Հայերեն   English   Русский  

Անհայտ կորածները եւ նրանց հարազատները շարունակում են մնալ իրավական եւ տեղեկատվական անորոշության մեջ


  
դիտումներ: 459

Օգոստոսի 30-ը 1982 թ.-ին առաջին անգամ Լատինական Ամերիկայում հռչակվեց որպես Անհայտ կորածների միջազգային օր: Այսօր այդ օրը նշվում է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ Անհայտ կորածների միջազգային օրը միաժամանակ նշվել է 2004 թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից՝ Երեւան, Վանաձոր, Ստեփանակերտ, Բաքու, Գյանջա, Թբիլիսի քաղաքներում:

Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2015 թ.-ի ներկայացրած տվյալների՝ Կազմակերպության՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակներում հաշվառվել են 4496 անհայտ կորած անձինք, որոնցից 405-ը՝ Հայաստանից, 372-ը՝ Լեռնային Ղարաբաղից:

Ըստ ՀՀ պաշտոնական տվյալների՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ:

2016 թ-ի ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմի առաջին օրերին անհայտ կորած համարվեցին 18 զինծառայող, որոնց ճակատագրի եւ գտնվելու վերաբերյալ տվյալները հրապարակվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից մարմինների հանձնման արդյունքում:

Ապրիլյան քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ օրակարգ վերադարձրեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը կարող է ունենալ եւ կանխարգելիչ նշանակություն, եւ հնարավորություն տալ ապահովելու անհայտ կորածների հարազատներին՝ անհայտ կորածների ճակատագրի եւ գտնվելու վայրի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ անհայտ կորածների հարազատների այլ իրավունքների պաշտպանությունը:

Փաստ է, որ մինչ օրս գոյություն ունեցող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված իրավական կարգավորումները արդյունավետ չեն, ապահովված չեն անհայտ կորածների հարազատների տեղեկացված լինելու իրավունքը, սոցիալական, հոգեբանական, իրավական եւ այլ աջակցության հնարավորությունները, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են ոչ հրատապ համարել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումը:

Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության նպատակով 2001 թ-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Երկարատեւ գործողությունների արդյունքում 2010 թ-ի մարտին «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի համակողմանի մշակման հարցը ընդգրկվեց պետական մարմինների օրակարգում: 2010 թ-ի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որում ներգրավվեցին մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարերի նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի շարունակական հետաձգման վերաբերյալ՝ եւս մեկ անգամ արձանագրելով, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի անհայտ կորած քաղաքացիների եւ նրանց հարազատների առջեւ՝ ընդունելով համապատասխան օրենք: Միաժամանակ, վերստին հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Ժնեւյան կոնվենցիաների մասնակից պետություն, պարտավոր է ստեղծել համապատասխան օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բազա Ժնեւյան կոնվենցիաներով եւ դրանց լրացուցիչ արձանագրությամբ:

Օրենքի ընդունմամբ եւ կիրառմամբ միայն պետությունը ապահոված կլինի իր պատասխանատվությունը անհայտ կոերածների եւ նրանց հարազատների իրավունքների պաշտպանության բնագավառում:

Ի դեպ, ՀՀ պարտավորությունը ընդունելու օրենքը ամրագրված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետի համապատասխան 2007 թ-ի մարտի 7-ի զեկույցում:

Ողջունում ենք Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից անհայտ կորածների խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը եւ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է համապատասխան ջանքեր կիրառի որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն նշված բանաձեւի եւ մոտեցումների ապահովման ուղղությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: