորության, օբյեկտիվ մրցավարության դեպքում միանգամայն իրական են օլիմպիական մեդալներ նվաճելու հույսերը:

Արդարության համար նշենք, որ հայաստանցի աթլետները և լողորդները Բրազիլիա են մեկնել՝ առաջնորդվելով օլիմպիական կարգախոսներից մեկով՝ «կարևորը մասնակցությունն է»:

Օլիմպիական խաղերի բացման արարողության հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին, պայքարի մեջ են մտնելու 4 հայաստանցի մարզիկներ՝ ձյուդոյիստ Հարություն Դավթյանը, մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը:

Ռիո 2016-ում Հայաստանն ունենալու է 72 հոգանոց պատվիրակություն: ՀԱՕԿ-ի ղեկավարը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ շեշտելով, որ հասունացել է օլիմպիական նոր չեմպիոններ ունենալու պահը:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ներկայանում ենք 33 մարզիկով: Սա հրաշալի արդյունք է: Ազգը ձեզանից հաղթանակներ է սպասում: Առաջին հերթին դուք ձեր երկրի և հայրենիքի համար եք հաղթելու: Ձեր կողքին ենք լինելու և աջակցելու ենք ամեն ինչով: Հասունացել է օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պահը: Մենք շատ երկար ենք սպասել բաղձալի ոսկուն: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, բարի ճանապարհ և Աստված ձեզ պահապան»,-իր ուղերձում նշել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մնում է հուսալ, որ մեր մարզիկները կկարողանան լիարժեք դրսևորել իրենց հնարավորությունները Ռիո 2016-ում, և 20 տարի ընդմիջումից հետո օլիմպիական խաղերում բաղձալի և երկար սպասված ոսկե մեդալ կունենանք:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: