Հայերեն   English   Русский  

Կատարվել են փոփոխություններ ավագ դպրոցների կայացման ու կրթության որակի բարելավման համար


  
դիտումներ: 2521

2015-2016 ուսամնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ուսումնական պլաններում և հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք "Արմենպրես" մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ փոփոխություն է կատարվել ավագ դպրոցի ուսումնական ծրագրում. այս ուսումնական տարվանից սկսած ավագ դպրոցների աշակերտները երկրորդ կիսամյակում հնարավորություն կստանան ընտրել առնվազն 3 առարկա՝ այն առարկաները, որոնք նրան անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար. "Այժմ քննարկվում է նաև ավարտական քննությունների կրճատման հարցը: Ամենայն հավանականությամբ ավագ դպրոցում 12-րդ դասարանցիները 6-ի փոխարեն կհանձնեն 3 ավարտական քննություն՝ "Հայոց լեզու և հայ գրականություն", "Մաթեմատիկա", "Հայ ժողովրդի պատմություն" առարկաներից: Սովորողները նշված առարկաներից ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերին, որպեսզի դրանից հետո հնարավորություն ունենան պատրաստվել բուհական քննություններին: Իսկ արդեն երկրորդ կիսամյակում սովորողը նշված երեք առարկաներից որևէ մեկը, կամ դրանք բոլորը միասին կարող է իր ընտրությամբ ուսումնասիրել, եթե դրանք նրան անհրաժեշտ են միասնական քննությունների ժամանակ",- պարզաբանել է Ն. Հովհաննիսյանը:

Փոփոխություններ է կատարվել նաև տնօրենների հավաստագրման կարգում: Այն տնօրենները, ովքեր արդեն հավաստագիր են ստացել, երկրորդ անգամ հավաստագրման քննություն չեն հանձնի՝ նրանք հավաստագիր կստանան վերապատրաստումների միջոցով. "Այսինքն նույն անձը 5 տարին մեկ քննություն չի հանձնելու: Եթե նա մեկ անգամ արդեն հանձնել է այդ քննությունը՝ բանավոր և գրավոր, հետագայում նա հավաստագիր կստանա վերապատրաստման արդյունքում: Այս փոփոխությունը կատարվել է մանկավարժների և տնօրենների առաջարկությամբ": Փոփոխություն է նախատեսվում նաև ուսուցիչների ընտրության մրցութային կարգում. Նախատեսվում է պարզեցնել ընթացակարգը: Ըստ այդմ` ուսուցչի ընտրությունը կկատարվի միայն հարցազրույցի միջոցով և եթե առաջին անգամ մրցույթը չկայանա կամ հաղթող չճանաչվի, ապա դպրոցը նոր մրցույթի կազմակերպման ժամանակ կրկին հայտարարություն տալու պարտավորություն չի ունենա, քանի որ դա բացասաբար է անդրադառնում դպրոցների բյուջեների վրա:

Նարինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև 113 դպրոցների 5-րդ, 6-րդ դասարաններում ներդրված "Ազգային երգ ու պար" առարկայի դասավանդման ծրագրին, նշելով, որ առարկան կդասավանդվի նաև 7-րդ դասարանում, որի ծրագիրն արդեն ներկայացվել է հաստատման: "Միկրոէլեկտրոնիկա" առարկա ներդրած 10 դպրոցներին կավելանա ևս 5-ը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ն. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով այս ուսումնական տարում հանրապետության դպրոցներ կհաճախեն շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ: Ի պատասխան կրկնուսույցների գործունեությանը վերաբերող հարցին՝ Ն. Հովհաննիսյանը նշել է, որ իրականացված փոփոխությունենրը որևէ անձի կամ ինստիտուտի դեմ ուղղված չեն, դրանք արվել են ավագ դպրոցների համակարգի կայացման ու կրթության որակի բերելավման նկատառումով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: