Հայերեն   English   Русский  

Գյումրու տնակային մանկապարտեզները՝ ձմռան նախաշեմին


  
դիտումներ: 1245

Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 24 մանկապարտեզ, որոնցից 4-ը տնակային են, 2-ը մոդուլային, մյուսները՝ քարաշեն: Գրեթե բոլոր հաստատություններում նորոգման աշխատանքների անհրաժետություն կա: Քաղաքապետարանն աշխատում է ՙՓրկենք երեխաներին՚ կազմակերպության հետ, որի միջոցներով չորս մանկապարտեզում դուռ ու պատուհանի վերանորոգման խնդիրներ է լուծվել:

ՙԿան նաև քարաշեն մանկապարտեզներ, որոնք վատթարային պայմաններում են, և շենքը փրկելու, հետագայում ավելի բարեկեցիկ դարձնելու համար, լուրջ ծրագիր կա, որի շուրջ դեռ բանակցում ենք՚, - ասում է Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սուլթանյանը:

Քաղաքի այս տարվա բյուջեն մանկապարտեզներում աշխատանքներ կատարելու համար միջոցներ չի նախատեսել. այս տարի որոշակի նորոգման աշխատանքներ կատարվում են մշակութային օջախներում ու մարզադպրոցներում: ՙԲայց հնարավորության դեպքում քաղաքապետարանը յուրաքանչյուր նախակրթարանի որոշակի գումարներ հատկացրեց, որպեսզի ընթացիկ հրատապ վերանորոգումներ կատարեն՚, - ասում է Հ.Սուլթանյանը:
Կրթության բաժնի պատասխանատուն հայտնում է, որ դիմել են մանկապարտեզների տնօրեններին՝ ներկայացնել շենքերի պահպանման հրատապ խնդիրները: Դրանք ուսումնասիրելուց հետո փորձելու են ներառել հաջորդ տարվա բյուջեի մեջ:
ՙԱնկախ՚-ը հետաքրքրվեց, Գյումրիում արդեն ձմռան շունչը զգացվում է, որքանո՞վ են քաղաքի մանկապարտեզները պատրաստ ջեռուցման սեզոնին: Հայկ Սուլթանյանը վստահեցնում է՝ մեր մանկապարտեզները պատրաստ են սեզոնին. ՙԾնողական վճարները բաժանված են երկու մասի՝ մեկը սննունդի համար է, մի մասն էլ՝ կոմունալ ծախսերի՚:
Գյումրիում մանկապարտեզները վճարովի են, քաղաքապետարանն ամենաբարձր գինը սահմանել է 8000 դրամը, սակայն գործում է նաև զեղչային համակարգ: Հ.Սուլթանյանը նաև նշեց, օրինակ նախորդ տարի, որոշակի խնայած միջոցներ կային, որոնց հաշվից էլ քաղաքապետարանը փոխանցել է նախակրթարանների էլեկտրաէներգիայի և կոմունալ այլ վճարների ծախսեր:
Այսօր Գյումրու մանկապարտեզները, բարեբախտաբար, հրաժեշտ են տվել հեղուկ վառելիքով տաքանալու մեխանիզմին, բոլոր նախակրթարանները ջեռուցվում են գազով՝ որոշները ջեռուցման համակարգով, մյուսներն էլ՝ գազի վառարաններով: Քաղաքապետարանն ու առանձին նախակրթարաններ նաև հովանավորներ են փնտրում վերը նշված խնդիրներն արագ լուծելու համար: Քաղաքապետարանից նաև հայտնում են՝ տնակային մանկապարտեզների համար նոր շենքեր կառուցել, կամ նոր մանկապարտեզներ հիմնել համայնքի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս: Նախակրթարաններն ամենածախսատարն են, և հազիվ են կարողանում դրանք պահել առանց կրճատումների:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: